Խուզարկում են «պետական դավաճանության» մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանի բնակարանը

«Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում ավարտվել են քննչական գործողությունները։ Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողությունները շարունակում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի բնակարանում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Անդրանիկ Թևանյանը։
Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնել 2021-ին «Հայաստան» դաշինքին աջակցած պատգամավոր Անդրանիկ Թևանյանի դեմ՝ հիմք ընդունել ազգային անվտանգության ծառայությունից ստացած հաղորդումը։
«Այս ամենը խոչնդոտում է մեր քարոզարշավին։ Ուզում են մեր բնակարանը խուզարկեն։ Խուզարկությունը բնակարանում է շարունակվելու։ Այս ամենը ծայրից ծայր անհեթեթություն է»,- ասել է։
Թևանյանը հայտնել է, որ կուսակցության գրասենյակից հեռախոս, համակարգիչ ու փաստաթղթեր են առգրավել։
Անդրանիկ Թևանյանը դեռևս որևէ կարգավիճակ չունի։
Նշվում է, որ հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից՝ նա գաղտնի տեղեկություններ է փոխանցել արտասահմանյան կառույցի ներկայացուցչին՝ խոշոր գումարի դիմաց։ Գործը վերաբերում է 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկությունների մասին։
ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն Քննչական կոմիտե, ակնկալելով, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։ Փաշինյանը, դիմելով իր աջակիցներին, խոստացել էր, որ «լրտեսական ցանցը» արմատախիլ կարվի։










