«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր 2026-ի նախընտրական քարոզարշավի շրջանակում գովազդային տեսանյութերով ու պաստառներով ներկայացնում է կառավարության 8 տարիների ձեռքբերումները։ Դրանցից մեկը վերաբերում է աշխատատեղերին։
Փողոցներում գովազդային վահանակների վրա տևական ժամանակ մեծ տառերով գրված էր՝ «309,602 գրանցված նոր աշխատատեղ՝ 2018-2026»։

Նույն թիվը հնչում է նաև կուսակցության տարածած քարոզչական տեսանյութերում։
Սակայն հրապարակված այս թիվը չի հաստատվում պետական կառույցների հրապարակած որևէ տվյալներով։
Հակասական թվեր՝ հենց իշխանության ներսում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026-ի մայիսի 1-ին՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ հրապարակված ուղերձում, հայտարարել էր, որ 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է շուրջ 280,000 աշխատատեղ։ Այսպիսով, կուսակցության նախընտրական պաստառներում ներկայացված ցուցանիշը վարչապետի հնչեցրած թվից ավելի է մոտ 30,000-ով։

Ի՞նչ է ասում պաշտոնական վիճակագրությունը
Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակի վերաբերյալ տվյալներ հրապարակում են երկու հիմնական կառույցներ՝ Վիճակագրական կոմիտեն (ՎԿ) և Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2018-2025 թվականներին գրանցվել է գրանցված աշխատատեղերի կայուն աճ։
Եթե 2018-ի մայիսին (Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել 2018-ի մայիսի 8-ին) պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն, ըստ Վիճակագրական կոմիտեի, 545,003 էր, ապա վերջին հասանելի՝ 2026-ի մարտի տվյալներով այդ թիվը կազմում է 812,448. աճը՝ 267,445։ Այս թիվը չենք ստանում նաև, եթե հիմք ընդունենք 2018 թվականի ապրիլի ցուցանիշը՝ 538,317 աշխատող, քանի որ այդ դեպքում աճը կազմում է 274,131։
Նույնիսկ եթե հիմք ընդունենք Փաշինյանի կառավարման ողջ ընթացքում գրանցված աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը՝ 2025 թվականի դեկտեմբերին արձանագրված 821,470 աշխատողը, ապա 2018-ի մայիսի համեմատ աճը կազմում է 276,467։ Սա ՔՊ-ի նախընտրական պաստառներում ներկայացված թվից պակաս է 33,135-ով և ավելի մոտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «շուրջ 280,000» ցուցանիշին։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած այս տվյալների աղբյուր է նշվում ՊԵԿ-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տվյալների բազան։
Ինչ վերաբերում է ՊԵԿ-ի տվյալներին, ապա դրանք փոքր-ինչ տարբերվում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած վիճակագրությունից, ինչը պայմանավորում են հաշվարկի տարբեր մեթոդաբանություններով։
ՊԵԿ-ի տրամադրած տվյալներով՝ 2018-ի մայիսին գրանցված աշխատատեղերի քանակը եղել է 547,989, իսկ 2026-ի մարտին՝ 817,005։ Աճը կազմում է 269,016։ Եթե համեմատենք 2018-ի ապրիլի հետ, ապա տարբերությունը 275,577 է։ ՊԵԿ-ից պարզաբանում են, որ այս տվյալները վերաբերում են բացառապես եկամուտներ ապահոված աշխատատեղերին, որոնք հաշվարկվում են ստացված աշխատավարձով և դրանից վճարվող հարկերով։
ՊԵԿ-ից հայտնում են, որ եկամուտ ապահովող և հարկ վճարող գրանցված աշխատատեղերից բացի՝ հավաքագրվում են նաև բոլոր աշխատատեղերի վերաբերյալ տվյալներ։ Խոսքը գործող աշխատանքային պայմանագիր ունեցող անձանց մասին է, որոնց թվում կան նաև մարդիկ, որոնք տվյալ ամսում աշխատավարձ չեն ստացել և, համապատասխանաբար, հարկ չեն վճարել։
Ըստ ՊԵԿ-ի՝ բոլոր աշխատատեղերի, այդ թվում՝ եկամուտ չապահոված և հարկ չվճարած աշխատատեղերի թիվը 2018-ի մայիսին կազմել է 556,001, իսկ 2026-ի մարտին՝ 897,756։ Այս դեպքում աճը կազմում է 341,755, ինչը, իր հերթին, 32,153-ով ավելի է ՔՊ-ի պաստառներում նշված 309,602 ցուցանիշից։
Ինչպես են բացատրում Քաղաքացիական պայմանագրից
#CivilNetCheck-ը կապ հաստատեց ՔՊ մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանի հետ։ Նա նախ հեգնանքով արձագանքեց, թե «կարևոր շեղում եք գտել», ապա առաջարկեց պաշտոնական հարցում ուղարկել։ Սակայն օրենքով նախատեսված ժամկետում #CivilNetCheck-ի հարցմանը պատասխան չստացվեց։
2018-ի միակ ամիսը, որի համեմատ 2026-ի մարտի տվյալներով աշխատատեղերի աճը մոտենում է 300,000-ի, հունվարն է։ Այդ ամսին գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է 509,549, իսկ 2026-ի մարտի համեմատ տարբերությունը՝ 307,456։ Սակայն նույնիսկ այս դեպքում ցուցանիշը չի համընկնում ՔՊ-ի պաստառներում նշված 309,602 թվին։
Միևնույն ժամանակ, եթե նման ընտրություն է կատարվել, ապա դա մանիպուլյատիվ է, նախ՝ քանի որ Փաշինյանը վարչապետ է ընտրվել մայիսին և նույն տրամաբանությամբ կարող էին հիմք ընդունել 2017-ի կամ 2016-ի կամայական ամիսներ։ Բացի այդ, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարվա ընթացքում գրանցված աշխատատեղերի ամենացածր ցուցանիշները սովորաբար արձանագրվում են հենց հունվարին, այդ թվում՝ Փաշինյանի կառավարման տարիներին։
Ի դեպ, նոր աշխատատեղերի քանակի թեման թեժացավ, երբ Սամվել Կարապետյանի ղեկավարած ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» խոստում տվեց 300,000 աշխատատեղ ստեղծել։ Դրան սկսեցին իշխանությունից հակադարձել. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը 2026-ի հունվարին հայտնել էր, որ 2018-ի մայիսից ի վեր ստեղծել են 275 000 աշխատատեղ։

Այսպիսով, ՊԵԿ-ի և ՎԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ իրական եկամուտ և հարկ ապահովող աշխատատեղերի աճը զգալիորեն ցածր է ՔՊ նախընտրական պաստառների վրա նշված 309,602 թվից և կազմում է շուրջ 270,000՝ մոտ լինելով վարչապետ Փաշինյանի հնչեցրած «շուրջ 280,000» ձևակերպմանը։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











