«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի տարածած տեսանյութի հիման վրա, որտեղ խոսվում էր Ջերմուկի դիրքերից մեկը հանձնելու մասին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Կոմիտեից հայտնում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը մայիսի 21-ին ֆեյսբուքում կից գրառմամբ հոլովակ է տեղադրել՝ «Ժողովուրդ, Ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում», որտեղ վերջինս և մեկ անձ խոսում են Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին:
Պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ալեքսանյանի և այդ անձի կողմից հայտնած տեղեկությունները:
Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով:
Նախաքննությամբ պարզվել է տվյալ տեսանյութում խոսող, դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը, ով մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում:
Վերջինս հարցաքննության ժամանակ հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկատվությունը՝ միաժամանակ նշելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում, մասնակցել է Նարեկ Կարապետյանի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ալիկ Ալեկսանյան, ով տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին՝ անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը: Նշել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:











