Գլխավոր Լրահոս

Հայաստանը ցանկություն չունի լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը ցանկություն չունի լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը ցանկություն չունի լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում և պատրաստ է ծագած խնդիրները լուծել գործընկերային մթնոլորտում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին Զվարթնոց օդանավայականում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ։ 

Անդրադառնալով Մոսկվայից հնչող կոշտ հռետորաբանությանը՝ Միրզոյանն ընդգծել է, որ Երևանը հակված չէ հարաբերությունների սրմանը ո՛չ երկկողմ ձևաչափում, և ո՛չ էլ բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն։

Նախարարը հորդորել է չկապել հայկական ալկոհոլային խմիչքների կամ գյուղմթերքի՝ Ռուսաստան մուտքի արգելափակման խնդիրները Հայաստանի ենթադրյալ «պրոեվրոպական» կամ «պրոարևմտյան» կողմնորոշման, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ։

«Վախենամ հիասթափեցնեմ այդպես մտածողներին. այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես։ Մի քիչ ջանքի դեպքում ձեզնից յուրաքանչյուրը կարող է գտնել որևէ ալկոհոլային խմիչքի կամ որևէ բանջարեղենի կամ մրգի՝ Ռուսաստան մուտքի արգելափակման խնդիր 5, 10, 15, 20 կամ 25 տարի առաջ»,- նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ նման հարցեր ավանդաբար ի հայտ են գալիս արտահանման սեզոնի բացվելուն պես։

Պարզաբանելով ալկոհոլի շուրջ ստեղծված իրավիճակը՝ արտգործնախարարը նշել է, որ խոսքը ոչ թե ընդհանուր գինիների արգելքի, այլ կոնկրետ մի ընկերության մեկ որոշակի արտադրատեսակի մասին է։ Նա չի բացառել, որ խնդիրները կարող են ունենալ նաև օբյեկտիվ պատճառներ, այդ թվում՝ արտադրողների կողմից ոչ բարեխիղճ աշխատանքը։

Չնայած Ռուսաստանի հետ խնդիրները հարթելու պատրաստակամությանը՝ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի որդեգրած տնտեսական դիվերսիֆիկացման  քաղաքականությունը։ Ըստ նրա՝ սպառման և մատակարարման շուկաների բազմազանեցումը դասագրքային օգուտ է բերում ցանկացած երկրի։

«Սա այնքան աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ես կարծում եմ՝ և՛ Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ, և՛ նաև բիզնեսները»,- ասել է նախարարը։

Նա հավելել է, որ թեև կառավարությունները կարող են համաձայնագրեր կնքել և համապատասխան միջավայր ստեղծել, բուն առևտրի իրականացումն ու նոր շուկաների յուրացումը մնում է ընկերությունների պատասխանատվության տիրույթում։ Միրզոյանը եզրափակել է, որ Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել նոր շուկաներ և մատակարարման այլընտրանքային աղբյուրներ գտնելու ուղղությամբ։

***

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի պաշտոնական հայտարարությունները Հայաստանի հասցեին դարձել են զգալիորեն ավելի կոշտ ու քննադատական։ Մոսկվան բացահայտորեն զգուշացնում է Հայաստանին, որ ԵԱՏՄ-ից հեռանալը կամ «հակառուսական ուղեծիր» մտնելը կհանգեցնի ծանր քաղաքական ու տնտեսական հետևանքների, այդ թվում՝ գազի գնի վերանայման։ Այս քաղաքական հռետորաբանությանը զուգահեռ՝ ռուսական կողմը սկսել է սահմանափակել հայկական մի շարք ապրանքանիշերի մուտքն իր շուկա։

Վերջին օրերին «Ռոսսելխոզնադզորը» խնդիրներ է արձանագրում Հայաստանից ծաղիկների, ալկոհոլի, մրգերի ու բանջարեղենի մատակարարումների հետ կապված։ Մայիսի 21-ին Էկոնոմիկայի նախարարն ասել էր, որ «Ռոսսելխոզնադզորից» մասնագետներ են եկել Հայաստան և այժմ ուսումնասիրություններ են անցկացնում այն ընկերություններում, որոնց համար արտահանման արգելք է դրվել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում