Մալակկայի նեղուցը աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկն է, որը միացնում է Հնդկական օվկիանոսը և Հարավչինական ծովը։ Այն համաշխարհային առևտրի և էներգակիրների փոխադրման առանցքային միջանցք է։ Globalorder կայքում հրապարակված հոդվածը վերլուծում է այս նեղուցից Չինաստանի չափազանց մեծ կախվածությունը և Հնդկաստանի հարաճուն դերը Հնդկական օվկիանոսի ծովային ուղիներում։
Չինաստանի համար Մալակկայի նեղուցը ռազմավարական հանգույց է, որը նրա մրցակիցները մի օր կփորձեն օգտագործել՝ չինական տնտեսությունը խեղդելու համար։ Սա այն է, ինչ չինացի ռազմավարները կոչում են «Մալակկայի դիլեմա»։ Այս մտահոգությունից ելնելով Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ներդրել Հնդկական օվկիանոսում՝ պակիստանյան Գվադար նավահանգստից մինչև Շրի Լանկայի Համբանտոտա և Մյանմայի Քյաուքփյու։
Հնդկաստանն այժմ շախմատային այս տախտակի վրա ավելացրել է նոր խաղաքար, որը չինացիները չէին սպասում, և այնպիսի շահավետ աշխարհագրական դիրքից, որի հետ ոչ մի չինական նավահանգիստ չի կարող համեմատվել։ Խոսքը Օկեանիայի արևմուտքում հնդական Մեծ Նիկոբար կղզու զարգացման նախագծի մասին է, որը ավելին է, քան պարզապես ենթակառուցվածքային ծրագիր։ Սա Հնդկաստանի պատասխանն է այն տասնամյակներին, երբ նա հետևում էր, թե ինչպես է իր մրցակիցը աստիճանաբար շրջապատում Հնդկական օվկիանոսը, երբ ինքը նստած էր Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ամենառազմավարական աշխարհագրական դիրքերից մեկում և գրեթե ոչինչ չէր անում դրա ուղղությամբ։
/

Անտեսված աշխարհագրություն
Ավելի քան 700 կմ երկարությամբ Անդաման և Նիկոբար կղզիները, ռազմական ստրատեգների պատկերացմամբ, «բնական ավիակիր» են՝ տեղակայված Մալակկայի նեղուցի մուտքի մոտ։ Այս շղթայի ամենահարավային կղզին՝ Մեծ Նիկոբարը, գրեթե հավասար հեռավորության վրա է Սինգապուրից, Պորտ Կլանգից և Կոլոմբոյից։ Մալակկայի նեղուցով անցնող նավերը, որոնք օգտվում են «Վեցերորդ աստիճանի նեղուցից» (Six Degree Channel), անցնում են բառացիորեն դրա ծայրով։ Ռազմավարական նշանակության տեսանկյունից՝ ամբողջ Հնդկական օվկիանոսում չկա ավելի շահավետ դիրք այն պետության համար, որը ցանկանում է վերահսկել և որոշ հանգամանքներում նաև ազդել աշխարհի ամենակարևոր ռազմավարական ջրային ուղիներից մեկով անցնող երթևեկության վրա։ Այս դիրքը Հնդկաստանի ձեռքում եղել է անկախությունից ի վեր։ Սակայն երկար տարիներ այն ծառայել է ընդամենը որպես հեռավոր մի հենակետ։
Շուտով դա կփոխվի, քանի որ կղզում իրականացվում է այն լիարժեք գործող փոխաբեռնման տերմինալի վերածելու համապարփակ ծրագիր։ Ներկայում Հնդկաստանը տարեկան կորցնում է 200-220 միլիոն դոլարի բեռնափոխադրումների եկամուտ, քանի որ իր նավերը ստիպված են լինում բեռնաթափվել օտար նավահանգիստներում՝ օրինակ Սինգապուրում, Կոլոմբոյում և Կլանգում, քանի որ երկրի ներսում չկան խորաջուր տերմինալներ։ Միայն փոխաբեռնման նավահանգիստն արդեն լուծում է այս տնտեսական խնդիրը։ Սակայն Մեծ Նիկոբարը, որտեղ բնական խորությունը գերազանցում է 20 մետրը, ամբողջությամբ փոխում է հաշվարկները։ Նավահանգստի առաջին փուլը բացվել է 2024-ի վերջին և շահագործման առաջին տարվա ընթացքում արդեն գերազանցել է մեկ միլիոն TEU-ի շեմը (Twenty-foot Equivalent Unit՝ բեռնափոխադրումների չափման ստանդարտ միավոր)։
Չինաստանի մտահոգությունը
Այս նախագծի նշանակությունը հասկանալու համար պետք է դրան նայել չինական տեսանկյունից։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Չինաստանի ռազմավարական պլանավորողները հետևողականորեն աշխատել են ձևավորելու այն, ինչ արևմտյան վերլուծաբանները անվանում են «մարգարիտների շղթա»։ Սա նավահանգիստների, լոգիստիկ ենթակառուցվածքների և գործընկերային կապերի ցանց է, որը ձգվում է Հարավչինական ծովից՝ Հնդկական օվկիանոսով մինչև Պարսից ծոց։ Պարզ ասած՝ եթե Մալակկայի նեղուցը խոցելի է, ապա անհրաժեշտ է ստեղծել կապեր և լոգիստիկ երթուղիներ՝ այն շրջանցելու համար։ Պակիստանի Գվադար նավահանգիստը Չինաստանին տալիս է դեպի Արաբական ծով ելքի այլընտրանքային ուղի՝ շրջանցելով Մալակկան։ Մյանմայի Քյաուքփյու շրջանը, որը Չինաստանի հետ կապված է նավթամուղերով, նույնպիսի դեր է կատարում Բենգալյան ծոցի ուղղությամբ։ Շրի Լանկայում կա նաև Համբանտոտան, որը ծառայում է որպես կենտրոնական Հնդկական օվկիանոսի հենակետ։
Սակայն կա մի բան, որը Չինաստանը չի կարող կրկնօրինակել՝ Մեծ Նիկոբարի աշխարհագրական դիրքը։ Չինաստանը աշխարհաքաղաքական մեծ գնի դիմաց արհեստական կղզիներ է կառուցում Հարավչինական ծովում, քանի որ չունի բնական աշխարհագրական առավելություն կարևոր ռազմավարական կետերում։ Պեկինի այդ նախաձեռնությունը հակասություններ է առաջացնում։ Եթե Մեծ Նիկոբարում ստեղծվի լիարժեք հնդկական գործող բազա, որը կունենա բարձր ճշգրտության ռադարներ, ստորջրյա վերահսկման համակարգ և ռազմածովային հաղորդակցության ցանց, ապա «Վեցերորդ աստիճանի նեղուցով» անցնող չինական յուրաքանչյուր նավ կհայտնվի Հնդկաստանի վերահսկման համակարգի հասանելիության ներքո։ Քաղաքական լարվածության դեպքում սա կարող է դառնալ ամենակարևոր լծակներից մեկը։
Այս լծակի նշանակությունն ավելի է մեծանում մեկ այլ գործոնի պատճառով, որի մասին քիչ է խոսվում Հնդկաստանի հյուսիսային ճակատի համատեքստում։ Մյանմայի Մեծ Կոկո կղզին, որը Անդաման և Նիկոբար կղզիներից ընդամենը 55 կմ հեռավորության վրա է, վերջերս ենթարկվել է լայնածավալ ենթակառուցվածքային արդիականացման։ Հնդկաստանը պահանջել է անցկացնել ստուգումներ, սակայն Մյանման սահմանափակվել է միայն հավաստիացումներով։ Անկախ համաձայնության կոնկրետ մանրամասներից՝ ռազմավարական հավասարակշռությունն ակնհայտ է։ Չինաստանը տասնամյակներ շարունակ աշխատել է Հնդկաստանի արևելյան ծովային սահմանների մոտ իր վերահսկման հնարավորությունները տեղակայելու ուղղությամբ։ Մեծ Նիկոբար կղզին Հնդկաստանի կառուցվածքային պատասխանն է այս մարտահրավերին և ոչ թե դիվանագիտական բողոք կամ դեմարշ։
Ինչու է սխալ ընթերցվում պահը
Նախաձեռնության ընդդիմախոսները բարձրացրել են բնապահպանական միանգամայն հիմնավոր մտահոգություններ։ Մեծ Նիկոբար կղզին ունի արևադարձային անտառներ, կաշեկեղև ծովային կրիաների կարևոր բնադրման տարածքներ և ավելի քան 1700 էնդեմիկ տեսակ։ 130 քառակուսի կիլոմետր անտառային տարածքի հատկացումը և Գալաթեա ծոցի էկոհամակարգի հնարավոր խաթարումը բնապահպանական լուրջ խնդիրներ են։ Չի կարելի անտեսել նաև Շոմպեն բնիկ համայնքի իրավունքները։ Այս հարցերը պահանջում են մանրակրկիտ և անկախ ուսումնասիրություն, և Ազգային կանաչ տրիբունալի առաջարկած 42 համապատասխանության պայմանները նման քայլերից մեկն են։
Այունամենայնիվ, թեև բնապահպանական հարցն ինքնին կարևոր է, չպետք է թույլ տալ, որ այն ստանա աշխարհաքաղաքական այնպիսի կշիռ, որը երբեք նախատեսված չի եղել ունենալ։ Ավելին, Հնդկաստանի անվտանգության մասնագետները ողջամիտ կասկածներ են արտահայտում, որ հենց այս նախագծի շուրջ բնապահպանական հարցերի չափազանց մեծացումն օգտագործվում է աշխարհաքաղաքական նպատակների համար, որոնք բնապահպանության հետ որևէ առնչություն չունեն։
Ինչ է ազդարարում Մեծ Նիկոբարը
Այս նախագծի իրական նշանակությունը ոչ այնքան ռազմական կամ անվտանգության նկատառումներում է, որքան սկզբունքային մոտեցման փոփոխության մեջ։ Հնդկաստանն իր անկախությունից հետո անցած տասնամյակներում տարածաշրջանում ռազմավարական դոկտրին ձևավորելու հարցում հետևել է զսպվածության քաղաքականության, ինչը գործնականում նշանակում էր կողքից հետևել, թե ինչպես են այլ երկրներ պայքարում գերակայության համար։ Սակայն Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարությունը հիմնված է բոլորովին այլ տրամաբանության վրա՝ ենթակառուցվածքներն են ձևավորում ռազմավարությունը, նավահանգիստները տալիս են ազդեցության լծակներ, իսկ աշխարհագրությունը հնարավոր է նույնիսկ ստեղծել, եթե բնական առավելություն գոյություն չունի։ Այժմ Հնդկաստանը նույն դասը յուրացնում է սեփական միջոցներով՝ առանց դիմելու ավտորիտար մեթոդների կամ որևէ մեկին դուրս մղելու։ Մեծ Նիկոբարի զարգացումը տեղի է ունենալու հենց այն կանոններով, որոնք սահմանել է ինքը՝ Հնդկաստանը։
Երբ Հնդկաստանի վերահսկման համակարգը հետևի «Վեցերորդ աստիճանի նեղուցին», այն կտեսնի հենց այն, ինչից վախենում են Չինաստանի ռազմավարական պլանավորողները։
Մեծ Նիկոբար կղզու զարգացման նախագիծը շրջադարձային փոփոխություն է Հնդկաստանի ռազմավարական դիրքավորման մեջ։ Այն դառնում է համաշխարհային նշանակության փոխաբեռնման նավահանգիստ և ուժեղացնում Հնդկաստանի վերահսկման հնարավորությունները հենց Մալակկայի նեղուցի մուտքի մոտ։
Այս նախագիծը Հնդկաստանին հնարավորություն է տալիս պատրաստվել հաջորդ «նեղուցային ճգնաժամերին»՝ լինի դա Հարավչինական ծովում, Բաբ էլ-Մանդեբում, թե ապագա որևէ այլ լարվածության գոտում։ Այն ապահովում է այլընտրանքային երթուղիներ, իրական ժամանակում վերահսկման հնարավորություններ և այնպիսի լծակներ, որոնք կարող են օգտագործվել դաշնակիցներին աջակցելու կամ հակառակորդներին զսպելու համար՝ մատակարարման շղթաների խափանումների ժամանակ։
. . .
Հոդվածի հեղինակներն են Շրիպարնա Պաթակը և Նիշիթ Կումարը։
Շրիպարնա Պաթակը Չինաստանի ուսումնասիրությունների պրոֆեսոր է և OP Jindal Global University-ի Հյուսիսարևելյան Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր տնօրենը։
Նիշիթ Կումարը չինագետ է և Բենգալուրուի Չանակյա համալսարանի Սուբհաս Չանդրա Բոզի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր։












