Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը թուրք սյունակագրի դեմ քրեական գործ է հարուցել

Թուրք սյունակագիր Ջելալ Չիֆթչին

Թուրք սյունակագիր Ջելալ Չիֆթչին

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Խմբագրի նշում․ հոդվածը թարմացվել է՝ ներառելով թուրք սյունակագիր Ջելալ Չիֆթչիի հրապարակային ներողությունը։

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել իշխանությունը բռնությամբ զավթելու և կրոնական թշնամանք հրահրելու ենթադրյալ կոչերի առնչությամբ՝ թուրք սյունակագիր Ջելալ Չիֆթչիին հայտարարելով միջազգային հետախուզում։

Տեսանյութը տարածվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև աճող լարվածության ֆոնին, երբ երկու երկրների պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները հրապարակայնորեն քննադատական հայտարարություններ են փոխանակում։ Վեճը տեղափոխվել է նաև սոցիալական ցանցեր, որտեղ ավելի լայն քննարկման մաս են դարձել Ադրբեջանի ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումներին վերաբերող մեկնաբանությունները։

Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 16-ին հայտնել է, որ քրեական գործը հարուցվել է սոցիալական ցանցերում տարածված հրապարակումների առնչությամբ, որոնք, ըստ քննության, քարոզում են կրոնական արմատականություն, պետական հեղաշրջում և Ադրբեջանի սահմանադրական կարգի բռնի փոփոխություն։ Գործով մեղադրանք է առաջադրվել թուրքական «Şanlıurfa Olay» թերթի սյունակագիր Ջելալ Չիֆթչիին։

Դատախազության մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ քննությունը սկսվել է տարբեր անձանց, այդ թվում՝ 1975-ին ծնված Թուրքիայի քաղաքացի Չիֆթչիի սոցիալական ցանցերում տարածած նյութերի վերաբերյալ հաղորդումներից հետո։ Ըստ դատախազության՝ այդ նյութերում կոչեր են եղել Ադրբեջանում իշխանությունը բռնությամբ զավթելու և բռնության միջոցով կրոնական ատելություն ու թշնամանք հրահրելու մասին։

Թեև դատախազությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է ասել Չիֆթչին, գործը, ըստ ամենայնի, կապված է արհեստական բանականությամբ ստեղծված մի տեսանյութի հետ, որտեղ զինվորները գցում են նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը։

OC Media-ն Չիֆթչիի X-ի կամ Facebook-ի էջերում չի կարողացել գտնել այդ նկարագրությանը համապատասխան, դեռ հասանելի որևէ հրապարակում։

Չիֆթչին նախկինում ևս քննադատել է Ալիևին՝ դպրոցներում հիջաբի արգելքի պատճառով։

Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ քննությամբ պարզվել է՝ 2026-ի սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Նախարարների կաբինետի ընդունած որոշումից հետո բազմիցս տարածվել է կրոնական արմատականություն քարոզող բովանդակություն, այդ թվում՝ արհեստական բանականությամբ ստեղծված նյութեր։ Ըստ դատախազության՝ տարբեր վերնագրերով բազմիցս հրապարակվել են նաև կոչեր, որոնք խրախուսում են պետական հեղաշրջումը, իշխանության բռնի զավթումը, սահմանադրական կարգի փոփոխությունը և բռնության միջոցով կրոնական ատելության ու թշնամանքի հրահրումը։

Հավաքված ապացույցների հիման վրա գլխավոր դատախազը հոկտեմբերի 16-ին քրեական գործ է հարուցել Ադրբեջանի քրեական օրենսգրքի այն դրույթներով, որոնք վերաբերում են իշխանությունը բռնությամբ զավթելու կամ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կրկնակի հրապարակային կոչերին, ինչպես նաև կրոնական ծայրահեղական գործունեության կոչ պարունակող, այն արդարացնող կամ քարոզող նյութերի պատրաստմանը, պահպանմանը և տարածմանը։ Գործը վերաբերում է նաև կրոնական թշնամանքի, արմատականության և մոլեռանդության հիմքով բռնության միջոցով կրոնական ատելություն ու թշնամանք հրահրելուն։

Քննությունը հանձնարարվել է գլխավոր դատախազության քննչական վարչությանը։

Դատախազությունը հայտնել է, որ Չիֆթչիին գործով մեղադրանք է առաջադրվել և նա հայտարարվել է միջազգային հետախուզում։ Թուրքիայի իրավասու մարմիններին միջազգային իրավական օգնության հարցումներ են ուղարկվել՝ Չիֆթչիի և այլ անձանց վերաբերյալ քննչական գործողություններ իրականացնելու համար։ Հայտարարության համաձայն՝ միջազգային համագործակցության մեխանիզմներով ձեռնարկվում են նաև այլ միջոցներ։

Գլխավոր դատախազությունը նշել է, որ քննչական գործողությունները շարունակվում են՝ պարզելու տարածված նյութերի բովանդակությունը, դրանց ստեղծման և տարածման հանգամանքները և գործի համար կարևոր այլ փաստեր, որից հետո կտրվի իրավական գնահատական և կընդունվեն օրենքով նախատեսված որոշումներ։

Դատախազությունը նաև հանրությանը կոչ է արել չտարածել կրոնական ատելություն և թշնամանք քարոզող բովանդակություն, պատասխանատու օգտագործել սոցիալական ցանցերը և պահպանել օրենքը՝ ընդգծելով կրոնական հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և հասարակական համերաշխության պաշտպանության անհրաժեշտությունը։

Հոկտեմբերի 16-ի երեկոյան Չիֆթչին հրապարակային ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ «կրոնական ատելություն, թշնամանք կամ խտրականություն ստեղծելու որևէ մտադրություն չի ունեցել» և չի ցանկացել, որ իր հրապարակումը մեկնաբանվի որպես պետական հեղաշրջման կոչ։

«Ես չեմ ընդունում այս առնչությամբ ինձ առաջադրված մեղադրանքները»,- ասել է նա՝ հավելելով․ «Ադրբեջանը եղբայրական պետություն է, ադրբեջանցի ժողովուրդը մեր եղբայրն է։ Ես լիովին հարգում եմ Ադրբեջանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանադրական կարգը»։

Միաժամանակ Չիֆթչին կրկին հայտարարել է, որ, իր համոզմամբ, «մարդիկ չպիտի բացառվեն իրենց հավատքի կամ հագուստի ընտրության պատճառով»՝ նկատի ունենալով հիջաբի արգելքը։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում