Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Լևան Խաբեիշվիլին դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման՝ 2025-ի հոկտեմբերի 4-ի բողոքի ցույցերից առաջ արած հայտարարությունների համար։ Ցույցերի կազմակերպիչները դրանք այն ժամանակ ներկայացնում էին որպես «խաղաղ հեղափոխություն»։ Նրա դեմ առաջադրված սկզբնական մեղադրանքները վերջին պահին վերաորակավորվել են։
Դատավճիռը մայիսի 21-ին հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Խուսկիվաձեն։ Խաբեիշվիլիի հետ ընդդիմադիր մեկ այլ քաղաքական գործիչ՝ Մուրտազ Զոդելավան, նույնպես դատապարտվել է ինը ամսվա ազատազրկման։ Առանձին գործով, որը ևս կապված է նույն բողոքի ակցիայի հետ, Զոդելավան արդեն դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։
Խաբեիշվիլին՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջատար անդամներից և քաղաքական խորհրդի նախագահը, ձերբակալվել էր 2025-ի սեպտեմբերի 11-ին։ Ձերբակալությանը նախորդել էր նրա հրապարակային առաջարկը՝ 200 հազար դոլար վճարել հատուկջոկատային ոստիկաններին, որպեսզի նրանք չցրեն ցուցարարներին և «բացահայտեն համակարգը»։ Մեղադրող կողմը դա որակել էր որպես պետական պաշտոնյաներին կաշառելու փորձ՝ ապօրինի գործողություն կատարելու դիմաց։
Ավելի ուշ Խաբեիշվիլին, որը «խաղաղ հեղափոխության» հիմնական կողմնակիցներից էր, լրացուցիչ մեղադրվել է նաև պետական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր անելու համար։
Առաջին մեղադրանքը նախատեսում էր չորսից յոթ տարվա ազատազրկում, իսկ երկրորդը՝ մինչև երեք տարվա ազատազրկում։
Ըստ անկախ Netgazeti լրատվամիջոցի՝ նիստի ընթացքում Խուսկիվաձեն վերաորակավորել է Խաբեիշվիլիի առաջին մեղադրանքը՝ նրան մեղադրելով արդեն սաբոտաժի մեջ, մասնավորապես՝ «Վրաստանը թուլացնելու նպատակով պետական կամ այլ ձեռնարկության, հաստատության, կազմակերպության կամ ծառայության բնականոն գործունեությունը խոչընդոտելու» համար։
Դատարանն անփոփոխ է թողել պետական իշխանությունը տապալելու կոչերի վերաբերյալ մեղադրանքը։
Արդյունքում Խուսկիվաձեն Խաբեիշվիլիին դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ սաբոտաժի մեղադրանքով, և 2,5 տարվա՝ իշխանությունը տապալելու կոչերի մեղադրանքով։ Ավելի երկար պատիժը կլանել է ավելի կարճը, ինչի արդյունքում վերջնական պատիժը կազմել է 2,5 տարվա ազատազրկում։
Զոդելավան, որը Խաբեիշվիլիի հետ էր նրա ձերբակալության պահին, նույնպես ներգրավված էր նույն գործում։ Քննիչները նրան մեղադրել են ձերբակալության ընթացքում Խաբեիշվիլիի հեռախոսը թաքցնելու փորձի մեջ, ինչը դատախազությունը դիտարկել է որպես քննությանը խոչընդոտելու գործողություն։
Զոդելավան ձերբակալությունից մի քանի օր անց ազատ էր արձակվել գրավի դիմաց, մինչդեռ Խաբեիշվիլին մնացել էր նախնական կալանքի տակ։ Կարճ ժամանակ անց սահմանափակվել էին նրա տեսակցությունների, նամակագրության և հեռախոսազրույցների իրավունքները։ Պետական անվտանգության ծառայությունը սահմանափակումները հիմնավորել էր վկաների վրա ազդեցություն գործադրելու վտանգով։
Ըստ RFE/RL-ի՝ գործի ապացույցների թվում էին Խաբեիշվիլիի հրապարակային հայտարարությունները հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցների ցուցմունքները։ Նրանք քաղաքական գործչի հրապարակային առաջարկը մեկնաբանել էին որպես «կաշառքի առաջարկ» և այն բնութագրել որպես «վիրավորական»։
Քանի որ Խաբեիշվիլիի հայտարարությունները հրապարակային էին և հնչել էին հեռուստատեսությամբ, դատախազությունը վկաներին ընտրել էր «պատահական ընտրության սկզբունքով»՝ ՆԳՆ-ից խնդրելով նշանակել մի քանի աշխատակից՝ պարզելու համար, թե «ինչ արձագանք» էր առաջացրել Խաբեիշվիլիի դրամական առաջարկը։
«Դատախազությունն ինձ ոչ մի հնարավորություն չի թողել․ եթե նույնիսկ ուզենայի ընդունել մեղքս, ինչի՞ մեջ պետք է խոստովանեի։ Սրանք հրապարակային հայտարարություններ էին», - ասել է Խաբեիշվիլին։
«Այս գործում չկա տուժող, չկա առարկա, և չկա որևէ բարիք կամ նյութական շահ, որը ես կարող էի ստանալ [ինձ վերագրվող գործողությունների դիմաց]», - հավելել է նա։
Զոդելավան և մյուսները՝ այլ գործով ազատազրկման դատապարտվածներ
Քանի որ Խաբեիշվիլին մեկուսացված էր կալանքի պատճառով, նա չի կարողացել մասնակցել 2025-ի հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիային։ Հանրահավաքը նախատեսված էր տեղական ընտրությունների օրը, որոնք ընդդիմության զգալի մասը բոյկոտել էր։
Սակայն Զոդելավան ներկա էր բողոքի բեմում՝ այլ ընդդիմադիր գործիչների հետ, այդ թվում՝ օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի, որը առաջիններից էր, որ հրապարակայնորեն առաջարկել էր այդ ցույցի գաղափարը։ Նրանց հետ հավաքվել էին տասնյակ հազարավոր ցուցարարներ։
Շուտով իրավիճակը քաոսային է դարձել․ Բուրչուլաձեն հայտարարել է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ Զոդելավան կոչ է արել շարժվել դեպի մոտակայքում գտնվող նախագահական պալատ։ Փոքր խումբը ճեղքել է պալատի ցանկապատի մի հատվածը, սակայն արագ հետ է մղվել հատուկջոկատայինների կողմից, ինչից հետո սկսվել են բախումներ։
Իշխող կուսակցությունն արագ օգտագործել է նախագահական պալատի միջադեպը՝ շարժումը կրկին ներկայացնելով որպես բռնի և արտաքին ուժերի կողմից կազմակերպված հեղաշրջման փորձ։
Ըստ Transparency International (TI) Georgia-ի՝ հոկտեմբերի 4-ի նախօրեին և հաջորդ օրերին ձերբակալվել է 66 մարդ։
Թբիլիսիի քաղաքային դատարանն այս գործով ձերբակալված տասը անձանց վերաբերյալ դատավճիռներ է հրապարակել նաև մայիսի 8-ին։ Նրանց թվում էին Զոդելավան և Բուրչուլաձեն, որոնք բազմակի մեղադրանքներով, այդ թվում՝ խմբակային բռնություն կազմակերպելու համար, դատապարտվել են յոթ տարվա ազատազրկման։
Մեղադրյալներից ոչ մեկը իրեն մեղավոր չի ճանաչել։












