Գլխավոր Լրահոս

Ըստ Թբիլիսիի՝ Հարավային Օսիայի հետ նոր համաձայնագրից հետո Ռուսաստանն առաջ է մղում անեքսիայի գործընթացը

Ալան Գագլոևը և Վլադիմիր Պուտինը

Ալան Գագլոևը և Վլադիմիր Պուտինը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին անդրադարձել է Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև «դաշնակցության և համագործակցության խորացման» վերաբերյալ վերջին համաձայնագրին՝ այն բնութագրելով որպես Վրաստանի շրջանները անեքսիայի ենթարկելու Ռուսաստանի փորձի օրինակ։

Բոճորիշվիլին այս թեմային անդրադարձել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 135-րդ նստաշրջանի ընթացքում։

«Օկուպացիան, փաստացի վերահսկողությունը և մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար Ռուսաստանի պատասխանատվությունը հաստատվել են միջազգային դատարանների կողմից, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով»,- հայտարարել է նա։

Բոճորիշվիլին հավելել է, որ «այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է անտեսել իր միջազգային պարտավորությունները և հետագա քայլեր է ձեռնարկում Վրաստանի շրջանների անեքսիայի ուղղությամբ»։

«Դրա ապացույցն է այսպես կոչված «Դաշնակցության և համագործակցության խորացման համաձայնագիրը», որը 2026-ի մայիսի 9-ին ստորագրվել է Մոսկվայի և Ցխինվալիի ռուսական օկուպացիոն ռեժիմի միջև»,- ասել է նա։

Մակա Բոճորիշվիլին
Մակա Բոճորիշվիլին

Քննարկվող փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևի միջև։

«Կողմերն ընդլայնում են համագործակցությունը տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու, համակարգված արտաքին, անվտանգության և պաշտպանական քաղաքականություն վարելու, ինչպես նաև սահմանային քաղաքականության ոլորտում (ներառյալ ռուս-հարավօսական պետական սահմանի վերահսկողության կատարելագործման հարցերը)»,- նշված է համաձայնագրում։

Փաստաթղթում որպես նպատակներ նշվում են նաև «սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը, ենթակառուցվածքների և մարդկային ներուժի զարգացումը, իրավական նորմերի ներդաշնակեցումը, ինչպես նաև կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի համար բարենպաստ միջավայրի ստեղծումը»։

Ռուսաստանի խորհրդարանը վավերացրել է փաստաթուղթը։ Իր հերթին Գագլոևը նմանատիպ վավերացման գործընթացի համար օրինագիծ է ուղարկել Հարավային Օսիայի խորհրդարան։

Ռուսաստանը Հարավային Օսիան ճանաչել է որպես անկախ պետություն 2008-ի օգոստոսյան պատերազմից անմիջապես հետո։ Այդ ժամանակից ի վեր Հարավային Օսիան ճանաչել են նաև Վենեսուելան, Նիկարագուան, Սիրիան և Նաուրուն։

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը մեկնաբանել է մայիսի 9-ի համաձայնագրի վավերացումը՝ ընդգծելով, որ մինչ այդ օրը վրացական կառավարությունը որևէ հրապարակային արձագանք չէր տվել փաստաթղթին։

«Կառավարությունը, որը ճնշում է սեփական ժողովրդին՝ Վրաստանի եվրոպական ապագան ընտրելու համար, լռում է, մինչ մեր երկրի տարածքների բացահայտ անեքսիայի գործընթաց է ընթանում»,- հայտարարել է կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին։

Նա նաև նշել է՝ «ոչ պակաս մտահոգիչ է», որ փաստաթղթին չեն արձագանքել այն երկրները, որոնք «ավանդաբար եղել են Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործընկերները»։

«Սա [իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա] Իվանիշվիլիի ռեժիմի վարած քաղաքականության տրամաբանական արդյունքն է, որը մեր երկիրը թողել է միջազգային մեկուսացման մեջ»,- ասել է նա՝ կրկնելով իշխող կուսակցության ընդդիմախոսների ավելի լայն քննադատությունը, ըստ որի կառավարությունը հեռացնում է Վրաստանը իր ավանդական արևմտյան գործընկերներից։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում