Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարել է, որ երկրում կա 6,3 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի։ Անկախ փորձագետները պնդում են, որ իրական թիվը զգալիորեն ավելի բարձր է։
ԿԸՀ-ի տվյալներով՝ միասնական ընտրացուցակում ընդգրկված է 6 332 229 մարդ, որոնցից 47,59 տոկոսը տղամարդիկ են, իսկ 52,41 տոկոսը՝ կանայք։
Մայիսի 27-ը մշտական ընտրացուցակի կազմման վերջնաժամկետն էր։ ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը հայտարարել է, որ 2025-ի համեմատ ընտրողների թիվն աճել է 38 հազարով։
ԿԸՀ պաշտոնական կայքում նշվում է, որ մշտական ընտրացուցակները կազմվել են համապատասխան պետական կառույցների տրամադրած տեղեկությունների հիման վրա։
«Ամբողջ գործընթացի ընթացքում սերտ համագործակցություն է պահպանվել Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների համապատասխան կառույցների, տեղական գործադիր մարմինների և համայնքների հետ»։
Թիվը քննադատության է արժանացել սոցիալական ցանցերում։
Անկախ տնտեսագետ Ռովշան Աղաևը սոցիալական ցանցերում գրել է, որ ԿԸՀ-ն չի հաշվառել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 15 տոկոսին՝ հղում անելով բնակչության մարդահամարների տվյալներին։
«ԿԸՀ-ի համաձայն՝ մշտական ցուցակում ընդգրկված է ընդհանուր առմամբ 6,3 միլիոն ընտրող։ Սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 18 տարեկանից բարձր բնակչության թիվը փոքր-ինչ գերազանցում է 7,5 միլիոնը։ Սա նշանակում է, որ ցուցակներից բացակայում է 1,2 միլիոն մարդ», - գրել է նա։
Աղաևը նշել է, որ հնարավոր պատճառներից կարող են լինել բնակչության զգալի արտագաղթը կամ բնակության և գրանցման հետ կապված խնդիրները, «որոնք դժվար է ստուգել»։
«Իրական ընտրություններ չունեցող երկրի համար սա լուրջ խնդիր չի համարվում։ Բայց փաստն այն է, որ վիճակագրությունն անհրաժեշտ է իրական ժողովրդագրական և բնակչության իրավիճակը գնահատելու համար», - շարունակել է Աղաևը։
Ադրբեջանում ընտրողների թվի վերաբերյալ հայտարարվող տվյալների անհամապատասխանությունների շուրջ խնդիրներ առաջանում են գրեթե ամեն տարի։
2024-ի փետրվարին ներկայում կալանավորված, Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Անառ Մամեդլին մինչև իր ձերբակալությունը Meydan TV անկախ լրատվամիջոցին ասել էր, որ ԿԸՀ-ն ընտրողների թվի վերաբերյալ իր հայտարարությունները հիմնավորող «վիճակագրական տեղեկություն» չունի։
«Օրինակ՝ վերջին երեք տարիներին քանի՞ քաղաքացի է վերադարձել երկիր։ Քանի՞ մարդ է վերջին երեք տարիներին ստացել ընտրելու իրավունք։ Մեզ համար դժվար է դա իմանալ, որովհետև տեղեկություն չկա», - հարցրել էր Մամեդլին։
Անանունության պայմանով OC Media-ի հետ զրուցած անկախ փորձագետը նշել է, որ հնարավոր է՝ բնակչության առկա տվյալները ճշգրիտ չեն, «բայց չկա որևէ ապացույց՝ նույնիսկ անուղղակիորեն դա հաստատելու համար»։
«Միայն կառավարությունը կարող է պատասխանել այդ հարցին։ Երկրորդ հնարավորությունն այն է, որ ավելի շատ մարդիկ ունեն երկքաղաքացիություն։ Բայց որքա՞ն՝ մե՞կ միլիոն, թե՞ երկու միլիոն։ Կրկին, միայն կառավարությունը կարող է պատասխանել այդ հարցին», - եզրափակել է փորձագետը։












