Սոցիալական ցանցերում ակտիվ տարածվում են արհեստական բանականությամբ ստեղծված կամ հնչյունավորված տեսանյութեր, որոնցում իրական լրատվական հրապարակումները խեղաթյուրվում են, հին նյութերը ներկայացվում նոր համատեքստով։
Ֆեյսբուքում և ինստագրամում մայիսի 18-ից տարածվում է տեսանյութ կից գրառմամբ, թե արտերկրում գտնվող քաղաքացիները չեն կարողանա քվեարկել Հայաստանի ընտրություններում։
«Իշխող կուսակցությունը զրկում է իր սեփական քաղաքացիներին՝ արտերկրում հավասար պայմաններով ընտրություններին մասնակցելու իրավունքից»,- նշվում է տեսանյութում։
Տեսանյութի հնչյունավորումն ակնհայտորեն ստեղծված է արհեստական բանականության գործիքներով․ խոսքը տեղ-տեղ անհասկանալի է, բառերի արտասանությունը՝ աղավաղված, իսկ հայերեն նախադասությունները հնչում են արհեստական։ Սա մեկն է այն բազմաթիվ օրինակներից, թե ինչպես են սոցիալական ցանցերի որոշ էջեր սկսել ակտիվորեն կիրառել ԱԲ գործիքներ՝ ստեղծելով ցածրորակ, բայց լսարան գրավող քաղաքական քարոզչություն և մանիպուլյատիվ նյութեր։
Ե՞րբ են արտերկրում գտնվող քաղաքացիները զրկվել քվեարկելու հնարավորությունից
Արտերկրում գտնվող քաղաքացիների քվեարկության սահմանափակումը որպես նոր արգելք ներկայացնող տեսանյութը տարածվել է Tzhvzhik TV անունով ֆեյսբուքյան և ինստագրամյան էջում, որը ստեղծվել է 2025-ի փետրվարին և ունի շուրջ 2100 բաժանորդ։ Էջի բովանդակության մեծ մասը ԱԲ գործիքներով ստեղծված կամ հնչյունավորված տեսանյութեր են։ Դրանց մի մասը լրատվամիջոցների՝ իշխանություններին քննադատող նյութերի վերարտադրություն է, սակայն որոշ դեպքերում էջը տարածում է նաև մանիպուլյատիվ և կեղծ տեղեկություններ, ինչպես այս դեպքում։
Տեսանյութում երևում է հայաստանյան «Փաստ» օրաթերթի հոդվածի էկրանապատկերը։ Խոսքը թերթի՝ «Փաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են» հոդվածի մասին է։ Այն իր հերթին հղում է անում ռուսական «Взгляд» կայքի հոդվածին։ Ռուսական հոդվածը հրապարակվել է «Փաշինյանը հայկական սփյուռքին զրկել է ձայնի իրավունքից»։ Թեև տեքստում նշվում է, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակը սահմանափակումը բացատրել է դեռևս 2012 թվականին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, հոդվածի վերնագրում և վերլուծական հատվածում այն վերագրվում է գործող իշխանությանը։
«Մասնագետները կարծում են, որ այս քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկա ընտրություններում իր կուսակցության հաղթանակն ապահովելու համար օգտագործել ցանկացած միջոց, նույնիսկ եթե դա նշանակում է հազարավոր քաղաքացիների հանել ընտրացուցակներից»,- գրել է ռուսական լրատվական-վերլուծական կայքը։

Այսպես,1999թ. ընդունված Ընտրական օրենսգիրքն ապահովում էր, որ ՀՀ քաղաքացիները կարողանան քվեարկել նաև արտերկրում՝ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում ստեղծվող տեղամասերում։
2007թ. օրենքի փոփոխություններով Հայաստանի տարածքից դուրս քվեարկելու այս հնարավորությունը փաստացի վերացվեց, և սահմանվեց, որ ընտրությունները իրականացվում են միայն ՀՀ տարածքում։
2011թ. ընդունված նոր ընտրական օրենսգրքով (հոդված 60) էլեկտրոնային (օնլայն) քվեարկության իրավունք տրվեց միայն դիվանագիտական ծառայողներին, նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամներին և արտերկրում գրանցված, ՀՀ ռեզիդենտ համարվող ընկերությունների որոշ աշխատակիցներին։
Եվ այս մասով որևէ փոփոխություն վերջին տարիներին չի իրականացվել։
Եվ փաստացի, Tzhvzhik TV էջի տեսանյութում այս համատեքստն ամբողջությամբ բաց է թողնվել և ավելին՝ պնդվում է, թե ներկայիս իշխանությունն է այս արգելքն ընդունել։
«Հայաստանի լուրեր 24»-ը մանիպուլացրել է Սիվիլնեթի հոդվածը
Հայաստանի լուրեր 24 ֆեյսբուքյան էջը ևս ակտիվորեն տարածում է ԱԲ-ով ստեղծված տեսանյութեր։ Մայիսի 26-ին էջը հրապարակել է տեսանյութ «Փաշինյանը թաքցրեց Աննա Հակոբյանին հանրության աչքից՝ կոռուպցիոն սկանդալների պատճառով» գրառմամբ՝ կադրերում ցույց տալով Civilnet.am-ի հոդվածի էկրանապատկեր։
«Հայաստանի լուրեր 24» էջը օգտագործել է CivilNet-ի 2025-ի հրապարակումը, որը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթությունը նորաձև է» նախաձեռնության պետական ֆինանսավորմանը։ CivilNet-ի նյութում խոսքը գնում էր այն մասին, որ նախաձեռնությունը ֆինանսավորվել է պետական միջոցներով՝ կառավարության գնումների ոչ հրապարակային ընթացակարգով։ Սակայն ֆեյսբուքյան էջը այդ հրապարակումը ներկայացրել է աղավաղված համատեքստում՝ անհիմն եզրակացնելով, թե Փաշինյանը կնոջը «թաքցրել է հանրության աչքից» կոռուպցիոն սկանդալների պատճառով։
Այս դեպքում ևս տեսանյութի հնչյունավորումն ակնհայտորեն ստեղծված է ԱԲ գործիքներով․ խոսքը հնչում է արհեստական, իսկ բառերի արտասանությունը ամբողջությամբ աղավաղված է։
Deepfake-ների ավելի ագրեսիվ կիրառում «Լուսակետ» էջում
«Լուսակետ / Lusaket» ֆեյսբուքյան էջում ԱԲ գործիքների կիրառումն ավելի ագրեսիվ բնույթ ունի․ էջը տարածում է ոչ միայն ԱԲ-ով հնչյունավորված, այլև կեղծված՝ deepfake տեսանյութեր։
Տեսանյութերից մեկում մահմեդական հոգևորականն հայերենով իբր հանձնարարում է վարչապետ Փաշինյանին հայկական եկեղեցիները «մզկիթների վերածել», իսկ Փաշինյանը իբրև համաձայնում է։ Իրականում տեսանյութի հիմքում Փաշինյանի՝ 2025-ին Ստամբուլի Կապույտ մզկիթ կատարած այցի կադրերն են, որոնց վրա ԱԲ-ով գեներացված ձայն է ավելացվել․ Փաշինյանին վերագրվող ձայնը նույնիսկ նման չէ նրա իրական ձայնին։
Մեկ այլ տեսանյութում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իբր աջակցություն է հայտնում Փաշինյանին՝ ասելով՝ «2026-ին ընտրեք 16-ին», իսկ Փաշինյանի կերպարը ներկայացվում է Էրդողանի ձեռքը համբուրելիս։ Այն ևս կեղծված է և գեներացվել է Փաշինյան-Էրդողան 2024 թվականի հանդիպման լուսանկարի հիման վրա։
Այսպիսով, ԱԲ գործիքներն օգտագործվում են քաղաքական բովանդակություն արագ ստեղծելու և տարածելու համար՝ հնչյունավորելով տեսանյութեր, վերափաթեթավորելով լրատվական նյութեր, գեներացնելով կեղծ կադրեր և դրանք ներկայացնելով որպես իրական կամ հավաստի տեղեկություն։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











