Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարարից բռնագանձվել է 77 միլիոն դոլարի գույք

Ռուսլան Ցալիկովը

Ռուսլան Ցալիկովը

Լուսանկարը՝ TASS-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Դատարանը բավարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազության հայցը՝ պաշտպանության նախկին առաջին փոխնախարար և Հյուսիսային Օսիայի ներկայացուցիչ Ռուսլան Ցալիկովի ու նրա ընտանիքի անդամների գույքը բռնագանձելու վերաբերյալ։ Դատախազությունը պնդում է, որ նա և իր ընտանիքը ապօրինի հարստացել են։ Բռնագանձված գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 5,5 միլիարդ ռուբլի (77 միլիոն դոլար)։

Գործում նշված ակտիվների մեծ մասը՝ 3,4 միլիարդ ռուբլու (48 միլիոն դոլար) արժեքով, կապված է Sandora LLC ընկերության հետ, որը ներգրավված է եղել պաշտպանության նախարարության բազմամիլիոնանոց պայմանագրերի կատարման մեջ։ Ցալիկովը հերքում է, որ ընկերությունից նյութական օգուտ է ստացել։

Բռնագանձման ենթակա մյուս ակտիվների թվում են բնակարաններ, տներ, ոչ բնակելի տարածքներ և բանկային ակտիվներ, որոնք գրանցված են ինչպես Ցալիկովի, այնպես էլ նրա հարազատների անուններով։ Բացի Ցալիկովից, գործով անցնում են նրա երեխաները, նրանց ամուսինները, պաշտպանության նախարարության նախկին խոսնակի մոր անունով գրանցված անձը, մեկ գործարար և մի շարք ընկերություններ։

Հայցի նյութերի համաձայն՝ Ցալիկովը պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Ռոսիյանա Մարկովսկայայի մոր՝ Վլադա Մարկովսկայայի անունով գրանցել է 73,2 միլիոն ռուբլու (1 միլիոն դոլար) գույք։ Այն ներառում է 93,8 քմ մակերեսով բնակարան Մոսկվայի բարձրակարգ Reka («Գետ») բնակելի համալիրում, ինչպես նաև երկու ավտոկայանատեղի՝ յուրաքանչյուրը 2,8 միլիոն ռուբլի (40 հազար դոլար) արժեքով։

Ցալիկովը հերքում է, որ մտերիմ հարաբերություններ ունի Վլադա Մարկովսկայայի հետ։ Այնուամենայնիվ, նրա անունով գրանցված գույքը ներառվել է պետությանը փոխանցելու համար նախատեսված ակտիվների ցանկում։

Մոսկվայի մերձակայքում էլիտար Razdory-2 թաղամասում Ցալիկովի անունով գրանցված է եղել ութ անշարժ գույք, ինչպես նաև երկու հողամաս, 1800 քմ մակերեսով առանձնատուն, 9 միլիոն ռուբլի (126 հազար դոլար) արժողությամբ Toyota Land Cruiser և գրեթե 5 միլիոն ռուբլի (70 հազար դոլար) արժողությամբ Harley-Davidson մոտոցիկլետ։

Գլխավոր դատախազի տեղակալի հայցը դատարան էր ներկայացվել ապրիլի 30-ին։ Դատախազությունը հայտարարել է, որ հայցում նշված ակտիվների արժեքը «զգալիորեն գերազանցում է» Ցալիկովի ընտանիքի պաշտոնական եկամուտները։ Ըստ մեղադրանքի՝ 2012-ին պաշտպանության փոխնախարար նշանակվելուց հետո Ցալիկովը «որոշել է լիազորություններն օգտագործել ծառայության շահերին և պետությանը հակառակ և անձնական հարստացման նպատակով»։

Գործը քննվել է դռնփակ կարգով։ Դատավորը նշել է, որ նյութերը պարունակում են պետական պաշտպանության գնումներին և պաշտպանության նախարարության աշխատակիցների անձնական տվյալներին վերաբերող տեղեկություններ։

Ցալիկովը դատարանի որոշումը հրապարակայնորեն չի մեկնաբանել։

Ցալիկովը Ռուսաստանի դաշնային էլիտայի ամենահայտնի հյուսիսօսական ներկայացուցիչներից է։ Նա ծնվել է Օրջոնիկիձեում՝ ներկայիս Վլադիկավկազում, և երկար տարիներ կապեր է պահպանել հանրապետության հետ։

Ցալիկովի կարիերան սերտորեն կապված է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ 1990-ականներին նա աշխատել է արտակարգ իրավիճակների նախարարությունում, որտեղ համարվել է Շոյգուի ամենամոտ գործընկերներից մեկը։ Հետագայում զբաղեցրել է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման փոխնախարարի պաշտոնը, եղել է Մոսկվայի մարզի փոխնահանգապետ, ապա անցել պաշտպանության նախարարություն։

2015-ից նա զբաղեցրել է պաշտպանության առաջին փոխնախարարի պաշտոնը։ Այդ պաշտոնում Ցալիկովը վերահսկում էր ֆինանսական ապահովումը, շինարարությունը և նախարարության գույքային համալիրները։ 2022-ին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո նա մնացել էր պաշտպանության նախարարության ղեկավար կազմին և մասնակցում էր բանակի լոգիստիկային ու ապահովմանը վերաբերող պաշտոնական միջոցառումներին։

Ցալիկովի պաշտոնանկությունը տեղի է ունեցել 2024-ին նախարարության ղեկավարության փոփոխություններից կարճ ժամանակ անց, երբ Անդրեյ Բելոուսովը փոխարինեց Շոյգուին նախարարի պաշտոնում։ Այդ վերադասավորումից հետո ռուսական իրավապահ մարմինները սկսել են մի շարք հակակոռուպցիոն հետաքննություններ՝ թիրախավորելով պաշտպանության ոլորտի նախկին և գործող պաշտոնյաներին։

Վերջին մեկ տարվա ընթացքում պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական կապալառուներ դարձել են քրեական գործերի և հետաքննությունների թիրախ։ Ամենահայտնի գործերից մեկը վերաբերում էր պաշտպանության նախկին փոխնախարար Թիմուր Իվանովին, սակայն գործերում ներգրավված են նաև մի շարք գեներալներ և ռազմական կապալառու ընկերությունների ղեկավարներ։ Քննիչները պնդում են, որ նրանք կապված են եղել շինարարական նախագծերի, պետական պայմանագրերի և ռազմական գնումների ոլորտում կոռուպցիոն սխեմաների հետ։

Ցալիկովի գործը զարգանում է Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով Ռուսաստանի պաշտպանության համակարգում ազդեցության վերաբաշխման ֆոնին։ Ներխուժման մեկնարկից հետո պաշտպանության ծախսերը կտրուկ աճել են, ինչի հետևանքով նախարարությունը դարձել է Ռուսաստանում բյուջետային միջոցների ամենախոշոր բաշխողներից մեկը։ Միևնույն ժամանակ, ուժեղացել է իրավապահների ուշադրությունը նախարարության և դրա հետ կապված կապալառուների ֆինանսական հոսքերի նկատմամբ։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում