Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի ինը քաղաքացի Ֆրանսիայում դատարանի առաջ է՝ 2021-ին աքսորված ադրբեջանցի բլոգեր Մահամմադ Միրզալիի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով։ Խումբը մեղադրվում է սպանության փորձի և հանցավոր խմբավորման անդամակցության համար։
Դատավարությունը սկսվել է մայիսի 26-ին Ֆրանսիայի Ռեն քաղաքում։
Անկախ Gazetji լրատվամիջոցին տված հարցազրույցում Միրզալին ասել է, որ 2021-ի մարտին Նանտի կենտրոնում խումբը հարձակվել է իր վրա և «ծանր վնասվածքներ» հասցրել՝ «ադրբեջանական իշխանությունների հրահանգով»։
«Միջադեպից հետո երեք տղամարդ հեռացել են Ֆրանսիայից, անցել տարբեր երկրներով, հասել Թուրքիա, ապա Ադրբեջան, այնտեղից էլ՝ իրենց հայրենի Նախիջևան», - ասել է Միրզալին Gazetji-ին։
Նա նշել է, որ նույն խումբը կրկին հարձակվել է իր վրա նաև 2022-ին։
Այդ ժամանակ իշխանամետ Lent.az լրատվամիջոցը, առանց Միրզալիի անունը նշելու, հայտնել էր, որ նրա դեմ երկրորդ մահափորձի հետևում կանգնած է երեք հոգուց բաղկացած հանցավոր խումբ՝ Էմին Գասիմովը, Թուրալ Մամեդլին և Սեյմուր Էյվազովը։
Սակայն երեք կասկածյալներն առանձին-առանձին ձերբակալվել են Եվրոպայի տարբեր երկրներում թաքնվելուց հետո։
Գասիմովը, որին ընկերներն ու ծանոթները կոչում էին «Էմին Նախիջևանցի», 2022-ի հունիսին Ֆրանսիայում ձերբակալվել է Անդրեյ Տոպալ անունով՝ կեղծ մոլդովական անձնագրով։
Ավելի ուշ Էյվազովն ու Մամեդլին ձերբակալվել են շվեյցարական հատուկ ծառայությունների կողմից՝ Ֆրանսիայի հետ սահմանին, ապա արտահանձնվել Ֆրանսիա։
Մեկ այլ կասկածյալ՝ Մեհրաջ Զարբալիևը, որը մեղադրվում է 2021-ին Միրզալիի վրա հարձակման մեջ, Լեհաստանում ձերբակալվել է Եվրոպոլի կողմից և 2022-ի հոկտեմբերին արտահանձնվել Ֆրանսիա։
Խմբի անդամներից մեկը՝ Ռովշան Գոջաևը, դեռևս հետախուզվում է Ինտերպոլի կողմից և դատվում է հեռակա կարգով։
«Եվրոպոլի կողմից Հունգարիայում ձերբակալվածներից մեկը Ֆայիգ Փաշազադեն էր։ Վիկտոր Օրբանի վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո նրան նույնպես փոխանցեցին ֆրանսիական իրավապահներին», - ասել է Միրզալին։
France3-ի տվյալներով՝ կասկածյալներից երեքին մեղադրանք է առաջադրվել «կազմակերպված խմբի կողմից սպանության փորձի» համար, որը պատժվում է ցմահ ազատազրկմամբ, իսկ ևս վեց անձի՝ «հանցակցություն և հանցավոր դավադրություն» հոդվածներով։
Ֆրանսիական RMC լրատվամիջոցը հայտնել է, որ «Միրզալին դատարան է ժամանել զրահապատ մեքենայով, թիկնապահների ուղեկցությամբ և զրահաբաճկոնով»։
France3-ը նաև հայտնել է, որ դատարանի շենքը շրջափակված է եղել և ուժեղ ոստիկանական վերահսկողության տակ։
Դատավարությունը նախատեսվում է շարունակել մինչև հունիսի 12-ը։
Միրզալին 2015-ին ստեղծել էր Made in Azerbaijan YouTube ալիքը և 2016-ից քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում։ RMC-ի փոխանցմամբ՝ նա «վախենում էր» դատավարությունից։
«Նա օրեր շարունակ չի քնել և չի կերել։ Հարձակման մասին հիշողությունները նրա համար մնում են վառ և ցավոտ՝ ինչպես մտքում, այնպես էլ սպիներով պատված մարմնի վրա։ Նա ստացել էր դանակի մոտ 15 հարված։ Ամենատեսանելի սպին պարանոցի հետևի հատվածում է», - գրել է RMC-ն։
Միրզալին առաջին քննադատը չէ, որ Ֆրանսիայում ենթարկվել է հարձակման ադրբեջանական իշխանությունների քննադատության պատճառով։
2024-ի հոկտեմբերին Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքում իր գրասենյակում դանակահարվելուց հետո մահացել էր ադրբեջանցի աքսորյալ բլոգեր Վիդադի Իսկանդարլին։ Նրա եղբայրը՝ Օղթայ Իսկանդարլին, OC Media-ին հայտնել էր, որ մահից առաջ նրա վրա հարձակվել էր երեք անձ։












