Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ: ՍիվիլՆեթն առանձնացրել է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի՝ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդրի վերաբերյալ խոստումները և Արցախի թեմայի շուրջ ներկայացված գնահատականները։
«Քաղաքացիական պայմանագիր». «Իրական Հայաստան», Արցախի հարցի «փակում»
Իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026-ի ծրագիրը փաստացի արձանագրում է քաղաքական օրակարգում Արցախի հարցի «փակումը»։ Եթե 2021-ին ՔՊ-ն դեռ խոսում էր «ինքնորոշման իրավունքի» և «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին, 2026-ի ծրագրում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արդեն ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով։
ՔՊ-ն արցախցիների հարցը տեղափոխել է բացառապես սոցիալական հարթություն՝ խոստանալով բնակապահովման ծրագիր Արցախից տեղահանված 10,000 ընտանիքի համար։ Ուշագրավ է, որ ծրագրում օգտագործվում է ոչ թե «բռնի տեղահանված», այլ պարզապես «տեղահանված» ձևակերպումը։
«Ուժեղ Հայաստան». լիարժեք ինտեգրում և էթնիկ զտման ճանաչում
«Ուժեղ Հայաստան» դաշինքն 2020–2023-ի իրադարձությունները որակում է արցախցիների «ամբողջական էթնիկ զտում» և առաջնահերթություն համարում Հայաստանում տեղահանվածների լիարժեք սոցիալ-տնտեսական ու մշակութային ինտեգրումը։ Ծրագրում շեշտվում է տեղահանվածների միջազգայնորեն վերապահված իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը։ Դաշինքը կարևորում է նաև Արցախի դեմ կատարված միջազգային հանցագործությունների համապարփակ արձանագրումը՝ որպես ճշմարտության վերականգնման և իրական հաշտության հիմք։
«Հայաստան» դաշինք. վերադարձի իրավունք և քաղաքական պահանջատիրություն
«Հայաստան» դաշինքը պահանջում է արցախցիների հավաքական հայրենադարձության իրավունքի միջազգայնացում՝ հիմնված բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների լիարժեք հարգման վրա։ «Արցախի ժողովրդի վերադարձի համար անվտանգ պայմանների ապահովումը ենթադրում է միջազգային նորմերով նախատեսված քաղաքացիական և քաղաքական իրավունքների երաշխավորում»,- գրված է դաշինքի ծրագրում։ Շեշտվում է նաև Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Արցախցիներին աջակցելու մասով ծրագրում նախատեսվում է բռնի տեղահանվածների քաղաքացիության հարցի լուծում, բնակարանային, սոցիալական և զբաղվածության ծրագրերի իրականացում։
«Բարգավաճ Հայաստան». խաղաղ կարգավորում, բայց առանց միակողմանի զիջումների
ԲՀԿ-ն իր ծրագրում նշում է Արցախի հայության հիմնարար իրավունքների, այդ թվում՝ վերադարձի իրավունքի պաշտպանության մասին՝ միջազգային մեխանիզմների շրջանակում։ Ծրագրում դրված է ռազմագերիների անվերապահ վերադարձի պահանջը։ Գագիկ Ծառուկյանի ուժը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորմանը, սակայն շեշտում է, որ դա հնարավոր է բացառապես առանց միակողմանի զիջումների։
Շնորհապետական կուսակցություն. միջազգային քրեական հետապնդում Ադրբեջանի դեմ
Գուրգեն Սիմոնյանի Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ամրագրում է, որ «Արցախի տարագիր հայ ազգաբնակչության բնական ու ազգային իրավունքների պաշտպանությունը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը»։ Կուսակցությունը պահանջում է միջազգային քրեական հետապնդում սկսել Ադրբեջանի դեմ՝ 2020-ի պատերազմի ընթացքում և դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունների, մշակութային և էթնիկ ցեղասպանության, հայրենազրկման համար։ Կուսակցությունը կարևորում է անհետ կորածների, գերիների և հայկական ծագում ունեցող բռնադատվածների գործերով հետևողական քաղաքականության իրականացումը։
«Միասնության թևեր». ակտիվ պաշտպանություն դատարաններում
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած կուսակցությունը բացառում է միջազգային դատարաններում (ՄԱԿ-ի դատարան, ՄԻԵԴ) Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելը՝ նշելով, որ դա «կստեղծի նոր սպառնալիքներ թե՛ մարդու իրավունքներին, թե՛ պետականությանը»։
«Գերիների, անհայտ կորածների, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությունը լինելու է մեր առաջնահերթությունը»,- գրված է ծրագրում։
ԴՕԿ. «արցախցին փախստական չէ, հյուր չէ, ողորմություն խնդրող չէ»
Վարդան Ղուկասյանի «Դեմոկրատիա օրենք կարգաահություն» կուսակցությունը արձանագրում է, որ արցախցիների՝ Արցախում ապրելու նպատակը պետք է պաշտոնապես ամրագրվի։ Ծրագրում հստակ նշվում է, որ արցախցին փախստական չէ, հյուր չէ և ողորմություն խնդրող չէ, այլ հայ ժողովրդի արժանապատվության, պայքարի և պատմական հիշողության կրող։ Ըստ ծրագրի՝ խաղաղության ոչ մի գործընթաց չի կարող լիարժեք համարվել, եթե չի ներառում արցախցիների անվտանգ, արժանապատիվ ու կազմակերպված վերադարձը իրենց պատմական բնակավայրեր։ Կուսակցությունը Արցախը բնակեցնելու հարցը հայտարարում է ազգային անվտանգության ռազմավարական ուղղություն։
Հայ ազգային կոնգրես. «կոմպակտ բնակության» մոդել
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը, որի ցուցակը գլխավորում է կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, առաջարկում է «կոմպակտ բնակության» մոդել Հայաստանում, որպեսզի արցախցիները կարողանան վերստեղծել իրենց նախկին համայնքները՝ շրջաններով, քաղաքներով ու գյուղերով։ Սա դիտարկվում է որպես միջանկյալ լուծում՝ մինչև միջազգային ատյաններում հաջողվի պաշտպանել հավաքական վերադարձի և գույքային իրավունքները։ ՀԱԿ-ն առաջնահերթ է համարում ոչ թե կարճաժամկետ նվազագույն աջակցությունը, այլ բռնի տեղահանվածների արժանապատիվ, անվտանգ ու կայուն ապագայի ապահովումը Հայաստանում։ «Ենթակառուցվածքներ, որպեսզի մարզ տեղափոխվելը դառնա ոչ թե պարտադրված, այլ գրավիչ ընտրություն»,- գրված է ծրագրում։
«Նոր ուժ». ազգերի ինքնորոշման սկզբունք և 2023-ի պատերազմի հանգամանքների վերհանում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած ուժը Արցախի հայկական պետականության վերացումը համարում է Հայաստանի գործող իշխանությունների վարած «անհեռատես, չհաշվարկված և վայրիվերո» արտաքին քաղաքականության հետևանք։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը շեշտում է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու անառարկելի իրավունքը, որ ուժի կիրառմամբ կամ էթնիկ զտումների միջոցով հնարավոր չէ չեղարկել ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Որպես առաջնահերթություն՝ «Նոր ուժն» առաջարկում է իրականացնել 44-օրյա պատերազմի և հետագա բոլոր ռազմական էսկալացիաների (2021-ի մայիս, 2022-2023-ի սեպտեմբեր) հանգամանքների վերհանում, ու դրանց քաղաքական կաշկանդվածությունից զերծ իրավական և քաղաքական գնահատականի տրամադրում։
ԱԺԲ. Արցախը՝ ՀՀ տարածքային ամբողջականության մաս
Ազգային ժողովրդավարական բևեռը Արցախի հարցում ամենաարմատական դիրքն ունեցող ուժն է. կուսակցությունը նպատակ է դնում «վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը»։ Վերադարձի իրավունքը դիտարկվում է բացառապես միջազգային վերահսկողության պայմաններում։
«Ժողովրդավարական համախմբում». Արցախի կորուստը՝ քաղաքական համակարգի դեգրադացիայի հետևանք
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Արցախի կորուստը դիտարկում է որպես ներկայիս քաղաքական համակարգի դեգրադացիայի և տասնամյակներ ձգվող ինքնության ճգնաժամի աղետալի հետևանք՝ նշելով, որ գործող իշխանության վարած «հպատակային քաղաքականության» և արտաքին պարտավորությունների արդյունքում «հանձնվեց Արցախը» և վտանգվեց հայկական պետականությունը։
Որպես ելք՝ ուժն առաջարկում է ազգային էլիտայի ներգրավմամբ ճեղքել ինքնաոչնչացման տանող քաղաքական համակարգը և ձևավորել բովանդակությամբ նոր «Հայկական պետություն», որի առաջնահերթություններից է լինելու արցախցիների վերադարձի ապահովումը միջազգային իրավունքի իրականացման շրջանակում։Ծրագրում շեշտվում է, որ Արցախի հարցի լուծումը և սեփական հողում արժանապատիվ ապրելու իրավունքի վերահաստատումը հնարավոր է միայն ազգային տեսլականի խորքային վերարժևորման և պետության սուբյեկտայնության վերականգնման միջոցով։
«Ժողովրդավարական համախմբում»-ի ցուցակը գլխավորում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որը ակտիվ է եղել 2022-ի Աղավնոյի իրադարձությունների ժամանակ և 2024-ին միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
«Հանուն Հանրապետության». տեղահանվածների ինտեգրումն՝ ազգային միասնության երաշխիք
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը, որի առաջին համարը Արման Բաբաջանյան է, Արցախի կորուստը և արցախահայության բռնագաղթը որակում է որպես պետության առջև ծառացած ծանրագույն փորձություն՝ շեշտելով, որ տեղահանվածների լիարժեք ինտեգրումն ազգային միասնության երաշխիք է։ Տեղահանվածների բնակարանային ապահովումը դիտարկվում է «պատմական արդարության վերականգնման քայլ», և դրա իրականացումը նախատեսվում է ԵՄ-ի հետ համագործակցությամբ, այդ թվում՝ եվրոպական ֆինանսավորմամբ շինարարական նախագծերի միջոցով։ Կուսակցությունն առաջարկում է 2020-2023-ի պատերազմների սխալների թափանցիկ հետաքննություն՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի փորձագետների ներգրավմամբ, ինչպես նաև նախատեսում է ընդլայնել Արցախյան ազատամարտի մասնակիցների արտոնությունները։
Արցախի մասին չհիշատակող ուժերը
«Բոլորին դեմ եմ», «Լուսավոր Հայաստան», «Ռեֆորմիստներ», «Հանրապետություն» և «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունների ծրագրերում բուն Արցախի կամ արցախցիների խնդիրների վերաբերյալ առանձին ձևակերպումներ չկան։
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ծրագիրը բացակայում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, իսկ կուսակցության անդամներից այն հնարավոր չեղավ ստանալ։












