ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային աջակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով «մեծ բարեկամ և առաջնորդ»։
Թրամփը Truth Social-ի իր էջում հայտարարել է, որ Փաշինյանն «իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և անվտանգ» և կիսում է իր «խաղաղության և բարգավաճման տեսլականը» Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար։
Թրամփի խոսքով՝ շուտով ԱՄՆ-ն ու Հայաստանը միասին կսկսեն «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» շինարարությունը, որը, ըստ նրա, «կվերափոխի Հարավային Կովկասը» և կօգնի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։
«Այս պատճառներով Նիկոլն ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը՝ 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրության համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք աննախադեպ բարձունքների»,- հայտարարել է Թրամփը։
2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են համատեղ հռչակագիր։ Հռչակագրով հաստատվել է «Թրամփի ուղի» կամ TRIPP նախագիծը՝ որպես տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր։










