Գլխավոր Լրահոս

Մոսկվան սպառնում է խզել գազի, վառելիքի և ադամանդների մատակարարման համաձայնագրերը Հայաստանի հետ

Մոսկվան սպառնում է խզել գազի, վառելիքի և ադամանդների մատակարարման համաձայնագրերը Հայաստանի հետ

Մոսկվան սպառնում է խզել գազի, վառելիքի և ադամանդների մատակարարման համաձայնագրերը Հայաստանի հետ, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ նշելով, որ պատճառը Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հետագա մերձեցումն է։

Ըստ թերթի՝ Մոսկվան 2013-ին այս ապրանքների համար տրամադրված անմաքս ռեժիմն այժմ համարում է անհնար և Երևանին սպառնում է սառեցնել կամ չեղարկել երկկողմ համաձայնագրերը։ Արդյունքում, թերթին մեկնաբանած վերլուծաբանների կարծիքով, Հայաստանը կարող է ոչ միայն կորցնել ռուսական գազի և նավթամթերքի զեղչված գների իրավունքը, այլև ընդհանուր առմամբ հայտնվել բարդ իրավիճակում՝ ռուսական մատակարարումները փոխարինելու դժվարությունների պատճառով։

ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել 2013-ի դեկտեմբերին ստորագրված՝ Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։ Այս մասին նշված է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հասցեագրված նամակում («Կոմերսանտը» տեսել է մայիսի 25-ով թվագրված դիմումի պատճենը)։

«Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացմանն ուղղված շարունակական գործնական քայլերը և Հայաստանի կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու հայտարարված ձգտումը վտանգի տակ են դնում ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են»,- ասվում է նամակում։

Ցիվիլևը գրել է, որ Հայաստանի՝ ԵՄ մտնելու փորձերը «չեն համապատասխանում մեր երկրների կառավարությունների և տնտեսվարող սուբյեկտների միջև տասնամյակների ընթացքում փոխադարձ հարգանքի և փոխշահավետության հիման վրա ձևավորված գործընկերության բնույթին, ինչպես նաև Հայաստանի կենսական կարևոր կարիքները արտոնյալ պայմաններով ապահովելու ուղղությամբ ՌԴ-ի կողմից բազմիցս ձեռնարկված գործնական քայլերին»։

ՌԴ էներգետիկայի նախարարությունն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեկնաբանություններ չեն տրամադրել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նույնպես չի պատասխանել «Կոմերսանտի» հարցմանը։

2013-ի համաձայնագրով Ռուսաստանը անժամկետ վերացրել էր Հայաստան մատակարարվող նավթամթերքի, գազի և ադամանդների արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ճանապարհին, որի անդամներն այսօր նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանն ու Ղազախստանն են։ Համաձայնագրի շրջանակում Մոսկվան Երևանին մատակարարում է նավթամթերք և գազ՝ ներքին սպառման համար հաստատված ցուցիչային հաշվեկշիռների ծավալներով, ընդ որում արգելվում է վերաարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի դադարեցման դեպքում՝ կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ, շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները ՌԴ-ի նկատմամբ պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը։

Գազային կախվածություն

Հայաստանը գրեթե ամբողջությամբ ապահովում է իր պահանջարկը ռուսական գազի հաշվին։ 2025-ին «Գազպրոմը» Հայաստան է մատակարարել շուրջ 2,7 մլրդ խմ գազ։ Եվս մոտ 476 մլն խմ ստացվում է Իրանից՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում․ Հայաստանը Իրան է մատակարարում էլեկտրաէներգիա, իսկ Իրանը Հայաստան՝ բնական գազ՝ 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ հարաբերակցությամբ։

Մինչև 2,5 մլրդ խմ մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքված է հայկական «Գազպրոմ Արմենիայի» հետ։ 2013-ի պայմանագրի լրացուցիչ համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2019-ի վերջին, ռուսական գազի գինը Հայաստանի համար սահմանել էր 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, իսկ 2022-ին կողմերը պայմանավորվել էին այդ գինը նույն մակարդակում ամրագրել ևս տասը տարով։ Այժմ, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, գինը 177 դոլար է։ «Գազպրոմը» հայտնել էր, որ մտադիր է շուրջ 400 մլն դոլար ներդնել Հայաստանում գազափոխադրման համակարգի և ստորգետնյա գազապահեստարանների զարգացման համար 2026-2030 թվականներին։ «Գազպրոմը» չի պատասխանել «Կոմերսանտի» հարցմանը։

Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին հայտարարել էր, որ գազի գնի հարցով հասել են հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ռուսական կողմի հետ և դրանք պետք է պահպանվեն։ Սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 25-ին հայտարարել է, որ Հայաստանի համար գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Պեսկովը նշել էր, որ արտոնյալ գնի ռեժիմը անհնար է այլ ինտեգրացիոն միավորումների մասնակիցների համար՝ նկատի ունենալով  Եվրամիությունը։ «Այնտեղ արդեն բոլորովին այլ՝ շուկայական գների կատեգորիա է։ Դա շատ լավ հայտնի է մեր ընկերներին Երևանում»,- ասել էր նա։ Նիդեռլանդական TTF հաբում մայիսի 26-ին «մեկ օր առաջ» մատակարարմամբ գազի սպոտային գինը կազմել է 584 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում