Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպառնացող դիմակավորված անձանց շրջանակը մոտավոր պարզվել է, նրանք 2024-ից Հայաստանում չեն։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ասուլիսի ժամանակ, ընդգծելով, որ դա օպերատիվ տեղեկություն է և փաստը ապացուցված չէ։
«Սա օպերատիվ տեղեկություն է, որովհետև մենք ապացույց չունենք, մենք անուն-ազգանուններ ունենք և նրանց հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր են գործադրվել և տեսել ենք, որ նրանք 2024-ից Հայաստանում չեն»,- ասել է վարչապետը։
Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում դիմակավորված անձնիք Արցախի բարբառով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ են հնչեցնում։ Նրանք նշում են, որ իրենք գիտեն, թե Փաշինյանը որ փողոցներով է անցնում և սպառնում են գտնել նրան։ Փաշինյանն իր հերթին սպառնացել էր գտնել տեսանյութի անձանց ու, իր խոսքով «չոքցնել» նրանց։
Հիմնվելով հավանական փաստերի վրա, վարչապետը նշել է, որ տեսանյութի անձինքն նախկինում այլ գործերով իրենց հետաքրքրության տիրույթում են եղել։
«Հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք, հնարավոր է, բայց սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»,- ասել է վարչապետը։










