Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է Վրաստանում բնակվող բլոգեր Նիկոլայ Լևշիցին՝ ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու մեղադրանքով։
Ռուսական պետական RIA Novosti գործակալության հաղորդմամբ՝ Մոսկվայի Նագատինսկի դատարանը օգոստոսի 21-ին բավարարել է Լևշիցին կալանավորելու միջնորդությունը։ Դատական նիստն անցկացվել է դռնփակ։
Դատարանը որոշել է Լևշիցին երկու ամսով կալանավորել՝ սկսած նրան Ռուսաստան արտահանձնելու կամ Ռուսաստանի տարածքում ձերբակալելու պահից։
Հայտնի չէ, թե ռուսական բանակի վերաբերյալ կոնկրետ որ հայտարարություններն են դարձել քրեական գործի հիմքը։
Ռուսաստան վերադառնալու կամ այնտեղ արտահանձնվելու դեպքում Լևշիցին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։
Լևշիցը Վրաստան է տեղափոխվել 2019-ին, երբ գործարար Միխայիլ Խոդորկովսկու հետ կապված գործի շրջանակում խուզարկեcin նրա տունը։ Հետագայում Վրաստանում նա Telegram ալիք և սոցիալական ցանցերի այլ էջեր է բացել։
Ռուսալեզու բլոգերը վարում է Վրաստանում բնակվող ռուսաստանցիների շրջանում հայտնի տեղեկատվական Telegram ալիք։ Նա Facebook-ում և Instagram-ում պարբերաբար հրապարակում է Վրաստանի քաղաքական, հասարակական, մշակութային և մարզական կյանքի մասին տեքստեր, լուսանկարներ ու տեսանյութեր։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Լևշիցը մասնակցել է նաև հակապատերազմական ցույցերի։
2025-ի մարտին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Լևշիցին ներառել է «օտարերկրյա գործակալների» ռեեստրում։ 2026-ի հուլիսին Ռուսաստանի Ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայությունը՝ Ռոսֆինմոնիթորինգը, նրան ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում։
OC Media-ն Լևշիցին հարցրեց, թե կոնկրետ որ հրապարակումները կամ հայտարարություններն են դարձել գործի հիմքը, և ինչպես է նա գնահատում դատարանի որոշումը, սակայն բլոգերը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել հարցը։
Ռուսաստանի իշխանությունները թիրախավորել են նաև Վրաստանից գործող ռուսական հակապատերազմական խմբերին։ Օգոստոսի կեսերին Ռուսաստանը Բաթումում գործող ռուսական հակապատերազմական խմբերից մեկը ճանաչել էր «անցանկալի կազմակերպություն»։ Նման կազմակերպությունների գործունեությանն առնչվող անձինք Ռուսաստանում կարող են քրեական հետապնդման ենթարկվել։
Ռուսաստանը զինված ուժերի մասին «կեղծ տեղեկությունների» վերաբերյալ օրենքը ընդունել է 2022-ին՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժումից կարճ ժամանակ անց։ Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են օրենքը՝ այն համարելով հակապատերազմական խոսքը ճնշելու և Կրեմլի քննադատներին հետապնդելու գործիք։ Հարյուրավոր մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվել «կեղծ տեղեկություններ» տարածելու կամ բանակը «վարկաբեկելու» մեղադրանքներով, այդ թվում՝ լրագրողներ, բլոգերներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ և քաղաքացիական ակտիվիստներ։ Ռուսաստանի իշխանությունները նման մեղադրանքներով ավելի ու ավելի հաճախ հեռակա կարգով գործեր են հարուցում արտերկրում բնակվող ընդդիմախոսների դեմ։












