Գլխավոր Լրահոս

Ծառուկյանը պնդում է, թե Վրաստանը Եվրոպայում գինի չի վաճառել. ի՞նչ են ցույց տալիս փաստերը

Ծառուկյանը պնդում է, թե Վրաստանը Եվրոպայում գինի չի վաճառել. ի՞նչ են ցույց տալիս փաստերը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և նախընտրական ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը մայիսի 30-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը և Ռուսաստանի հետ հարաբերություններին։

Որպես օրինակ նա ներկայացրել է Վրաստանի փորձը՝ պնդելով, թե երկիրը տարիներ շարունակ եվրոպական ուղղությամբ շարժվելուց հետո չի կարողացել այնտեղ նույնիսկ «մի շիշ գինի վաճառել»։

«Եվրոպան ասենք թե ի՞նչ: Վրաստանը քանի տարի Եվրոպայի անդամ էր, որը լիարժեք չկարողացավ մի շի գինի վաճառի, նորից եկավ էլի իր տեղը, այն ժամանակ էլ հողեր կորցրեցին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

#CivilNetCheck-ը դիտարկել է ԵՄ-Վրաստան հարաբերությունների շրջանակում գինու արտահանման վերաբերյալ տվյալները։

Վրացական գինին՝ Ասոցացման համաձայնագրում

ԵՄ-ի ու Վրաստանի միջև կնքված Ասոցացման համաձայնագիրը, որը ստորագրվել է 2014-ին և ուժի մեջ մտել 2016-ից, ուղղակիորեն նպաստում է վրացական արտադրանքի, այդ թվում՝ գինու մուտքին եվրոպական շուկա։ 

Համաձայնագրի հավելվածներում նշված են վրացական այն հատուկ գինիները (օրինակ՝ Ախաշենի, Խվանչկարա, Քինձմարաուլի, Մուկուզանի, Ցինանդալի), որոնք ստացել են աշխարհագրական նշումների պաշտպանություն ԵՄ ողջ տարածքում։

Էկրանապատկերը ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրից
Էկրանապատկերը ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրից

Բացի այդ, համաձայնագրի կարևորագույն ձեռքբերումը վրացական արտադրանքի համար մաքսատուրքերի լիարժեք զրոյացումն է: 

ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի 26-րդ հոդվածի 1-ին կետի (Article 26: Elimination of customs duties) համաձայն՝ կողմերը պարտավորվել են վերացնել բոլոր մաքսատուրքերը միմյանցից ծագող ապրանքների համար հենց համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից: Քանի որ վրացական գինին չի ներառվել համաձայնագրի II Հավելվածի սահմանափակումների մեջ, այն ստացել է եվրոպական շուկա անսահմանափակ և 0% մաքսատուրքով մուտքի իրավունք:Ավելին, ԵՄ-ն աջակցում է վրացական գյուղատնտեսությանը՝ արտադրանքը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու և արտահանման հնարավորություններն ընդլայնելու համար։

Ինչ են փաստում վիճակագրական տվյալները

Վրաստանի ազգային վիճակագրության գրասենյակի (Geostat) տվյալների համաձայն` դեպի ԵՄ գինու տարեկան արտահանումը 2009-ի 6,5 միլիոն դոլարից 2025-ին հասել է շուրջ 36,8 միլիոն դոլարի: Այս ժամանակահատվածում արձանագրվել է արտահանման ծավալների հետևողական և զգալի աճ, որի արդյունքում տարեկան ցուցանիշներն ավելացել են ավելի քան 5,6 անգամ։

Ինչ վերաբերում է 2026-ին, ապա միայն առաջին չորս ամիսների (հունվար-ապրիլ) տվյալներով արտահանման ծավալն արդեն կազմել է շուրջ 12,7 միլիոն դոլար։

Տվյալները Geostat-ից
Տվյալները Geostat-ից

Այսպիսով, պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանը ոչ միայն գինի է արտահանել եվրոպական շուկա, այլև վերջին տարիներին այդ արտահանման ծավալները զգալիորեն աճել են։ Ուստի Ծառուկյանի պնդումը, թե Վրաստանը Եվրոպայում «մի շիշ գինի» անգամ չի կարողացել վաճառել, չի հաստատվում պաշտոնական վիճակագրությամբ։

Տեղադրություն

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում