Գլխավոր Լրահոս

Հարավային Օսիայում բախումի հետևանքով յոթ պայմանագրային ազատվել է ծառայությունից

Անվտանգության խորհրդի նիստը

Անվտանգության խորհրդի նիստը

Լուսանկարը՝ Sputnik-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ներքին հետաքննության արդյունքում Հարավային Օսիայի բանակից ազատվել է յոթ պայմանագրային զինծառայող, ևս մեկ զինծառայող հետախուզման մեջ է։ Նրանք ներգրավված էին մայիսի 9-ին տեղի ունեցած միջադեպում, երբ մի խումբ զինվորականներ Ցխինվալիում Ներքին գործերի նախարարության շենքի մոտ բախվել էին ոստիկանների հետ։ Այս մասին հայտնում է Հարավային Օսիայի գլխավոր դատախազությունը։

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել միջադեպը քննարկելու համար՝ հայտարարելով, որ «ոչ ոքի թույլ չի տրվի ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը», և որ բոլոր մեղավորները օրենքի շրջանակում «խստորեն»պետք է պատժվեն։ Գագլոևը նաև հանձնարարել է մանրամասն քննություն անցկացնել միջադեպի հանգամանքների վերաբերյալ և միջոցներ մշակել՝ ապագայում նման դեպքերը կանխելու համար։

Հարավային Օսիայի գլխավոր դատախազ Գեորգի Սոբաևը հայտնել է, որ մայիսի 9-ի երեկոյան ենթադրաբար հարբած զինվորականները Ցխինվալիի Հերոսների փողոցում մասնակցել են ճանապարհատրանսպորտային փոքր պատահարի։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ-քննչական խմբից հետո ձերբակալվածները, ըստ հաղորդման, սկսել են դիմադրել ոստիկաններին։

Ներքին գործերի նախարար Էրիսլավ Մամիևը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է՝ երբ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներից մեկը ձերբակալվել է, նրա ծանոթները, ընկերներն ու ծառայակիցները սկսել են հավաքվել ՆԳՆ շենքի մոտ։ Նախարարի խոսքով՝ նրանց թվում եղել է Կասաև անունով զինծառայողը, որը սկզբում քաղաքացիական հագուստով է հայտնվել, սակայն ավելի ուշ վերադարձել է զինվորական համազգեստով և զենքով։

Պաշտպանության նախարար Յուրի Յարովիցկին հավելել է, որ միջադեպի պահին Կասաևը նշանակված է եղել անցակետի հերթապահ սպա։

«Սակայն նա ինքնակամ լքել է ծառայության վայրը։ Երբ տեղեկացել է ծառայակցի ձերբակալության մասին, Կասաևը վերադարձել է ստորաբաժանման տեղակայման վայր, փոխել հագուստը զինվորականի, վերցրել զենք պահակակետից և ժամանել միջադեպի վայր։ Ավելի ուշ նրան միացել են հատուկ նշանակության ստորաբաժանման մյուս զինծառայողները»,- պարզաբանել է Յարովիցկին։

Ներքին հետաքննությունը բացահայտել է այն, ինչ պաշտոնյաները բնութագրել են որպես «ծառայության կազմակերպման և պատասխանատու պաշտոնյաների վերահսկողության լուրջ թերություններ»։ Արդյունքում յոթ զինծառայող ազատվել է ծառայությունից՝ «պայմանագրային պարտավորությունների չկատարման համար»։

Երկու զինծառայող՝ բախման սկզբնական մասնակիցները, ձերբակալվել են իրավապահների նկատմամբ բռնության գործով։ Միջադեպի մեկ այլ մասնակից՝ Կասաևը, որը, ըստ հաղորդումների, զինված ժամանել էր ՆԳՆ շենք, հետախուզման է։

«Հաշվի առնելով, որ բախման մասնակիցներից մեկը հատուկ ռազմական գործողության զոհված մասնակցի որդին է [այսպես Ռուսաստանը բնութագրում է Ուկրաինայի դեմ իր լայնածավալ պատերազմը], նախկինում նրա հետ կապված առանձին դեպքերի նկատմամբ որոշակի ըմբռնում էր ցուցաբերվել։ Սակայն դա պիտի չդառնա անպատժելիության հիմք»,- հայտարարել է Գագլոևը։

Գագլոևը նաև հանձնարարել է ՆԳ նախարարին պատրաստել զինվորականների ձերբակալությանը մասնակցած ոստիկանների ցուցակը, որպեսզի նրանք ներկայացվեն պետական պարգևների։

Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, որ ազատված պայմանագրային զինծառայողներից մեկը ծանր վնասվածքներ է ստացել ծեծկռտուքի ընթացքում։ Էդուարդ Մամիևի մոտ, որը ենթադրաբար ՆԳ նախարար Էրիսլավ Մամիևի ազգականն է, ախտորոշվել են քթի կոտրվածք, գլխի պատռվածքներ, ուղեղի ցնցում, ինչպես նաև բազմաթիվ կապտուկներ ու քերծվածքներ ամբողջ մարմնի վրա։ Նա պնդում է, որ իրեն անձամբ ծեծի է ենթարկել ՆԳ նախարարը, որն իր հոր հետ թշնամական հարաբերությունների մեջ է։ Պնդումները հաստատելու համար Էդուարդ Մամիևի ընտանիքը հրապարակել է նրա վնասվածքների լուսանկարները։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում