Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հայտնում է Վերին Լարսի անցակետում ուղևորահոսքի ռեկորդային ցուցանիշի մասին՝ մեկ օրվա ընթացքում անցակետը հատել է ավելի քան 20 հազար մարդ։ Սակայն Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վիճարկում այդ տվյալը՝ նշելով, որ երկու ուղղություններով անցակետը հատել է 16 286 մարդ։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը օգոստոսի 19-ին հայտնել է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում Վերին Լարսի անցակետով Վրաստան է մուտք գործել «տարբեր երկրների» 7 880 քաղաքացի, իսկ երկրից դուրս է եկել 8 406 մարդ։ Այսպիսով, ուղևորահոսքի ընդհանուր ծավալը կազմել է 16 286։
ՆԳՆ-ն «իրականությանը չհամապատասխանող» է անվանել տեղեկությունները, թե վերջին 24 ժամում անցակետով Վրաստան է մուտք գործել 20 հազար Ռուսաստանի քաղաքացի, և անանուն շահագրգիռ կողմերի մեղադրել է միտումնավոր ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը չէր նշել, որ 20 հազար ուղևորները մուտք են գործել Վրաստան։ Ծառայության հայտարարությունում այդ թիվը ներկայացվել էր որպես անցակետի ընդհանուր ուղևորահոսք, մինչդեռ վրացական կողմը առանձին տվյալներ է ներկայացրել մուտքերի և ելքերի վերաբերյալ։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ ուղևորահոսքի ռեկորդային ցուցանիշն ուղեկցվել է նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռեկորդային թվով։
«Մաքսային և սահմանապահ ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տրանսպորտային միջոցների անխափան անցումն ապահովելու համար»,- հայտնել է Ծառայությունը։
Ըստ հաղորդման՝ անցակետով ավելի շատ տրանսպորտային միջոցների անցումն ապահովելու և դրանց սպասարկումն արագացնելու համար ավելացվել է հերթափոխերի թիվը և ներգրավվել են լրացուցիչ աշխատակիցներ։
Ծառայությունը հայտնում է, որ բարձր ուղևորահոսքը պահպանվում է արդեն մի քանի օր։ Օգոստոսի 15-ին և 16-ին անցակետով օրական անցել է ավելի քան 19 հազար մարդ։ Ծառայության խոսքով՝ ներկայիս ցուցանիշները զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների նույն ժամանակահատվածում գրանցված թվերը։
Դաշնային մաքսային ծառայությունը Վրաստան մեկնող և այնտեղից վերադարձող մարդկանց հորդորել է ճանապարհորդությունը պլանավորելիս հաշվի առնել կուտակումները և զգուշացրել, որ ճանապարհը կարող է ավելի երկար տևել։
Ostorozhno, Novosti տելեգրամյան ալիքում ճանապարհորդները լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է սահմանի ռուսական կողմում գոյացած երկար խցանումը։
Թեև պաշտոնապես նոր զորահավաք չի հայտարարվել, ուղևորահոսքի աճը տեղի է ունենում Ռուսաստանում հնարավոր նոր զորահավաքի ալիքի մասին վերսկսված խոսակցությունների ֆոնին։
2022-ի սեպտեմբերի վերջին, երբ Ռուսաստանը մասնակի զորահավաք հայտարարեց, անցակետում երթևեկությունը կտրուկ աճել էր, և հազարավոր ռուսաստանցիներ հեռանում էին երկրից։ Սահմանի ռուսական կողմում երկար հերթեր էին գոյացել, իսկ որոշ մարդիկ, ըստ հաղորդումների, ստիպված էին մի քանի օր սպասել։
Վերին Լարսը Վրաստան-Ռուսաստան ցամաքային սահմանի միակ անցակետն է։ Ներկայիս տվյալները հրապարակվում են գրեթե չորս տարի անց այն բանից հետո, երբ 2022-ի սեպտեմբերին Ռուսաստանի հայտարարած մասնակի զորահավաքից հետո կտրուկ աճեց Վրաստան մուտք գործող Ռուսաստանի քաղաքացիների թիվը։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ 2022-ի սեպտեմբերի 25-ին երկիր է մուտք գործել Ռուսաստանի 11 143 քաղաքացի՝ նախարարության հրապարակած 10-օրյա տվյալների շարքում ամենաբարձր ցուցանիշը։ Սեպտեմբերի 26-ին Վրաստան է մուտք գործել ևս 10 804 Ռուսաստանի քաղաքացի։
Սակայն այդ տվյալները վերաբերում են Վրաստանի բոլոր սահմանային անցակետերին, ոչ միայն Վերին Լարս-Դարիալի անցակետին։ Այդուհանդերձ, 2022-ին մուտքերի կտրուկ աճն առավել տեսանելի էր հենց Վերին Լարսում։ Այդ ժամանակ վրացի պաշտոնյաները հայտնել էին, որ անցակետում լրացուցիչ ոստիկաններ են տեղակայվել՝ սահմանային և միգրացիոն ընթացակարգերը կազմակերպելու և հասարակական կարգը պահպանելու համար։
2023-ի սկզբին հետազոտողներն արդեն նշում էին, որ միգրացիայի գագաթնակետն անցել է։ Վրացական «Սոցիալական արդարության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ ռուսաստանցիների միգրացիան դեպի Վրաստան գագաթնակետին էր հասել 2022-ի վերջին և 2023-ի սկզբին։ Գնահատականների համաձայն՝ այդ շրջանում Վրաստանում բնակվում էր մինչև 100 հազար ռուսաստանցի արտագաղթյալ, որից հետո սկսվել էր արտահոսք, քանի որ նրանց մի մասը հեռացել էր երկրից։












