Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
«Մոլագար մարդասպանների կուլտ» (Maniacs Murder Cult) անվամբ հայտնի «ռասայական շարժառիթներով բռնի ծայրահեղական միջազգային խմբավորման» առաջնորդներից մեկը՝ Վրաստանի քաղաքացի, 22-ամյա Միխայիլ Չխիկվիշվիլին, ԱՄՆ-ում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ «ատելության հողի վրա հանցագործությունների կոչերի և ռումբեր ու ռիցին պատրաստելու հրահանգներ տարածելու» համար։
Մայիսի 13-ին հրապարակված հաղորդագրությունում ԱՄՆ արդարադատության նախարարությունը նշել է, որ Չխիկվիշվիլին «աշխարհի տարբեր երկրներում հրահրել է բազմաթիվ հարձակումներ և սպանություններ»։
Չխիկվիշվիլին առաջին անգամ ձերբակալվել էր 2024-ի հուլիսին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, որտեղ մնացել էր մինչև 2025-ի մայիսին ԱՄՆ արտահանձնվելը։
Ըստ հաղորդումների՝ 2021-ի սեպտեմբերից Չխիկվիշվիլին սկսել էր տարածել «Ատողի ձեռնարկ» (Hater’s Handbook) անվամբ մանիֆեստը, որտեղ գրել էր, որ «սպանել է հանուն սպիտակ ռասայի»՝ միաժամանակ խրախուսելով և հրահանգելով ուրիշներին անել նույնը զանգվածային բռնությունների և «էթնիկ զտումների» շրջանակում։ Ձեռնարկը հատկապես կոչ էր անում հարձակումներ իրականացնել ԱՄՆ տարածքում։
Դատարանում մեղադրող կողմը նշել է, որ ձեռնարկի հետ կապվել են մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ 2024-ի օգոստոսին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում մզկիթի մոտ տեղի ունեցած զանգվածային դանակահարությունը և 2025-ի հունվարին Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետևանքով զոհվել էր 16-ամյա աշակերտ։
2022-ի հունիսին Չխիկվիշվիլին այցելել էր Բրուքլին, որտեղ, ըստ մեղադրանքի, Telegram-ի միջոցով ուրիշներին կոչ էր անում կատարել բռնի ատելության հողի վրա հանցագործություններ՝ միաժամանակ դավադրություն կազմակերպելով մեկ այլ նեոնացիստական խմբավորման առաջնորդի հետ։ Նա նաև կապ էր հաստատել մի անձի հետ, որը ներկայացել էր որպես հավանական նոր անդամ, սակայն իրականում Հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնի աշխատակից էր։
Գաղտնի գործակալի հետ զրույցներում Չխիկվիշվիլին սկսել էր ծրագրել «Նյու Յորքում Ամանորի գիշերը զանգվածային զոհերով հարձակում»։ Ծրագիրը ենթադրում էր, որ անձը պետք է Սանտա Կլաուսի կերպարանքով թունավորված քաղցրավենիք բաժաներ ռասայական փոքրամասնություններին։ 2024-ի հունվարին ծրագիրը վերափոխվել էր՝ հատուկ թիրախ դարձնելով Բրուքլինի հրեա երեխաներին։
««Մոլագար մարդասպանների կուլտի» առաջնորդ Չխիկվիշվիլին բազմիցս կոչ է արել սպանել անմեղ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, և ծրագրել է հարձակումներ ու ահաբեկչություն հրեական համայնքների և ռասայական փոքրամասնությունների դեմ ԱՄՆ-ում»,- հայտարարել է ազգային անվտանգության հարցերով արդարադատության նախարարի օգնական Ջոն Այզենբերգը։
«Այսօրվա դատավճիռը գոնե որոշ ժամանակով հեռացնում է հրեշին մեր փողոցներից և պաշտպանում մեր համայնքները»,- հավելել է նա։
Առանձին հայտարարությամբ արդարադատության նախարարի օգնական Հարմիթ Դիլոնը շեշտել է, որ «նման բռնությունները ծրագրող և խրախուսող անձինք չեն կարող ապաստան գտնել համացանցի մութ անկյուններում։ Մեր իրավապահ գործընկերների հետ անխոնջ կհետապնդենք և պատասխանատվության կենթարկենք այս հանցագործներին»։












