Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի ընտրական հարցերով զբաղվող «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» կազմակերպությունը՝ ISFED-ը, հայտարարել է, որ 2025-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության եկամուտները գերազանցել են մյուս բոլոր կուսակցությունների եկամուտները միասին վերցրած։ Զեկույցի համաձայն՝ 2025-ին բոլոր քաղաքական կուսակցությունների ընդհանուր եկամուտը կազմել է մոտ 49 միլիոն լարի (18,3 միլիոն դոլար), որից ավելի քան կեսը բաժին է ընկել «Վրացական երազանքին»։
ISFED-ի բնորոշմամբ՝ «քաղաքական ֆինանսավորման անհավասար հասանելիության» պայմաններում իշխող կուսակցությունը 2025-ին ստացել է ընդհանուր առմամբ 26,5 միլիոն լարի (9,9 միլիոն դոլար) եկամուտ։ Մյուս բոլոր կուսակցությունները միասին ստացել են 22,5 միլիոն լարի (8,4 միլիոն դոլար)։
«Վրացական երազանքին» հաջորդում են նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 9,4 միլիոն լարիով (3,5 միլիոն դոլար), և «Լելոն»՝ գրեթե 8 միլիոն լարիով (2,9 միլիոն դոլար)։ Վրաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է մոտ 1,5 միլիոն լարի (560 հազար դոլար), «Հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ մոտ մեկ միլիոն լարի (374 հազար դոլար), իսկ մյուս բոլոր կուսակցությունները ստացել են մեկ միլիոն լարիից պակաս։
2024-ի վիճահարույց խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքից» հետո երկրորդ տեղը զբաղեցրած «Փոփոխությունների կոալիցիան» ստացել է մոտ 187 հազար լարի (70 հազար դոլար)։
Խոսելով ընդդիմադիր կուսակցությունների սահմանափակ ֆինանսական հնարավորությունների մասին՝ ISFED-ը նշել է, որ որոշ ընդդիմադիր խմբերի եկամուտները մեծապես կախված են եղել միանվագ գործարքներից։ Օրինակ՝ եկամուտների ծավալով երկրորդ խոշոր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», իր եկամուտների 95 տոկոսը ստացել է գույքի, այդ թվում՝ գրասենյակի վաճառքից։ Նույն կերպ, Հանրապետական կուսակցության ամբողջ 2025-ի եկամուտը ձևավորվել է գրասենյակային տարածքի վաճառքից։
Ինչպես նախորդ տարիներին, նվիրատվությունները մնացել են եկամուտների հիմնական աղբյուրը՝ կազմելով ընդհանուրի 55 տոկոսը՝ 27 միլիոն լարի (մոտ 10 միլիոն դոլար)։
Բոլոր նվիրատվությունների ավելի քան երկու երրորդը՝ շուրջ 67 տոկոսը, բաժին է հասել իշխող կուսակցությանը, որը նախորդ տարի ֆիզիկական անձանցից ստացել է 18 միլիոն լարի (6,7 միլիոն դոլար)։ Ինչպես նախորդ տարիներին, 2025-ին «Վրացական երազանքին» նվիրատվություն կատարածների թվում եղել են նաև այն գործարարները, որոնք նախկինում աջակցել էին «Միացյալ ազգային շարժմանը», երբ այն իշխանության էր։ Նվիրատվությունների երկրորդ խոշոր ստացողը «Լելոն» էր՝ 7,7 միլիոն լարիով (2,9 միլիոն դոլար)։
Պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է կուսակցական եկամուտների 18 տոկոսը, իսկ մնացած 27 տոկոսը ձևավորվել է այլ աղբյուրներից։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ կուսակցությունը կարող է պետական ֆինանսավորում ստանալ, եթե վերջին խորհրդարանական ընտրություններում ստացել է առնվազն մեկ տոկոս վավեր ձայն։
2024-ի խորհրդարանական ընտրություններից հետո յոթ կուսակցություն սկզբնապես իրավունք էր ստացել պետական ֆինանսավորման։ Սակայն «Փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը» և «Լելոն» կորցրել են այդ իրավունքը՝ վիճարկվող ընտրությունների արդյունքներից հետո խորհրդարանը բոյկոտելու պատճառով։ Բոյկոտին ժամանակավոր միացած «Հանուն Վրաստանի» կուսակցության ֆինանսավորումը կասեցվել է վեց ամսով։
«Արդյունքում տարվա ընթացքում պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների թիվը զգալիորեն նվազել է»,- նշվում է զեկույցում։
Զեկույցը հիմնված է այն տեղեկությունների վրա, որոնք քաղաքական կուսակցությունները ներկայացրել են Հակակոռուպցիոն բյուրոյին՝ 2025-ի իրենց տարեկան եկամուտների և ծախսերի վերաբերյալ։ ISFED-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ 44 քաղաքական կուսակցություն ներկայացրել է նման հաշվետվություն, սակայն դրանցից միայն 25-ն են ունեցել որևէ ֆինանսական շրջանառություն։












