Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ռոստովի Հարավային շրջանի ռազմական դատարանը մայիսի 27-ին երկու դատավճիռ է կայացրել Դաղստանի բնակիչների նկատմամբ՝ ահաբեկչության մեղադրանքով։
Դաղստանի բնակիչ Ալբինա Մագոմեդովան մեղավոր է ճանաչվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին ֆինանսավորելու համար և դատապարտվել ութուկես տարվա ազատազրկման։ Մեղադրանքի համաձայն՝ 2022-ին նա կազմակերպության անդամներին փոխանցել է 818 հազար ռուբլի (12 հազար դոլար)։ Նա ընդունել է մեղքը։
Ռոսֆինմոնիթորինգի (Ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայություն) ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակի համաձայն՝ Մագոմեդովան ծնվել է 1978-ի օգոստոսին Դաղստանի Բաբայուրտի շրջանի Բաբայուրտ գյուղում։ Նրա ենթադրյալ առնչությունը ահաբեկչությանը ցուցակում ներառվել է 2024-ի նոյեմբերին։
Նույն օրը Հարավային շրջանի ռազմական դատարանը դատավճիռ է կայացրել նաև Դաղստանի ևս չորս բնակիչների՝ Մագոմեդ Խանիլաևի, Ալբերտ Յուսուֆովի, Մագոմեդ Մագոմեդովի և Ռագիմ Կորկմասովի նկատմամբ։
Նրանք դատապարտվել են 8-ից 23 տարվա ազատազրկման։ Դատարանի տվյալներով՝ մեղադրյալները 2018-ին Դաղստանի քրեակատարողական գաղութում պատիժ կրելիս միացել են «Ջամաաթ» ահաբեկչական համայնքին և դրա գաղափարախոսությունը տարածել մյուս կալանավորների շրջանում։
«Մեղադրյալներից յուրաքանչյուրը հետևել է համայնքի ընդհանուր սկզբունքներին և վարքականոնին, կատարել ահաբեկչական համայնքի գործունեությանն աջակցելու գործառույթներ, այդ թվում՝ ուղղիչ հիմնարկում ծայրահեղական և ահաբեկչական գաղափարախոսության տարածում, ծայրահեղական և ահաբեկչական նյութերի, արգելված ծայրահեղական գրականության և ահաբեկչական գործունեության կոչեր պարունակող տեսանյութերի որոնում և գաղտնի պահպանում, արմատական իսլամիստական գաղափարախոսության և ահաբեկչության պրակտիկայի ուսումնասիրման դասընթացների անցկացում, ահաբեկչության քարոզ և արդարացում, ինչպես նաև դասերին մասնակցողներին ահաբեկչական գաղափարախոսություն տարածելու և ազատ արձակվելուց հետո նոր հետևորդներ հավաքագրելու կոչեր», - նշված է դատարանի հայտարարության մեջ։
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Խանիլաևը 2018-ի ապրիլին դարձել է խմբի առաջնորդը։ Նա ստացել է ամենախիստ պատիժը՝ 23 տարվա ազատազրկում։
Համայնքի մյուս երեք անդամները՝ Կորկմասովը, Մագոմեդովը և Յուսուֆովը, մեղավոր են ճանաչվել ահաբեկչական համայնքի գործունեությանը մասնակցելու համար և դատապարտվել 8-ից 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
Ռոսֆինմոնիթորինգի ցուցակի համաձայն՝ Խանիլաևը ծնվել է 1993-ին և ցուցակում ընդգրկվել 2021-ի հոկտեմբերի 12-ին։ 1990-ին ծնված Կորկմասովը ցուցակում հայտնվել է 2021-ի փետրվարին։ 1989-ին ծնված Մագոմեդովը ցուցակում ներառվել է նույն տարվա մայիսին։ Յուսուֆովը ծնվել է 1998-ի հոկտեմբերի 8-ին և ցուցակում ընդգրկվել 2021-ի հուլիսին։ Բոլոր չորսը Դաղստանի բնակիչներ են։
Ռոստովի Հարավային շրջանի ռազմական դատարանը պարբերաբար քննում է ահաբեկչության և ծայրահեղականության մեղադրանքներով քրեական գործեր, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների բնակիչների դեմ։ Մարդու իրավունքների կազմակերպություններն ու պաշտպանները բազմիցս մտահոգություն են հայտնել նման դատավարությունների թափանցիկության և մեղադրյալների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։ Ռուսաստանի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները։












