Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է, որ երկիրը բախվում է «ուժգնացող հիբրիդային հարձակումների»՝ «բարեկամ և հարևան երկրների տարածքից գործող թշնամական ուժերի» կողմից։ Թեև հոկտեմբերի 16-ին հրապարակված հայտարարությունում Բաքվի՝ դպրոցներում հիջաբի վերջին արգելքը ուղղակիորեն չի հիշատակվել, իրանամետ հաքերային խումբը հենց այդ սահմանափակումներն էր նշել որպես հոկտեմբերի 14-ի լայնածավալ կիբերհարձակման պատճառ։
Հայտարարությունում կար պնդում, որ «թշնամական ուժերը» փորձում են «անկախ թվացող ալիքների միջոցով իրենց ապատեղեկատվությունը ներմուծել թվային հարթակներ», իսկ «թվային տարածքում այդ գործողություններն իրականացվում են հաքերային խմբերի, օտարերկրյա լրատվամիջոցների, իրական և կեղծ հաշիվների ու բոտերի միջոցով»։
Հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի պետական ինտերնետային ծառայությունների դեմ իրականացված կիբերհարձակումից հետո։ Իրանամետ հաքերների խումբը ստանձնել էր հարձակման պատասխանատվությունը, իսկ Բաքուն հայտնել էր, որ տուժել է 100 դոմեն։
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները պատմականորեն խիստ լարված են, սակայն հաշվի առնելով, որ Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների թիվը գերազանցում է Ադրբեջանի Հանրապետության ամբողջ բնակչությանը՝ Թեհրանը նախկինում իր քաղաքականության մեջ ավելի զգուշավոր էր գործում, քանի որ սխալ քայլերը կարող էին օտարել երկրի ամենամեծ էթնիկ փոքրամասնությանը։
Հիջաբի շուրջ բողոքների ֆոնին կտրուկ վատթարացել են նաև Ադրբեջանի հարաբերությունները մեկ այլ հարևան երկրի՝ նրա ամենամեծ դաշնակիցներից Թուրքիայի հետ։
Թեև Թուրքիայում դպրոցներում հիջաբի նմանատիպ արգելք գործում էր մինչև 2014-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն ներկայացնում է որպես մուսուլման կանանց՝ իրենց կրոնը բացահայտ դավանելու, այդ թվում՝ հիջաբ կրելու իրավունքի պաշտպան։
Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Էրդողանը քննադատել էր դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ դրանք անվանելով «հարձակում կանանց ամենահիմնարար իրավունքների վրա» և հարցը կապելով «իսլամաֆոբիայի» հետ, որը, նրա խոսքով, «ժանտախտի պես տարածվում է Արևմուտքում»։ Էրդողանը Ադրբեջանի անունը չէր նշել, սակայն շատերը նրա խոսքերը Բաքվին ուղղված քննադատություն էին համարում։
Հոկտեմբերի 16-ին Էրդողանը X-ում գրառում է հրապարակել՝ գովաբանելով Թուրքիայի կրթական համակարգը։
«Մի երկրից, որը տարիներ շարունակ իր երեխաներին ստիպում էր արտերկիր մեկնել իրենց հագուստի, համոզմունքների կամ քաղաքական հայացքների պատճառով, այսօր դարձել ենք մի երկիր, որը ոչ միայն իր երեխաներին առաջին կարգի կրթություն է տրամադրում, այլև ամեն տարի արտերկրից տասնյակ հազարավոր ուսանողների է գրավում։ Սա Թուրքիայի հսկայական ձեռքբերումն է և կրթության ոլորտում պատմական վերափոխման ամենահստակ խորհրդանիշը»,- գրել է նա։
Վերջին շաբաթներին երկու երկրների միջև կուտակված լարվածությունը ավելի տեսանելի է դարձել՝ կապված Ադրբեջանում կրոնական ազատությունների սահմանափակումների շուրջ վեճերի, Իսրայելի հետ Բաքվի դաշինքի նկատմամբ Անկարայի դժգոհության և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ Թուրքիայի աջակցության վերաբերյալ հարցերի հետ։
Որոշ թուրք պաշտոնյաներ պնդում են, որ հարաբերությունների վատթարացումը Անկարայի նպատակը չէ։ Փոխարենը Էրդողանի գլխավոր խորհրդականը կրկնել է Ադրբեջանի պնդումները՝ հայտարարելով, որ անանուն ուժեր փորձում են Բաքվին հեռացնել Անկարայից։
«Որոշ ժամանակ է՝ ականատես ենք լինում իրադարձությունների և մեկնաբանությունների, որոնք մութ ենթատեքստ ունեն և կարող են ստվեր գցել Թուրքիայի և Ադրբեջանի ազգային միասնության վրա»,- ասել է Հասան Նուրի Յաշարը։
Սակայն, չնայած կառավարության ներկայացուցիչների փորձերին՝ իրենց հեռու պահելու այն գործոններից, որոնք կարող են «ստվեր գցել» հարաբերությունների վրա, թուրք այլ պաշտոնյաներ ուղղակիորեն քննադատել են Ադրբեջանի դպրոցական հագուստի նոր կանոնները։
Օրինակ՝ Յաշարի մեկ այլ գործընկեր՝ նախագահի խորհրդական Օքթայ Սարալը, հոկտեմբերի 13-ին քննադատել էր Ադրբեջանի դպրոցական հագուստի կանոնները։ X-ում հրապարակված գրառման մեջ նա արգելքն անվանել էր «անընդունելի» և հայտարարել․
«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը հնարավորինս շուտ հետ կկանգնի այս սխալից»։












