Վերաքննիչը բեկանել է արցախցիների ընտրական իրավունքը վերականգնող երկու վճիռները

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հունիսի 1-ին բեկանել է Երևանի քաղաքացիական դատարանի վճիռները՝ Lեռնային Ղարաբաղից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված Մարատ Եգանյանի և Իրինա Եգանյանի մասով։ Դատարանը կարճել է գործերի վարույթը՝ զրկելով նրանց դատական կարգով ընտրացուցակում ընդգրկվելու հնարավորությունից։
Միևնույն ժամանակ, արցախցի Վիկտորյա Առստամյանի գործով վերաքննիչ բողոքը նույնպես վարույթ է ընդունվել, և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել հունիսի 2-ը։
Ավելի վաղ Երևանի քաղաքացիական դատարանը բավարարել էր Լեռնային Ղարաբաղից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց՝ Մարատ Եգանյանի, Իրինա Եգանյանի և Վիկտորյա Առստամյանի հայցերն ընդդեմ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության: Դատարանը պարտավորեցրել է նրանց ընդգրկել հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ցուցակում։
Սակայն Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ տվյալ գործերը ենթակա չէին քննության քաղաքացիական դատարանում։ Ըստ վերաքննիչի պատճառաբանության՝ հայցվորի պահանջը վերաբերում էր իրեն ընտրողների պետական ռեգիստրում ընդգրկելուն պարտավորեցնելուն, ինչը հանդիսանում է հանրային-իրավական վեճ և պետք է քններ բացառապես Վարչական դատարանը։
Առաջին ատյանի դատավորներ Գրիգորի Վարդանյանը և Սամվել Բաբայանը հաստատված են համարել, որ արդեն իսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց քաղաքացիությունը չի կարող դադարեցված համարվել կառավարության կողմից «ժամանակավոր պաշտպանություն» (փախստականի կարգավիճակ) ստանալու փաստի ուժով։
Առաջին ատյանի կայացված վճիռների եզրափակիչ մասում նշված է․ «Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և վերանայման ենթակա չէ»։
Փաստաբան Ռոման Երիցյանը պնդում է, որ ՆԳՆ-ն բողոքարկել է վճիռներ, որոնք, ըստ օրենքի և դատական ակտի տեքստի, վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։
Ըստ փաստաբանի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ բողոքարկման ոչ ենթակա որոշումների դեպքում Վերաքննիչ դատարանը պետք է ուղղակի մերժի դրանց վարույթ ընդունելը։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ բողոքարկման հնարավորությունը սահմանվում է օրենքով, այլ ոչ թե դատական ակտի տեքստով։
Երիցյանը «կայծակնային» է որակել բողոքները վարույթ ընդունելու արագությունը և հարց բարձրացրել՝ եթե արցախցիները չեն ճանաչվում ՀՀ քաղաքացի, ապա ինչպե՞ս են «070» ծածկագրով անձնագրեր ունեցող բազմաթիվ արցախցիներ տարիներ շարունակ զբաղեցրել ՀՀ դատավորի, դատախազի կամ ուժային կառույցներում պաշտոններ։
ՆԳՆ-ն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ունեն փախստականի կարգավիճակ և հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար պարտավոր են անցնել քաղաքացիության ստացման հատուկ ընթացակարգ։
ՀՀ իշխանությունները 2023-ի հոկտեմբերից հայտարարեցին, որ արցախցիների կապույտ անձնագրերը ընդամենը «ճամփորդական փաստաթղթեր» են և քաղաքացիություն չեն հավաստում։ Պաշտոնական Երևանը հղում է անում 1999-ի փետրվարի 24-ին կնքված «անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրին, որը կնքվել է այն ժամանակվա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարներ միջև։ ՍիվիլՆեթի հարցումներից հետո պարզվել է, որ այդ համաձայնագրի վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնագրված է:
Հատկանշական է, որ 1999-ին Արցախի ներքին գործերի համակարգը ղեկավարած մի շարք պաշտոնյաներ (օրինակ՝ Արցախի նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանը կամ ՆԳ նախկին նախարարներ Ռոբերտ Շաֆերյանը և Արթուր Աղաբեկյանը) նշել են, որ չեն հիշում նման ստորագրված փաստաթղթի մասին։
Կազմակերպություն
Տեղադրություն











