Զախարովան չի հայտարարել Հայաստանից ծիրանի ներմուծման արգելքի մասին․ տեսանյութը դիփֆեյք է

Համացանցի հայկական տիրույթում մայիսի 27-ին տարածվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ընթացիկ տարում Հայաստանից ծիրանի ներմուծման արգելքի վերաբերյալ հայտարարությունը։
Տարածվող հրապարակումների համաձայն՝ Զախարովան իբր հայտարարել էր․ «Սահմանափակումը ուժի մեջ է մտնում անմիջապես և տարածվում է նախատեսված մատակարարումների ամբողջ ծավալի վրա»։
Որպես «ապացույց» տարածվել էր նաև բրիֆինգից տեսանյութ, որում Զախարովան խոսում էր Հայաստանից ծիրանի ներմուծման արգելքի մասին։
Մինչդեռ տեսանյութը կեղծ էր․ այն դիփֆեյք էր՝ գեներացված արհեստական բանականության գործիքների միջոցով։
Թեև վերջին շրջանում Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է կիրառել Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքների նկատմամբ, սակայն Հայաստանից ծիրանի ներմուծման արգելքի մասին ո՛չ Զախարովան, ո՛չ ՌԴ այլ պաշտոնական կառույցներ կամ ներկայացուցիչներ հայտարարություն չեն արել։
Կեղծ տեսանյութի մասին
Ինչպես պարզել են Factor.am-ի մեր գործընկերները, տարածվող տեսանյութի համար օգտագործվել է Մարիա Զախարովայի մայիսի 7-ի իրական բրիֆինգի կադրերը, որտեղ նա կարմիր զգեստով էր։ Սակայն այդ օրը Զախարովան խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների և Հայաստանի եվրոպական օրակարգի մասին, իսկ ծիրանի արտահանման կամ Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի ներմուծման արգելքի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։
Նա այս թեմային չի անդրադարձել նաև մայիսի 21-ի իր վերջին բրիֆինգի ժամանակ։ Բացի այդ, մայիսի 27-ին, երբ կեղծ տեսանյութը տարածվել էր հայկական տիրույթում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը լրատվամիջոցների հետ բրիֆինգ ընդհանրապես չի ունեցել։
Ռուսական լրատվամիջոցները ևս չեն գրել Զախարովայի նման հայտարարության մասին։ Եթե ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը իսկապես հայտարարած լիներ Հայաստանից ծիրանի ներմուծման արգելքի մասին, այն, ամենայն հավանականությամբ, կհայտնվեր առնվազն ռուսական պետական կամ իշխանամերձ լրատվամիջոցներում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մաիսի 27-ին ևս հերքել է տարածվող տեղեկությունը՝ նշելով, որ ՌԴ լիազոր մարմնից՝ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից՝ «Ռոսսելխոզնադզորից», որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել նման որոշման մասին։
Տարածման հետքերը
Factor.am-ը պարզել է, որ կեղծ տեսանյութն առաջինը տարածել է ֆեյսբուքյան «Հետաքրքիր էջ» անվամբ էջը։ Էջի վերջին մեկ ամսվա բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն հիմնականում դրական կամ քարոզչական բովանդակություն է հրապարակում «Ուժեղ Հայաստան» ուժի վերաբերյալ՝ տարածելով դրա անդամների ելույթները, հայտարարություններն ու այլ նյութեր։
Հայաստանյան լրատվամիջոցների մեծ մասը, որոնք տարածել էին Զախարովային վերագրվող հայտարարությունը, հետագայում ջնջել են իրենց հրապարակումները։ Սակայն տեղեկությունը, ինչպես նաև տեսանյութը դեռ շարունակում է շրջանառվել ֆեյսբուքյան հարյուր հազարավոր հետևորդներ ունեցող էջերում։

Նշենք, որ վերջին շրջանում Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ներկրվող տարբեր ապրանքների՝ այդ թվում ծաղիկների, հանքային ջրի և ալկոհոլային խմիչքների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քննադատական հայտարարություններ են արել Հայաստանի՝ Եվրոպական միության հետ մերձեցման քայլերի վերաբերյալ։
Վերջին օրերին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը նամակ է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Դրանում ռուսական կողմը, ըստ հրապարակումների, զգուշացրել է, որ եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը, Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների վերաբերյալ՝ Հայաստանի հետ դեռ 2012 թվականին կնքված համաձայնագիրը։
Այս համատեքստում Զախարովային վերագրված կեղծ հայտարարությունը տարածվել է Հայաստանից Ռուսաստան արտահանման շուրջ լարվածության և Հայաստանի եվրոպական օրակարգի վերաբերյալ ռուսական քննադատության ֆոնին։ Սակայն Հայաստանից ծիրանի ներմուծման արգելքի մասին որևէ պաշտոնական հայտարարություն կամ որոշում չկա։
Անի Գրիգորյան
CivilNetCheck










