ԵԽԽՎ-ն ռուսական ընդդիմադիր հարթակից չի հեռացնի չեչեն գործչին, որն «արդարացրել էր պատվի սպանությունները»

Ռուսլան Կուտաևը
Լուսանկարը՝ Sota-ի
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն որոշել է ռուսական ընդդիմադիր հարթակում պահպանել չեչեն քաղաքական և հասարակական գործիչ Ռուսլան Կուտաևին։ Ապրիլի վերջին նրա մասնակցությունը հարթակի աշխատանքներին ժամանակավորապես կասեցվել էր՝ իրավապաշտպանների քննադատությունից հետո, որոնք նրա հայտարարությունները համարել էին հակաքուիր և «պատվի սպանությունները» արդարացնող։
Կուտաևի հայտարարությունները հնչել էին ուկրաինական YouTube-ալիքին տված հարցազրույցում և ռուս անկախ լրագրող Ալեքսանդր Պլյուշչևի The Breakfast Show հաղորդմանը մասնակցելու ընթացքում։
Մասնավորապես, Կուտաևը հայտարարել էր, որ Հյուսիսային Կովկասում «պատվի սպանությունները» «ընտանեկան հարց» են, իսկ քուիր մարդկանց անվանել էր «մերժվածներ և այլասերվածներ»։ Դրանից հետո Հյուսիսային Կովկասի հետապնդվող բնակիչներին աջակցող NC SOS ճգնաժամային խումբը պահանջել էր նրան հեռացնել հարթակից։
Իրավապաշտպանները նշել էին, որ նման հայտարարությունները փաստացի արդարացնում են արտադատական բռնությունը և անհամատեղելի են մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հետ։ Կազմակերպության գնահատմամբ՝ Կուտաևի խոսքերը կարող են նպաստել այսպես կոչված «պատվի սպանությունների» լեգիտիմացմանը, երբ ընտանիքի անդամները սպանում են հարազատներին՝ «անպատվաբեր վարքագծի» համար։
Ավելի ուշ Կուտաևը հայտարարել էր, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել։ Նրա խոսքով՝ ինքը պարզապես նկարագրել է չեչենական հասարակության գործելակերպը և ընդգծել, որ դեմ է բոլոր սպանություններին ու բռնությանը։
Սկանդալից հետո ԵԽԽՎ նախագահ Պետրա Բայրը հայտարարել էր Կուտաևի ժամանակավոր հեռացման մասին և հարցը փոխանցել բյուրոյի քննարկմանը։ Մայիսի 27-ին հրապարակված որոշման մեջ նշվում է, որ ռուսական ժողովրդավարական ուժերի հարթակի անդամները պետք է քննարկեն վարքագծի չափանիշները և ստորագրեն հայտարարություն՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը Եվրոպայի խորհրդի արժեքներին, այդ թվում՝ բազմազանության և հավասարության նկատմամբ հարգանքին։ Միևնույն ժամանակ, որոշվել է «այս փուլում» չփոխել հարթակի կազմը։
Կուտաևը ինքնահռչակ Չեչնիայի Իչկերիայի Հանրապետության նախկին փոխվարչապետն է և «Կովկասի ժողովուրդների ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահը։ 2026-ի հունվարին նա միացել էր ԵԽԽՎ-ի ռուսական ժողովրդավարական ուժերի հարթակին՝ որպես Ռուսաստանի բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ։
Հարթակը ստեղծվել է 2025-ին՝ որպես Եվրոպայի խորհրդի և արտերկրում գտնվող ռուսական ընդդիմության, իրավապաշտպան համայնքի և քաղաքացիական նախաձեռնությունների միջև երկխոսության ձևաչափ։ Այն ներառում է տարբեր քաղաքական և հասարակական խմբերի ներկայացուցիչների՝ ակտիվիստների, լրագրողների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների։
Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Ռուսաստանը դադարեցրեց մասնակցությունը Եվրոպայի խորհրդին և հետագայում հեռացվեց կազմակերպությունից։ Չնայած դրան՝ ԵԽԽՎ-ն շարունակեց կապերը Ռուսաստանի ընդդիմադիր և իրավապաշտպան նախաձեռնությունների հետ՝ երկրի սահմաններից դուրս։











