Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ Ներքին գործերի նախարարության կազմում կստեղծի հատուկ ստորաբաժանում, որը կհետևի և պատժամիջոցներ կկիրառի «ատելության խոսքի, վիրավորական արշավների և հանրային դաշտում ագրեսիվ հաղորդակցության» դեպքերում։ Քննադատները նախաձեռնությունը գնահատել են որպես պետական գրաքննության հնարավոր հերթական ընդլայնում։
Ծրագիրը մայիսի 18-ին ներկայացրել է Մամուկա Մդինարաձեն, որը ներկայում զբաղեցնում է նորաստեղծ՝ իրավապահ մարմինների միջև համակարգման հարցերով պետական նախարարի պաշտոնը։ Ավելի վաղ նա ղեկավարել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը, իսկ մինչ այդ եղել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական առաջնորդը։
Մդինարաձեն նշել է, որ իր գրասենյակն ու ՆԳՆ-ն «մանրամասն» խորհրդակցություններից հետո համաձայնության են եկել նոր ստորաբաժանման ստեղծման շուրջ։
Նրա խոսքով՝ ստորաբաժանման լիազորությունները տարածվելու են «հանրային հաղորդակցության ցանկացած տեսակի» վրա, որը պետությունը կհամարի պատժելի, և այն գործելու է «պրոակտիվ» ձևով, այսինքն՝ աշխատանքը կախված չի լինելու միայն քաղաքացիների բողոքներից։
«Գերատեսչությունն ինքն է իրականացնելու մոնիթորինգ, պատրաստելու է իրավական գնահատականներ և անհրաժեշտության դեպքում նյութերը փոխանցելու է դատարան», - ասել է նա։
Մդինարաձեի խոսքով՝ ստորաբաժանման ստեղծումը չի ուղեկցվելու օրենսդրական փոփոխություններով, քանի որ «համապատասխան իրավական շրջանակն արդեն գոյություն ունի և արդեն կիրառվում է»։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ օրենքների մասին է խոսքը։ Սակայն 2025-ի փետրվարին իշխող կուսակցությունն ընդունել էր օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետական և քաղաքական պաշտոնյաներին վիրավորելը ճանաչվել էր վարչական իրավախախտում։ Փոփոխություններով նման արարքները պատժվում են տուգանքով կամ մինչև 45 օրվա վարչական կալանքով առաջին խախտման դեպքում և մինչև 60 օր կալանքով՝ կրկնվելու դեպքում։
Հետագայում վրացական դատարանները տուգանել են կառավարության մի շարք քննադատների՝ հրապարակումների և մեկնաբանությունների համար, իսկ որոշներին նաև դատապարտել մի քանի օրվա կալանքի։
Սա վերջին երկու տարիներին ընդունված սահմանափակող օրենսդրական մի շարք փոփոխություններից մեկն էր, որոնց միջոցով իշխող կուսակցությունը թիրախավորել է քննադատներին՝ ներառյալ մեդիան, քաղաքացիական հասարակությունը, ակտիվիստներին և քաղաքական ընդդիմությանը։
«Գրաքննություն»
Մդինարաձեի հայտարարությունը ողջունել են իշխող կուսակցության ներսում։ Կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ «սոցիալական ցանցերում աներևակայելի բաներ են տեղի ունենում՝ վիրավորական հրապարակումներ և հայտարարություններ»։
«Իհարկե, այս ամենը պետք է կարգավորվի, և պետք է լինի փոխադարձ հարգանք», - ասել է նա։
Մեկնաբանելով նախաձեռնությունը՝ «Վրացական երազանքի» պատգամավոր Դավիթ Մատիկաշվիլին կրկնել է կուսակցության արդեն ձևավորված հռետորաբանությունը և պնդել, որ Վրաստանում ատելության խոսքը «դրսից է ներմուծվել»՝ «արտասահմանյան ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպությունների և քարոզչական հեռուստաալիքների» միջոցով։
«Ուստի բնական է, որ գործող իրավական շրջանակը պետք է արդյունավետ կիրառվի, քանի որ սա պետության պարտավորությունն է», - հավելել է նա։
Ընդդիմախոսներն ու քննադատները մերժել են կառավարության հիմնավորումները՝ մի մասը մատնանշելով հենց իշխող կուսակցության դերը հանրային դիսկուրսում ագրեսիվ և բախումնային հռետորաբանության տարածման մեջ։
Նշելով, որ քաղաքական դաշտում «բոլոր կողմերից» կա «ատելության և ատելությամբ լի լեզվի անընդունելի մակարդակ»՝ «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, նախկինում «Վրացական երազանքի» պաշտոնյա Նաթիա Մեզվրիշվիլին ասել է, որ «երբ ատելության խոսքի գլխավոր ստեղծողն է փորձում այն «կարգավորել», դա կոչվում է գրաքննություն»։
Վրաց երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) նախագահ Թամար Օնիանին, գնահատելով կառավարության նոր ծրագիրը, հիշեցրել է պաշտոնյաներին վիրավորելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները։
«Թվում է, թե ներդրվում է այլախոհության համակարգային վերահսկողության ինստիտուցիոնալ մեխանիզմ։ Սակայն դրա բովանդակությունը նոր չէ, և դրա իրավական հիմքը, ի թիվս այլ տարրերի, ստեղծվել էր դեռ 2025-ին», - ասել է նա։
Օնիանին հիշեցրել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի 2025-ի նոյեմբերի կարծիքը, որտեղ նշվում էր, որ ձևակերպումները կամայական կիրառման ռիսկեր են ստեղծում։
«Քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները չունեն արտոնյալ կարգավիճակ, որը նրանց պաշտպանի կոշտ քննադատությունից։ Հայտարարված մեխանիզմը թվում է գրաքննության ձև և որևէ կապ չունի ժողովրդավարական հասարակությունում շահերի հավասարակշռման հետ», - հավելել է նա։
Ինքը՝ Մդինարաձեն, հերքել է գրաքննության մտադրությունը՝ հայտարարելով, որ «այս որոշման նպատակը որևէ կերպ մտքի կամ արտահայտման ազատությունը սահմանափակելը չէ»։
Նա չի նշել ստորաբաժանման ստեղծման հստակ ժամկետները, սակայն ասել է, որ այն կձևավորվի «մի քանի շաբաթվա ընթացքում»։ Նա նաև չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ մեխանիզմներով է նոր ստորաբաժանումը վերահսկելու առցանց և օֆլայն տարածքները։












