Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը կալանավորված լրագրողի մոր նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանել

Ձախից՝ Այդաջ Ահմադովան, Այդան Սոլթանը և նրանց մայրը՝ Դիլրուբա Ամանովան

Ձախից՝ Այդաջ Ահմադովան, Այդան Սոլթանը և նրանց մայրը՝ Դիլրուբա Ամանովան

Լուսանկարը՝ սոցցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանը երկրից դուրս գալու արգելք է սահմանել լրագրող Այդաջ Ահմադովայի (Թափդըգ) մոր՝ Դիլրուբա Ամանովայի նկատմամբ։ Ահմադովան 12 լրագրողներից մեկն է, որոնք 2024-ին ձերբակալվել էին անկախ մեդիայի և քաղաքացիական հասարակության դեմ շարունակվող ճնշումների շրջանակում։

Ամանովան առաջին անգամ տեղեկացել է արգելքի մասին ապրիլի 30-ին, երբ փորձել է Բաքվից Բեռլին մեկնել՝ մյուս դստերը այցելելու համար։ Պետական սահմանային ծառայությունում նրան ասել են, որ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունն է արգելք սահմանել։

«Երբ ստուգման համար անձնագիրս փոխանցեցի [սահմանային հսկողության աշխատակցին], նա խնդրեց նայել տեսախցիկին, և հենց այդ պահին նրա ծառայողական հեռախոսը զանգեց, ու ինչ-որ մեկը բղավեց՝ «ինչո՞ւ եք թողնում սահմանն անցնի»։ Հասկացա, որ իմ մասին է ասում, և ինձ թույլ չեն տա լքել Ադրբեջանը»,- OC Media-ին ասել է Ամանովան։

Նա հավելել է, որ շաքարայաին դիաբետ ունի և խոսակցության ընթացքում ծանր սթրես ու գլխապտույտ է ապրել՝ ասելով, որ իրեն հանցագործի պես էին վերաբերվում։

Այդ օրը տուն վերադառնալու ճանապարհին նա զանգահարել է իր փաստաբանին։

«Փաստաբանը մեկ անգամ խոսեց ինձ հետ։ Ասաց, որ բողոք է ներկայացրել այս հարցով։ Մայիսի 5-ին նա հստակ հաստատեց, որ Բաքվի ոստիկանության վարչությունը հանել է իմ նկատմամբ սահմանված արգելքը, և դրանից հետո ես կրկին ավիատոմս գնեցի»,- պատմել է Ամանովան։

Նրա նոր չվերթը նախատեսված էր մայսի 12-ին, իսկ վերադարձը՝ մայիսի 29-ին։

Մայիսի 12-ին անձնագրային հսկողության ժամանակ անցակետի աշխատակիցը կրկին տեղեկացրել է Ամանովային, որ նրան արգելված է լքել երկիրը, և խորհուրդ տվել դիմել օդանավակայանի ոստիկանություն։

Նրա խոսքով՝ օդանավակայանի ոստիկանությունում ասել են, որ չգիտեն արգելքի պատճառը և նա պիտի պարզաբանում պահանջի ՆԳՆ-ից։

Ամանովայի խոսքով՝ արգելքը ոչ միայն հոգեբանական ծանր հետևանքներ է ունեցել, այլ նաև ֆինանսական վնաս է պատճառել։

«Այս ընթացքում մոտ 3 հազար մանաթ (1800 դոլար) եմ ծախսել ավիատոմսերի, վիզայի և բժշկական օգնության համար»,- պատմել է նա OC Media-ին։

Ամանովան ասում է՝ ինքը երբեք որևէ քրեական գործով հարցաքննության չի ենթարկվել և չգիտի, թե ինչու է ՆԳՆ-ն սահմանել այդ արգելքը։ Սակայն նա ենթադրում է, որ դա կապված է դստեր լրագրողական գործունեության հետ։

«Փողոցում տարբեր մարդիկ հետևում են ինձ, երբ դուրս եմ գալիս տնից։ Չգիտեմ՝ ինչ սխալ եմ արել։ 2015-ին ինձ հարկադրեցին հեռանալ աշխատանքից, երբ Այդաջին Մեյդան TV-ի գործով տարան ոստիկանություն։ Իշխանությունները թույլ չեն տալիս մեզ ապրել մեր հայրենիքում և անում են ամեն ինչ, որպեսզի մենք տառապենք»։

Մեկ այլ հնարավոր պատճառ, ըստ նրա, կարող է լինել ընտրական իրավունքների ակտիվիստ Անառ Մամեդլիի հետ ենթադրյալ կապը։ Մամեդլին ձերբակալվել էր 2024-ի ապրիլին։

«Նրա ձերբակալությունից հետո իշխանամետ լրատվամիջոցները, այդ թվում՝ Baku TV-ն, տեսանյութ հրապարակեցին, որտեղ օգտագործել էին իմ անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը։ Նրանք զրպարտեցին ինձ՝ պնդելով, թե ներգրավված եմ մաքսանենգության մեջ»,- ասել է Ամանովան։

«Աղջիկներիցս մեկը բանտում է, մյուսը՝ աքսորում։ Ես մայր եմ, ուզում եմ տեսնել երեխաներիս։ Բայց իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտան ինձ հանդիպել նրանց»,- եզրափակել է նա։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում