ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատելու համար ստիպված կլինեն աշխատանքային արտոնագիր ձեռք բերել. այս մասին մայիսի 29-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ղազախստան կատարած այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։
Նա հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի հետ տնտեսական ոլորտում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող ամբողջ աշխատանքը։
«Եվրոպան միայն խոստանում է 2,5 միլիարդ եվրոյի ներդրումներ Հայաստանում, մինչդեռ Ռուսաստանն արդեն զգալի ներդրումներ է կատարել երկրի տնտեսության մեջ»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կբախվի նաև ռուսական էներգակիրների գների բարձրացմանը, ինչն, ըստ Պուտինի, կարող է արժենալ երկրի ՀՆԱ-ի շուրջ 14 տոկոսը։
Պուտինը հավելել է, որ Հայաստանը պետք է մտածի, թե ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզելու դեպքում գյուղատնտեսական ապրանքներն ինչ շուկաներ են արտահանվելու։
«Ազատ առևտրի համաձայնագրերին մասնակցությունը կփակվի»,- հայտարարել է նա։
Պուտինը կոչ է արել հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։
Նա նաև հավելել է, որ ԵՄ-ին մերձենալու համար Երևանի կողմից կայացվող ցանկացած տնտեսական որոշում չի վնասի Ռուսաստանի հետ հումանիտար կապերին։
«Ես Նիկոլ Վովաևիչին ասացի, որ այն ամենն, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է և լավ է Ռուսաստանի համար։ Արեք այն, ինչ կարծում եք, որ լավագույնն է՝ ելնելով հայ ժողովրդի շահերից։ Դուք հիմա իշխանության գլուխ եք, և որոշումներ կայացնելու պատասխանատվությունը ձեզ վրա է։ Ինչ էլ որ ասեք, այդպես էլ կլինի»,- եզրափակեց Պուտինը։
Մայիսի 29-ին Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով գագաթնաժողովը, որին Հայաստանից որպես ներկայացուցիչ մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԵԱՏՄ առաջնորդները՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ կարևորելով Հայաստանում հնարավորինս արագ հանրաքվեի անցկացումը՝ Եվրամիությանն անդամակցելու հարցի հետ կապված։
...
«Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրական ծրագրում հայտարարում է, որ Հայաստանը կմնա ԵԱՏՄ անդամ, քանի դեռ ԵՄ անդամակցության համար իրականացվող բարեփոխումները համատեղելի են դրա հետ։
Մայիսի սկզբին Երևանում անցկացվեցին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն ու Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Ռուսական կողմն էլ վերջին շրջանում սահմանափակումներ է մտցնում հայկական մի շարք ապրանքների արտահանման նկատմամբ։












