Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում անցկացվել է նեոգաղութատիրությանը նվիրված «Գլոբալ հարավի» համաժողով

«Գլոբալ հարավի ՀԿ-ների հարթակի» համաժողովը Բաքվում

«Գլոբալ հարավի ՀԿ-ների հարթակի» համաժողովը Բաքվում

Լուսանկարը՝ Azertac-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Բաքվում տեղի է ունեցել «Գլոբալ հարավի հասարակական կազմակերպությունների հարթակի» առաջին գլխավոր ասամբլեան, որի նպատակն է «կամուրջ դառնալ» Գլոբալ հյուսիսի և Գլոբալ հարավի միջև։ Հանդիպման ընթացքում ասամբլեան Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆուադ Քերիմլիին ընտրել է գլխավոր քարտուղար, որն այդ պաշտոնը կզբաղեցնի առաջիկա հինգ տարիներին։

Քերիմլին հետազոտող է իշխանամետ «Թոփչուբաշով կենտրոն» և «Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոն» վերլուծական կենտրոններում։

Քերիմլիի ընտրությունից բացի, ընտրվել են նաև չորս փոխքարտուղարներ՝ Ասիան, Աֆրիկան, Լատինական Ամերիկան և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը գլոբալ մակարդակում ներկայացնելու համար։

«Գլոբալ հարավի ՀԿ-ների հարթակի» ստեղծման գաղափարն առաջին անգամ առաջ է քաշվել 2024-ի նոյեմբերին Բաքվում անցկացված COP29-ի ընթացքում։ Այսօր հարթակը միավորում է ավելի քան 650 ՀԿ՝ 116 երկրից։

Գլխավոր ասամբլեան հերթական դեպքն էր, երբ Ադրբեջանի իշխանություններն ու նրանց հետ կապվող ՀԿ-ները հարթակ են տրամադրել նեոգաղութատիրության ընտրովի քննադատությանը՝ հաճախ կենտրոնանալով Ֆրանսիայի վրա։ Քննադատները ենթադրում են, որ ֆրանսիական նեոգաղութատիրության նկատմամբ քննադատությունը մեծապես պայմանավորված է Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի աջակցությամբ։ Միաժամանակ Ադրբեջանը փորձում է խորացնել կապերը Գլոբալ հարավի երկրների հետ՝ ներկայանալով որպես տարածաշրջանային ուժ Արևմուտքի և Արևելքի միջև։

Գլխավոր ասամբլեայի բացման ելույթում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը շեշտել է, որ գաղութատիրությունն ու նեոգաղութատիրությունը շարունակում են գոյություն ունենալ «գլոբալ մակարդակում՝ պարզապես ստանալով նոր ձևեր և դրսևորումներ»։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը նույնպես Գլոբալ հարավի մաս է «աշխարհագրորեն, պատմականորեն, մշակութային առումով և ճակատագրով», ուստի «լիովին և համակողմանիորեն հասկանում է այն բոլոր դժվարությունները», որոնց բախվում է այս տարածաշրջանը։

Հաջիևը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանը, 2019-2022-ին նախագահելով Չմիավորման շարժումը, «նեոգաղութատիրության դեմ պայքարը» հայտարարել էր «գլխավոր թեմաներից մեկը»։

«Ցավում ենք, որ ՄԱԿ-ի ապագաղութացման հատուկ կոմիտեն մինչ այժմ լիարժեք չի կարողացել իրականացնել իր մանդատը, քանի որ որոշ երկրներ դիմադրում են ապագաղութացման գործընթացին»,- հայտարարել է Հաջիևը։

Ելույթի ավարտին նա դժգոհել է «միջազգային ինստիտուտների ներկայիս կառուցվածքից», հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից՝ պնդելով, որ կառույցը «չի արտացոլում ժամանակակից աշխարհի իրողությունները»։

«Գլոբալ հարավի երկրների ձայնն այս կառույցում բավարար չափով լսելի չէ։ Ավելին, ապահովված չէ արդար աշխարհագրական ներկայացվածություն։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների գործընթացում պետք է ապահովվի Գլոբալ հարավի երկրների ձայնն ու արդար ներկայացվածությունը»։

Սակայն, ինչպես 2023-ին OC Media-ում հրապարակված սյունակում գրել էր այժմ բանտարկված ադրբեջանցի հետազոտող Բահրուզ Սամադովը, Բաքուն ընտրովի հակագաղութատիրության երկար պատմություն ունի, հատկապես 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։

Նրա հիմնական թիրախը Ֆրանսիան է՝ մասամբ Բաքվի աճող ավտորիտարիզմի նկատմամբ Փարիզի «բացահայտ քննադատական դիրքորոշման», ինչպես նաև Հայաստանի նկատմամբ նրա ուժեղ աջակցության պատճառով։

2023-ի հուլիսին ստեղծվել է «Բաքվի նախաձեռնող խումբը», որի նպատակն է «ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Աֆրիկայում և աշխարհի տարբեր տարածաշրջաններում դե ֆակտո ստրկությունը վերացնելու համար»։

Այդ ժամանակից ի վեր խումբը մի շարք միջոցառումներ է անցկացրել՝ քննադատելով ֆրանսիական գաղութատիրությունն ու դրա ժամանակակից հետևանքները, այդ թվում՝ ՄԱԿ-ում։

Միևնույն ժամանակ Ադրբեջանում շարունակվում է քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների նոր փուլը․ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել տեղական ՀԿ-ների դեմ։

Անկախ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մեկը, որը OC Media-ի հետ զրուցել է անանուն մնալու պայմանով, նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները երբեք նման համաժողովների չեն հրավիրել տեղական անկախ ՀԿ-ներին, իսկ եթե հրավեր էլ ստանային, կկարծեին, որ ամբողջ ընթացքում ենթարկվելու են ճնշումների։

«Կառավարությունը վախենում է, որ նման միջոցառումների ժամանակ անկախ ՀԿ-ների ներկայացուցիչները կարող են խոսել կոռուպցիայի, մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրների մասին։ Այսօր կառավարությունը ցանկանում է ոչ թե զարգացնել քաղաքացիական հասարակությունը, այլ ոչնչացնել այն»,- ասել է քաղհասարակության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ նման համաժողովները հիմնականում ծառայում են ձևական նպատակների, օրինակ՝ Եվրամիության հետ հարաբերությունների բարելավմանը։

«Մեկ այլ կարևոր գործոն էլ այն է, որ այս երկրների և ՀԿ-ների մի մասը ներկայացված է ՄԱԿ-ում։ Նրանք կարող են նաև աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը ՄԱԿ-ում։ Հիշում եմ, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հենց այս երկրների աջակցության շնորհիվ Ադրբեջանի դեմ որոշ բանաձևեր չընդունվեցին»,- եզրափակել է նա։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում