Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ինգուշեթիայի «Երիտասարդ հայրենասեր» ամառային ճամբարում երեխաներին ստիպել են քողարկման ցանցեր (կոմուֆլյաժ) հյուսել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմին մասնակցող զինվորների համար։ Դասընթացը կազմակերպել է «Ժողովրդական ճակատ» (Narodny Front) իշխանամետ շարժման տարածաշրջանային մասնաճյուղը։ Շարժումը 2011-ին ստեղծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ժողովրդական ճակատի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երեխաներին սկզբում ցույց են տվել, թե ինչպես պետք է հյուսել ցանցերը, ապա նրանք ինքնուրույն են աշխատել։ Ցանցերը նախատեսվում է ուղարկել ռուս զինվորներին։ Դասընթացից հետո երեխաները նաև աջակցության խոսքերով նամակներ են գրել զինվորներին։ «Ժողովրդական ճակատի» ներկայացուցիչը հայտնել է, որ 2026-ի սկզբից կազմակերպությունը հավաքել և ռազմաճակատ է ուղարկել 57 քողարկման ցանց։
Կազմակերպիչները միջոցառումը ներկայացրել են որպես հնարավորություն, որ երեխաները «իրենց ներդրումն ունենան» զինվորներին աջակցելու գործում։
«Երիտասարդ հայրենասեր» ճամբարը Ինգուշեթիայում գործում է որպես ռազմահայրենասիրական դաստիարակության և զինվորական ծառայության նախապատրաստման կենտրոն։ Ծրագրում ներառված են ռազմական և մարզական պատրաստություն, ինչպես նաև գործող և նախկին զինվորականների մասնակցությամբ միջոցառումներ։
Վերջին տարիներին ռազմաճակատի համար քողարկման ցանցեր հյուսելը դարձել է Ռուսաստանի դպրոցականներին և ամառային ճամբարներ հաճախող երեխաներին պատերազմի աջակցության մեջ ներգրավելու տարածված ձևերից մեկը։
2024-ի ապրիլին հաղորդվել էր, որ Դաղստանի դպրոցներում նախատեսվում է աշխատանքային դասերի ծրագրում ներառել ռուս զինվորների համար խրամատային մոմերի պատրաստումն ու քողարկման ցանցերի հյուսելը։ Աշխատանքային դասերը դպրոցական պարտադիր ծրագրի մաս են։
2025-ին քողարկման ցանցեր են հյուսել նաև Դաղստանի Տերեկլի-Մեկտեբ գյուղի «Նոգայ Էլ» մանկապարտեզի աշխատակիցները։
Նման միջոցառումներ անցկացվել են նաև Հյուսիսային Կովկասի հանրապետություններից դուրս։ Ստավրոպոլի երկրամասում 2023-ին դպրոցականներն իրենք են քողարկման ցանցեր պատրաստել, ապա դրանք փոխանցել ռուս զինվորներին։
Չեչնիայում Չեչնիայի պետական համալսարանի ուսանողները ևս 2025-ին ռուս զինվորներին խրամատային մոմեր և քողարկման ցանցեր են փոխանցել։
Ռուսաստանի դպրոցական համակարգում զգալի փոփոխություններ են սկսվել 2022-ի փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։
2022-ի սեպտեմբերից Ռուսաստանի բոլոր դպրոցներում ամեն շաբաթ անցկացվում են «Զրույցներ կարևորի մասին» դասերը։ Կրթության նախարարությունը դրանք պաշտոնապես ներկայացնում է որպես դպրոցների կրթադաստիարակչական աշխատանքի մաս։ Դասերը վերաբերում են պետական տոներին, Ռուսաստանի պատմությանը, ավանդական արժեքներին և այլ թեմաների։
Միաժամանակ դպրոցներում լայն տարածում են ստացել պետական դրոշի բարձրացման և օրհներգի կատարման արարողությունները, «արիության դասերը», ռազմական ուղղվածությամբ միջոցառումները և «Յունարմիա» («Երիտասարդ բանակ») երիտասարդական կազմակերպության գործունեությունը։ Հյուսիսային Կովկասում երեխաներն ավելի հաճախ են մասնակցում զինվորականների և ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումների, զենք են վերցնում և ապագա զինվորական ծառայության հետ կապված պատրաստություն անցնում։
Չեչնիայում ռազմահայրենասիրական դաստիարակությունն առանձնապես ընդգծված ձևեր է ստացել։ Երեխաներին վաղ տարիքից զինվորական համազգեստ են հագցնում, շարային պատրաստություն սովորեցնում և ներգրավում Հաղթանակի օրվան ու ռազմական այլ հիշատակի օրերին նվիրված միջոցառումներում։ Հանրապետությունում ստեղծվել են նաև հատուկ դասարաններ և ռազմահայրենասիրական ծրագրեր։
2024-ին Հյուսիսային Կովկասի բոլոր վեց հանրապետությունները՝ Չեչնիան, Դաղստանը, Ինգուշեթիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչայ-Չերքեզիան և Հյուսիսային Օսիան, աջակցել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նախաձեռնությանը՝ երգիչ SHAMAN-ի «Ես ռուս եմ» երգը դպրոցական կրթական ծրագրերում ներառելու վերաբերյալ։ 2024-ի փետրվարի 23-ից տարածաշրջանների աշակերտներին առաջարկվել է դպրոցական օրը սկսել այդ երգը լսելով։
2025-ին SHAMAN-ի երաժշտությունը դասական երաժշտության հետ միասին ներառվել է նաև դպրոցական դասերի մեջ։ Այժմ աշակերտները երաժշտության դասերին ուսումնասիրում են «Ես ռուս եմ» երգը և այն նաև խմբերգով կատարում դասերի ընթացքում։
Ռազմական բաղադրիչը չի սահմանափակվում միայն սովորական դպրոցական դասերով։ Դաղստանում գործում է ռազմահայրենասիրական դաստիարակության տարածաշրջանային «Ավանգարդ» կենտրոնը, որտեղ դպրոցականներն ու ուսանողները մասնակցում են ուսումնամարզական հավաքների։ Կենտրոնը գործում է առնվազն 2020-ից, ինչը նշանակում է, որ Հյուսիսային Կովկասում ռազմահայրենասիրական պատրաստության որոշ ձևեր կիրառվել են դեռևս լայնածավալ ներխուժումից առաջ։
Ինգուշեթիայում նման ենթակառուցվածքների զարգացումը նույնպես դարձել է տարածաշրջանային քաղաքականության առանձին ուղղություն։ 2024-ին իշխանությունները հայտարարել էին Սուլամբեկ Օսկանովի անվան հայրենասիրական դաստիարակության երիտասարդական կենտրոն ստեղծելու մասին։ Նախատեսվում էր, որ կենտրոնը «Կրթություն» ազգային նախագծի շրջանակում կբացվի մինչև 2025-ի ավարտը։ Այդ ժամանակ այն գրանցված էր որպես իրավաբանական անձ, սակայն համացանցում դրա գործունեության մասին այլ տեղեկություններ չկան։
Ինգուշեթիայի իշխանությունների տվյալներով՝ 2024-2025 ուսումնական տարում հանրապետության դպրոցներում ստեղծվել է Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմին մասնակցող զինվորներին նվիրված 97 հանրային տարածք և թանգարան։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր տարբեր զորամիավորումներում ծառայած առնվազն 252 ինգուշ է զոհվել։ Իրական թիվը, հավանաբար, զգալիորեն ավելի բարձր է։
Ինգուշեթիայի կառավարության նախագահ Վլադիմիր Սլաստենինի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին մասնակցում է ավելի քան 2000 ինգուշ։












