Գլխավոր Լրահոս

Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը կալանավորվել է

Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը կալանավորվել է

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նա կալանավորվել է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։ 

Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանելուց հետո։

Կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթուր Օսիպյանը  մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ Ֆեյսբուքի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:

«Բացի այդ, Արթուր Օսիպյանը, տեղեկանալով  վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:

Այնուհետև, Արթուր Օսիպյանը հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

***

Մայիսի 19-ին Արթուր Օսիպյանն իր ֆեյսբուքյան էջում հետևալ գրառումն էր արել․ «Թե Նիկոլի տեղը իմացող կա ասեք բռնցնեմ բնբուլները հանեմ օդ։ Բա կերավ մեր միսը»։

Գրառումից հետո Օսիպյանը գնացել է Արաբկիր վարչական շրջան, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզարշավն էր իրականացնում։ Վարչապետի սոցիալական էջերի ուղիղ եթերում երևում է, թե ինչպես է Օսիպյանը մոտենում վարչապետին և Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հարցեր ուղղում, այնուհետև մեղադրանքներ հնչեցնում։ Նրանց զրույցը վերածվում է բանավեճի, կռվի։ Այնուհետև ակցիայի մասնակիցներն սկսում են քաշքշել Օսիպյանին, և դեպքի վայր են ժամանում ոստիկանության աշխատակիցներ։ Զուգաահեռաբար Փաշինյանը շարունակում է վիրավորական արտահայտություններ հնչեցնել օսիպյանի հասցեին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում