70 օր անհետ կորած համարվող Կոլյա Ստեփանյանի «Որտեղ» վեպը պատմում է հեղինակի ու զինակից ընկերների՝ շրջափակման մեջ անցկացրած օրերը։
«Այս գրքով ուզում եմ պաշտպանել պատերազմը։ Ո՞նց կարելի է պաշտպանել պատերազմը, կհարցնես դու։ Թեկուզ և ասել, որ այն այնքան էլ սարսափելի բան չէ»։
Լույս է տեսել 70 օր անհետ կորած համարվող Կոլյա Ստեփանյանի «Որտեղ» գրքի հայերեն թարգմանությունը։ Ռուսաստանաբնակ Կոլյան գալիս է Հայաստան՝ զինվորական ծառայության։ 2020-ի սեպտեմբերին սկսվում է պատերազմը։ Մարտական գործողությունների մեկնարկից երկու շաբաթ անց Կոլյայից այլևս լուր չկա։ Հեղինակի պատումը իր ու զինակից ընկերների կյանքն է այդ 70 օրերի ընթացքում՝ ողջ մնալու ու ելք գտնելու փորձերը։ Գիրքը գեղարվեստավավերագրական է, բնագիրը ռուսերեն է։
Վեպը մաքուր վավերագրություն չէ։ Ի՞նչը դրդեց գեղարվեստական բաղադրիչ ավելացնելուն։
«Հադրութ քաղաքի մոտ լիակատար շրջափակման մեջ եմ։ Հիշում եմ իմ սիրելի բոլոր ֆենթըզի պատմություններն ու հասկանում, որ իմը դրանց ոչնչով չի զիջում։ Բայց, այ քեզ փորձանք, ես Հադրութ քաղաքի մոտ կատարյալ շրջապատման մեջ եմ»։
Եթե խոսքը հորինված գլուխների մասին է, եղավ այսպես. ես գրեցի տեքստեր, տեղավորեցի ընդհանուր կոմպոզիցիայի մեջ։ Աշխատեց։ Որոշեցի՝ թողնեմ։
«Արդյոք այս փողոցներում երբևիցե նորից հայերեն խոսք կհնչի՞։ Արդյոք Սուրբ Խաչ եկեղեցու պատերը երբևիցե կլսե՞ն հավատացյալի ձայնը «Հայր մեր» շշնջալիս»։

Վեպում սարսուռ արթնացնող դրվագներ են նկարագրվում, բայց այն լիովին պաշտպանված է վերամբարձությունից։ Մեծ ուղերձներ հղելու, հայրենիքի մասին ճոխ բառերով խոսելու գայթակղություն ընդհանրապես չկա՞ր։
Շատ են ասել, որ վեպում պաթոս չկա։ Ես էլ էի այդպես կարծում ու, գուցե և, հպարտանում։ Բայց վերջերս, չեմ հիշում ինչու ու ինչպես, պաթոս բառի իմաստը սկսեցի փնտրել։ Պարզվեց՝ հունարենից է, բուն իմաստը՝ կիրք, ոգեշնչում, տառապանք։ Կարծում եմ, որ վեպիս մեջ այս ամենը կա։ Այլ հարց է, որ այդ բառը երկար ճանապարհ է անցել ու վերջիվերջո բացասական նշանակություն ստացել։ Հավանաբար նրանից է, որ մարդիկ, որպես կանոն, վատ պաթոսի են առնչվում։
«Մահվանը մոտ լինելը շատ սթափեցնող էր։ Մեր երակներում դեռ խաղում էր ադրենալինի զարկը։ Ես ծխում էի ու ժպտում»։
Կարծես թե, պատերազմի սարսափը ողջ սրությամբ գրքում ներկայացնելու նպատակ չունեք։ Նույնիսկ կարելի է դեռահասներին խորհուրդ տալ։ Ինչո՞ւ է այսպսես ստացվել. որովհետև սարսափը գերակայող զգացումը չէ՞ր այդ 70 օրվա ընթացքում։
Հետաքրքիր է. ես, այնուամենայնիվ, համաձայն չեմ։ Կարծում եմ՝ գրքում բավականաչափ սարսափներ են նկարագրված։ Այլ հարց է, որ դուք նայում եք այս պատմությանը զինվորի աչքերով, որն արդեն ընդունել է իր մահն ու հայտնվել մի վիճակում, որը կարելի է անտարբերություն անվանել։ Կամ ապատիա։ Ու նորից, ճիշտ, ոչ ժամանակավրեպ բառեր ընտրելն իր գործը արել է։ Ես վերահսկում եմ ջերմաստիճանը։
«Երեք ամիս շարունակ ուտում, խմում ու քնում էինք վայրի բնության գրկում։ Մարդու կառուցած աշխարհից դուրս։ Իր բոլոր վտանգներով։ Իր բոլոր հրաշալիքներով»։

Ամենազայրացնող հարցը, որ ստանում եք պատերազմից հետո։ Գուցե հենց լրագրողներից։
Ես իրոք անսահման շնորհակալ եմ բոլոր լրագրողներին վերջին մեկ ու կես տարվա ընթացքում արված հարցազրույցների համար։ Ինձ համար կարևոր է, որ գիրքը տարածվի, նրանք, դուք ևս այդ գործընթացում առանցքային դեր եք խաղում։ Բայց ինչ վերաբերում է բուն հարցին, ապա կասեմ, որ չեմ սիրում, երբ հարցնում են Հայաստան տեղափոխվելուս պատմությունը, չեմ սիրում դա պատմել։
«Օրվա վերջին հրաժեշտի sms եմ գրում եղբորս։ Կնոպչնի Նոկիայով տառերն եմ փորձում գտնել (պն հեռախոսով հրաժեշտի նամակ գրելը սարսափելի տանջանք է։ Ժամանակ առ ժամանակ ստիպված էի լինում կանգ առնել, սրբել արցունքներս։ Որպեսզի նորմալ տեսնեի անտեր էկրանը)»։
Ծանո՞թ եք 44-օրյա պատերազմից հետո պատերազմի մասին գրված ստեղծագործություններին։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ պատերազմի մասին գրում են նաև դրանում անմիջականորեն չմասնակցած մարդիկ։
Այս թեմայով ոչինչ չեմ կարդացել։ Մի գիրք կա, որ շատ եմ ուզում կարդալ, բայց առաջին պատերազմի մասին է՝ «Սև գիրք, ծանր բզեզ»։ Իմ լավ ընկեր ու գրքի թարգմանիչ Նորայր Մանվելյանն է խորհուրդ տվել։ Ինձ դուր է գալիս, որ գեղարվեստական տեքստեր են գրվում՝ լինի գիրք, օրագիր, թե ուղղակի նշումներ։ Ես հավատում եմ, որ գրելը լավ է հոգու համար։
«Տանիքում անցկացրած առաջին շաբաթվա ընթացքում երկու գիրք կարդացի։ Առաջինը «451 աստիճան ըստ Ֆարենհեյթի»-ն էր։ Փոքր ժամանակ արդեն կարդացել էի, բայց բան չեմ հիշում։ Զվարճալի էր հակաուոպիա կարդալը այնպիսի պայմաններում, որում հայտնվել էի»։

Ինչպիսի՞ն չպիտի լինի պատերազմի մասին պատմող ստեղծագործությունը։ Որո՞նք են «չի կարելի»-ները։
«Չկան այդպիսիք։
«Կա միայն մեկ իսկապես կարևոր ձայն։ Խղճի ձայնը։ Ճշմարտության ձայնը։ Նրա ձայնը։ Մի ձայն, որ մեզ հաճախ տարօրինակ տեղեր է տանում։ Վախենալի տեղեր։ Տրորված արահետներից հեռու։ Դեպի ուրույն, եզակի Ուղին։ Որտեղ ամեն բան անհայտ է»։
Արցախի ամբողջական կորստից հետո այս ճանապարհը որոշակիորեն արժեզրկվե՞ց Ձեզ համար։ Առաջացա՞վ միտքը, թե հանուն ինչի էր սա պետք:
Եթե ճանապարհ ասելով նկատի ունեք Հայաստան տեղափոխվելու և ծառայության անցնելու իմ որոշումը, չէ, չեմ ափսոսում։ Այս ճանապարհն ինձ լավ տեղ է բերել։ Կոլեկտիվ կյանքից բացի կա անձնական կյանք։ Անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, իրականում այդ կոլեկտիվ կյանքում էլ է ամեն ինչ նորմալ։ Զինվոր լինելն ինձ համար մեծ պատիվ է։ Ինչպես կարելի է զղջալ, որ դժվար պահին իմ եղբայրների հետ եմ եղել։ Գրքի հերոսներն իմ եղբայրներն են։
Հայաստանի մասին Ռուսաստանում այն ժամանակ՝ պատանի տարիքում, ի՞նչ գիտեիք։
Այդ հարցին ավելի լավ պատասխանում է գրքի այս հատվածը.
«Երբ գիտակից տարիքում առաջին անգամ Հայաստան եկա, տասնհինգ տարեկան էի։ Հենց այդ ժամանակ էր, երբ առաջին անգամ տանը զգացի, ընդունված զգացի։ Այսինքն՝ ընդունված լինել-չլինելու հարցը առհասարակ դադարեց գոյություն ունենալուց։ Ամենուր ինձ նման մարդիկ են՝ նույն տեսքով, նույն լեզվով խոսող։ Ախր ես նույնիսկ չգիտեի, որ հնարավոր է առանց ծագումիցս ամաչելու փողոցում քայլել։ Ես նույնիսկ չգիտեի, որ ամոթի այդպիսի զգացում առհասարակ ունեի»։
Զրուցեց Հասմիկ Հովհաննիսյանը












