Գլխավոր Լրահոս

ՍիվիլՆեթի անունից տարածվող կեղծ լուր․ հորինված պատմություն՝ Փաշինյանի ՄԻԱՎ-ի մասին

ՍիվիլՆեթի անունից տարածվող կեղծ լուր․ հորինված պատմություն՝ Փաշինյանի ՄԻԱՎ-ի մասին

ՍիվիլՆեթի անունից սոցցանցերում մայիսի 21-ից տարածվում են տեսանյութեր, որոնցում պնդվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս)։

Ըստ հրապարակումների՝ Փաշինյանի մոտ ՄԻԱՎ-ը հայտնաբերվել է դեռ 2010-ին՝ բանտարկության ընթացքում, իսկ որպես «ապացույց» ներկայացվում է իբր բժշկական փաստաթուղթ։ Բացի սոցիալական ցանցերից, այս տեղեկությունը, կրկին ՍիվիլՆեթին հղում տալով, տարածում են մի շարք հայալեզու կայքեր՝ yerkir24.am-ը և armflash.am-ը։

ՍիվիլՆեթը, սակայն, նման հրապարակում չի արել, և որպես ապացույց ներկայացվող փաստաթուղթը կեղծ է։ 

ՍիվիլՆեթի տարբերանշանը՝ կեղծ լուրին վստահելի տեսք հաղորդելու համար

Տարածվող տեսանյութերում օգտագործվում է ՍիվիլՆեթի տարբերանշանը, ինչպես նաև հեղինակային Daily Armenia հաղորդումից վերցված կադրեր՝ ստեղծելով տպավորություն, թե հրապարակումները պատրաստվել են ՍիվիլՆեթի կողմից։ 

Սակայն, ինչպես այս հաղորդման շրջանակում, այնպես էլ ընդհանրապես, ՍիվիլՆեթը նման տեղեկություն չի տարածել և նման տեղեկության չի տիրապետում։

Առաջին անգամ չէ, որ նույն սխեմայով օգտագործվում է ՍիվիլՆեթի տարբերանշանը՝ օգտատերերին մոլորեցնելու և կեղծ տեղեկություններին վստահելի տեսք հաղորդելու համար։

Տես՝ Կեղծ լուր՝ Սիվիլնեթի անունից․ հորինված պատմություն Հայաստանում աբորտների արգելքի մասին

Տարածվող տեսանյութին ուղեկցող ձայնը գեներացված է արհեստական բանականության միջոցով, ինչը հաստատվում է նաև ԱԲ բովանդակություն հայտնաբերող գործիքների արդյունքներով։

Էկրանապատկերը՝ ԱԲ-ն հայտնաբերող հարթակից
Էկրանապատկերը՝ ԱԲ-ն հայտնաբերող հարթակից

Ինչ վերաբերում է տեսանյութում ներկայացված պնդումներին, ապա դրանք անհիմն են և որևէ վստահելի աղբյուրով չեն հաստատվում։ Որպես ապացույց ներկայացվող միակ «փաստաթուղթն» էլ ակնհայտ կեղծ հատկանիշներ ունի։ Այն ամբողջությամբ լրացված չէ։ Բացի կնիքից, փաստաթղթում բացակայում են դրա իսկությունը հաստատող այլ նշումներ, օրինակ՝ բժշկի ստորագրությունը։ 

Էկրանապտկերում՝ «հիվանդության պատմագրում» բաց թողնված տողերը
Էկրանապտկերում՝ «հիվանդության պատմագրում» բաց թողնված տողերը

Բացի այդ, «փաստաթղթի» կնիքի վրա նշված է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը, ինչը ևս կասկածի տակ է դնում դրա իսկությունը, քանի որ այս կենտրոնը մասնագիտացած է ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ։ 

X-ում՝ տասնյակ տարածումներ

Տեսանյութը X հարթակում ակտիվորեն տարածվում է տասնյակ կեղծ օգտահաշիվների միջոցով, որոնց մեծ մասը Հայաստանի հետ կապ չունեցող էջեր են և հիմնականում հրապարակում են հումորային, սպորտային, կրիպտոարժույթների թեմաներով գրառումներ։ Նմանատիպ էջերը հաճախ են կիրառվում ապատեղեկատվական արշավներին արհեստական մասշտաբ հաղորդելու նպատակով։

Էկրանապատկերը՝ X-ում տարածումներից
Էկրանապատկերը՝ X-ում տարածումներից

Հատկապես ուշագրավ է շուրջ 600 հազար հետևորդ ունեցող Syrian Girl օգտահաշվի մասնակցությունը։ Syrian Girl-ը կամ Maram Susli-ն ներկայանում է որպես Ավստրալիայում բնակվող սիրիացի լրագրող և բազմիցս տարածել է Սիրիայի պատերազմի, այդ թվում՝ քիմիական հարձակումների վերաբերյալ դավադրապաշտական ու Ասադի իշխանություններին աջակցող թեզեր։ Բացի այդ, նա որպես մեկնաբան պարբերաբար հանդես է գալիս ռուսական պետական RT (Russia Today) հեռուստաալիքով, 2024-ին Մոսկվայում մասնակցել է «Ռուսասերների միջազգային շարժման» համագումարին։

Կեղծ լուրը տարածած կեղծ լրատվականները 

Ինչպես նշեցինք, ՍիվիլՆեթին հղում անելով, լուրը հրապարակել են նաև հայալեզու  yerkir24.am և  armflash.am կայքերը։ Առաջինը ստեղծվել է 2025-ի նոյեմբերի 12-ին, իսկ մյուսը՝ նոյեմբերի 30-ին։ Կայքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում գրեթե բացակայում է սեփական բովանդակությունը․ հրապարակումները հիմնականում այլ լրատվամիջոցներից վերատպված նյութեր կամ կեղծ ու մանիպուլատիվ հոդվածներ են։

Միջազգային հետազոտողները նմանօրինակ ձևաչափով իրականացվող ապատեղեկատվական արշավները բնորոշում են Storm-1516 անվամբ։ Storm-1516 ապատեղեկատվական արշավը ռուսական ծագում ունեցող համակարգված ցանց է, որը կիրառում է հիբրիդային պատերազմի միջոցներ՝ արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակություն, կեղծ լրատվական կայքեր, բազմալեզու deepfake-եր և ժամանակավոր հաշիվներ։ 

Ռուսական Gnida Project հետազոտական նախաձեռնությունը, որը զբաղվում է ռուսաստանյան ապատեղեկատվական արշավների բացահայտմամբ, ևս անդրադարձել է այս հրապարակմանը՝ նշելով արշավի հետքերը։

Այսպիսով, ՍիվիլՆեթի անունն ու տարբերանշանը օգտագործվել են կեղծ տեղեկություն տարածելու և հրապարակմանը վստահելի լրատվամիջոցի բովանդակության տեսք հաղորդելու համար։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում