Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում գրանցված երեք ընկերության նկատմամբ, որոնք մեղադրվում են Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում աջակցելու համար։ Ի պատասխան՝ Վրաստանի ազգային բանկը հայտարարել է, որ երեք ընկերություններն ամբողջությամբ դուրս են եղել իր վերահսկողությունից, իսկ ոստիկանությունը նշել է, որ արդեն միջոցներ էր ձեռնարկել նրանց դեմ։
Arvix, Rapira և Aifory ընկերությունները մայիսի 26-ին հայտնվել են պատժամիջոցների ցանկում՝ «Ռուսաստանին ուղղված բորսաներ գործարկելու և պատժամիջոցները շրջանցելու փորձերի» համար։ Ընդհանուր առմամբ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է 18 նոր կետ՝ թիրախավորելով կրիպտո և ապօրինի ֆինանսական ցանցերը, որոնք, ըստ Լոնդոնի, աջակցում են Ռուսաստանին։
Ընդլայնված ցանկում ընդգրկվել են կազմակերպություններ և անձինք Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Ղրղզստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Պանամայից և Սալվադորից։
Վրաստանի ազգային բանկը OC Media-ին հայտնել է, որ երեք պատժամիջոցների ենթարկված ընկերություններն աշխատել են առանց գրանցման և, հետևաբար, չեն գտնվել իր իրավասության ներքո։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Business Media-ին հայտնել է, որ երեք ընկերությունների վերաբերյալ հետաքննությունները սկսվել էին դեռ մինչև հայտարարությունը և արդեն տվել էին իրավական արդյունքներ։
Քննչական ծառայության տվյալներով՝ Aifory-ն և Arvix-ը վճարի դիմաց ձևականորեն գրանցվել էին այլ անձանց անուններով, մինչդեռ իրականում գործել են Մոսկվայից՝ Վրաստանում չունենալով ակտիվներ և գրասենյակներ։ Ապրիլի 28-ի դատական որոշմամբ երեք մեղադրյալ տուգանվել է 30 հազար լարիով (11 հազար դոլար) և ստացել պայմանական պատիժ, իսկ սխեմայի ենթադրյալ կազմակերպիչ Դավիթ Ջինչարաձեն դատապարտվել է ինը տարի և վեց ամիս ազատազրկման։
Ինչ վերաբերում է Rapira Group-ին, քննիչները պարզել են, որ ընկերությունը, որը բրիտանացի քաղաքացու կողմից գրանցվել էր լիազորագրի միջոցով, գործել է բացառապես rapira.net կայքի միջոցով՝ ծառայություններ մատուցելով միայն Ռուսաստանի քաղաքացիներին։ Դոմենը գրանցված է եղել ռուսական ռեգիստրատորի մոտ։ Ընկերությունը Վրաստանի բանկային հաշիվներում շրջանառություն չի ունեցել, ինչպես նաև չի ունեցել ակտիվներ կամ գրասենյակներ երկրում, իսկ գրանցումը եղել է զուտ ձևական։
Քննչական ծառայությունը նաև նշել է, որ պատժամիջոցների ենթարկված երեք ընկերություններից ոչ մեկը Վրաստանում իրական տնտեսական գործունեություն չի իրականացրել։
Թիրախների թվում են նաև EXMO Exchange Limited-ը, Bitpapa IC FZC LLC-ն և Alistera Limited-ը, ինչպես նաև մի շարք անձինք, այդ թվում՝ Սերգեյ Մենդելեևը և Լիրան Քոհենը, որոնք մեղադրվում են Ռուսաստանի ֆինանսական ոլորտի կազմակերպություններին միջոցներ կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրելու մեջ։
Ազգային բանկի նախկին նախագահ և ընդդիմադիր տնտեսագետ Ռոման Գոցիրիձեն թերահավատորեն է վերաբերում կառավարության ջանքերին։
Նա OC Media-ին ասել է, որ պատժամիջոցները լուրջ հարված են կառավարության՝ ՀՆԱ-ի աճի մասին պատմությանը՝ նշելով, որ Վրաստանում գրանցված ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները բացահայտում են երկրի ֆինանսական վերահսկողության ավելի խորքային խնդիրներն ու դրա կապերը Ռուսաստանին առնչվող ապօրինի գործունեության հետ։
Գոցիրիձեն նշել է, որ ընկերությունները գրանցված էին Գլդանիի և Քութայիսիի ազատ արդյունաբերական գոտիներում։ Նրա խոսքով՝ Գլդանիի գոտին, որը նա անվանել է «կրիպտո վամպիր»՝ էներգիայի մեծ սպառման պատճառով, կապված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Գոցիրիձեի խոսքով՝ Քութայիսին կապված է չինական Hualing Group ընկերության արդյունաբերական գոտու հետ, որը վերջերս ձեռք է բերել Liberty Bank-ը։
Աշխարհի խոշորագույն սթեյբլքոին թողարկող Tether-ը վերջերս ընտրել է Վրաստանը որպես իր նոր ընդլայնման ուղղություն, իսկ վարչապետ Իրակլի Կոբախիձեն այդ քայլը բնութագրել է որպես երկրի ներդրումային հեղինակության համար բեկումնային պահ։
Tether-ը կառավարում է մոտ 200 միլիարդ դոլարի ակտիվներ և ոսկու պաշարներ և արդեն պաշտոնապես սկսել է գործունեությունը Վրաստանում։ Ծրագրերը ներառում են վրացական լարիի թվային տարբերակի՝ GELt-ի ստեղծումը, ինչպես նաև ներդրումներ կրթության, սոցիալական ծրագրերի և ավելի լայն տնտեսական զարգացման ոլորտներում։
Սակայն OC Media-ի հետ անանունության պայմանով զրուցած աղբյուրներից մեկը լուրջ մտահոգություններ է հայտնել Tether-ի կայունության վերաբերյալ՝ նշելով ԱՄՆ պարտքի նկատմամբ դրա կախվածությունը և կասկածի տակ դնելով, թե արդյոք համագործակցությունը երկարաժամկետ առումով կծառայի Վրաստանի ինքնիշխան շահերին։
Վրաստանն արդեն տեղյակ է Արևմուտքի մտահոգություններին, որ երկիրը կարող է օգտագործվել որպես Ռուսաստանին ուղղվող ապրանքների և ֆինանսական հոսքերի տարանցիկ ուղի՝ միջազգային պատժամիջոցների խախտմամբ։ Այս ուշադրությունն ուժեղացավ հատկապես 2022-ին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, երբ Մեծ Բրիտանիան սկսեց ավելի ակտիվորեն թիրախավորել կրիպտոբորսաներն ու այլընտրանքային ֆինանսական ուղիները։












