Գլխավոր Լրահոս

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մատնանշում է վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահումները հայաստանյան ընտրարշավում

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը մատնանշում է վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահումները հայաստանյան ընտրարշավում

Սիրանուշ Ադամյան

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ/ODIHR) ընտրությունների դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջանկյալ զեկույցը, որն ընդգրկում է ապրիլի 23-ից մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածը։ Զեկույցում արձանագրվում է, որ ընտրությունները տեղի են ունենում «բևեռացված և հուզական առումով բավականին լարված միջավայրում», որի վրա մեծ ազդեցություն են ունեցել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, սահմանադրական փոփոխությունների շուրջ բանավեճերը, արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը, ինչպես նաև իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև խորացող հակասությունները։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը նշում է, որ ընտրական վարչարարությունն ընդհանուր առմամբ պահպանել է օրենքով սահմանված ժամկետները, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը բազմաթիվ զրուցակիցների կողմից գնահատվել է դրական։ Սակայն զեկույցը միաժամանակ արձանագրում է մի շարք համակարգային խնդիրներ, որոնք վերաբերում են քաղաքական մթնոլորտին, քարոզարշավի բնույթին, վարչական ռեսուրսների հնարավոր չարաշահմանը, առցանց քարոզչության անկանոն դաշտին և ընտրական իրավունքի որոշ սահմանափակումների։

Զեկույցում նշվում է, որ թեև վերջին տարիների օրենսդրական փոփոխությունները մասամբ իրականացրել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի նախկին առաջարկությունները՝ վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակաշառքի և հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիության մասով, մի շարք կարևոր առաջարկություններ շարունակում են անտեսված մնալ։ Դրանց թվում են «ընտրողների տվյալների պաշտպանության, լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկության, երկքաղաքացիների թեկնածու առաջադրվելու իրավունքի» և հասարակական կազմակերպությունների դիտորդական գործունեության հետ կապված հարցերը։

Մտահոգություններ իշխանության հնարավոր չարաշահումների վերաբերյալ 

Զեկույցում առանձին շեշտադրվում են նաև իշխանության կողմից վարչական և քաղաքական առավելությունների հնարավոր օգտագործման վերաբերյալ մտահոգությունները։ Թեև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը խուսափում է ուղիղ մեղադրանքներից, փաստաթղթում նկարագրված մի շարք հանգամանքներ վերաբերում են հենց գործող իշխանության գործունեությանը և ընտրարշավի ընթացքում պետական ու կուսակցական ռեսուրսների սահմանների հնարավոր խառնմանը։

Դիտորդական առաքելությունը նշում է, որ մի շարք կուսակցություններ քարոզչությունը սկսել են դեռ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ, իսկ որոշ միջոցառումներում նկատվել է «պետական պաշտոնական գործունեության և նախընտրական քարոզչության միջև հստակ տարանջատման բացակայություն»։

Որպես օրինակ զեկույցում հիշատակվում են ապրիլին Գյումրիում և Երևանում կազմակերպված «Խաղաղության ձայն» համերգները, որոնք «համահունչ էին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական կարգախոսին՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը»։ Փաստաթուղթը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Գյումրիի համերգը մեծապես ընկալվել է որպես կուսակցության քարոզարշավի մեկնարկային միջոցառում։

Զեկույցում անդրադարձ կա նաև ընտրություններից առաջ իշխանությունների կողմից իրականացված սոցիալական և տնտեսական ծրագրերին, որոնք որոշ զրուցակիցներ գնահատել են որպես գործող իշխանությանը նպաստող քայլեր։ Դրանց թվում նշվում են կենսաթոշակների և նպաստների բարձրացումը, բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները, մարզերին լրացուցիչ ֆինանսավորման հատկացումները և զրոյական տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերի ծրագրերը։

Միաժամանակ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը արձանագրում է, որ «մի շարք մարզերում» իրենց զրուցակիցները տեղեկություններ են փոխանցել վարչական ռեսուրսների օգտագործման արգելքի հնարավոր խախտումների մասին։

Փաստաթուղթը նաև ուշադրություն է դարձնում վարչապետ Փաշինյանի հռետորաբանությանը։ Զեկույցում նշվում է, որ նա ընտրությունները ներկայացրել է «անվտանգության խիստ շեշտադրումներով» և հայտարարել, թե ընդդիմության հաղթանակը «կհանգեցնի պատերազմի», իսկ ընդդիմադիր մի քանի ուժերի առաջնորդներին անվանել է «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

Դիտորդներն արձանագրում են, որ շատ կուսակցություններ քարոզարշավ սկսել են դեռ պաշտոնական քարոզչության մեկնարկից առաջ, իսկ հանրային խոսույթը «ունի պառակտող և կոշտ բնույթ և աչքի է ընկնում պատերազմական հռետորաբանությամբ»։ Զեկույցում առանձնահատուկ նշվում է կառավարության «Իրական Հայաստան» ծրագիրը և դրա շուրջ ծավալվող սուր քաղաքական հակադրությունը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի շուրջ վեճերը։

Դիտորդական առաքելությունը նաև արձանագրել է հնարավոր ընտրախախտումների և վարչական ճնշումների վերաբերյալ մտահոգություններ։ Զեկույցում ասվում է, որ ընդդիմադիր և քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնել «վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրություններից կարճ ժամանակ առաջ ներդրված բյուջետային հավելավճարների վերաբերյալ»։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը նշում է, որ ընտրությունների նշանակման պահից ի վեր հարուցվել են «ենթադրյալ ձայների գնման և բարեգործական կառույցների չարաշահման հետ կապված մի շարք քրեական գործեր, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների անդամների նկատմամբ»։ Զեկույցում հատուկ անդրադարձ կա «Ուժեղ Հայաստան» կուսակցության շուրջ քրեական գործերին։ Նշվում է, որ իշխանությունները նախաձեռնել են «ձայների գնման և կաշառքի հետ կապված ավելի քան 54 քրեական վարույթ», որոնց մեծ մասը վերաբերում է այդ քաղաքական ուժի աջակիցներին։

Միաժամանակ, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը արձանագրում է, որ ընդդիմությունը այս գործերը դիտարկում է որպես քաղաքական ճնշում։ Զեկույցում նշվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները քրեական հետապնդումները բնութագրում են որպես «քաղաքական շարժառիթներով պայմանավորված», մինչդեռ իշխանությունները պնդում են, որ քննություններն իրականացվում են օրենքի շրջանակում։

Քարոզարշավի վերաբերյալ զեկույցը նաև արձանագրում է վարչական ռեսուրսների հնարավոր չարաշահման դեպքեր։ ԺՀՄԻԳ-ի փոխանցմամբ՝ «մի շարք մարզերում» իրենց զրուցակիցները հայտնել են նման կանոնների խախտումների մասին։ Բացի այդ, մի շարք քաղաքական և հասարակական դերակատարներ քննադատել են ընտրություններից անմիջապես առաջ սոցիալական և տնտեսական ծրագրերի ակտիվացումը՝ դրանք դիտարկելով որպես իշխանությունների համար շահավետ քայլեր։

Զեկույցում առանձին անդրադարձ կա նաև տեղեկատվական դաշտին։ Ըստ դիտորդների՝ Հայաստանի մեդիա միջավայրը շարունակում է բազմակարծիք մնալ, սակայն «փոքր և շարունակաբար կրճատվող գովազդային շուկայի պատճառով առավել խոցելի է դառնում քաղաքական ազդեցության նկատմամբ»։ Մի շարք զրուցակիցներ մտահոգություններ են հայտնել «մամուլի ազատության միջավայրի թուլացման» և առցանց լրատվամիջոցների ու բլոգերների դեմ դատական հայցերի կապակցությամբ։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը նաև արձանագրում է, որ սոցիալական ցանցերում իրականացվող քարոզչությունը գործնականում չի վերահսկվում։ Զեկույցում նշվում է, որ «ոչ մի կառույց չունի առցանց քարոզարշավի մշտադիտարկման լիազորություն», մինչդեռ առցանց քաղաքական գովազդը լայնորեն օգտագործվում է կուսակցությունների կողմից։

Ընտրական իրավունքների մասով զեկույցը քննադատում է հոգեկան առողջության հիմքով ընտրական իրավունքի սահմանափակումները՝ դրանք համարելով միջազգային ստանդարտներին հակասող։ Բացի այդ, նշվում է, որ արտերկրում բնակվող քաղաքացիների մեծ մասը չի կարող մասնակցել քվեարկությանը, եթե ընտրության օրը Հայաստանում չէ։

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը նաև արձանագրում է, որ ընտրողների ցուցակների հրապարակումը՝ ստորագրված տարբերակով, կարող է հակասել ընտրողների անձնական տվյալների պաշտպանության և քվեարկությանը մասնակցելու գաղտնիության վերաբերյալ նախկին առաջարկություններին։

Ընդհանուր առմամբ, զեկույցը նկարագրում է տեխնիկապես կազմակերպված, բայց քաղաքականապես խիստ բևեռացված ընտրական գործընթաց, որտեղ ընտրական մրցակցությունը ուղեկցվում է կոշտ հռետորաբանությամբ, փոխադարձ մեղադրանքներով և ընտրական միջավայրի նկատմամբ վստահության խնդիրներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում