Գլխավոր Լրահոս

Ինչպես է «Բրեյվիսի» 32%-ը դարձել 65% Euronews-ի հոդվածում

Ինչպես է «Բրեյվիսի» 32%-ը դարձել 65% Euronews-ի հոդվածում

Միջազգային Euronews լրատվամիջոցը մայիսի 31-ին հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ նոր հարցման համաձայն՝ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի ջախջախիչ հաղթանակ»։ Ըստ հոդվածի՝ հարցումն իրականացրել է հայկական «Բրեյվիս» (Breavis) սոցիոլոգիական ընկերությունը, որի տվյալներով՝  իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ստանալ կողմնորոշված ընտրողների ձայների գրեթե 65%-ը։ 

««Քաղաքացիական պայմանագիրը» հստակ առաջատար կլինի մասնատված ընդդիմության նկատմամբ, որի որոշ ուժեր նաև ակտիվ աջակցություն են վայելում Ռուսաստանից, իսկ որևէ կուսակցություն չի գերազանցի 12%-ի շեմը»,- նշված է հոդվածում։ 

Euronews-ին հղում անելով՝ հոդվածը տարածում են իշխանամետ լրատվամիջոցները՝ civic.am-ը, «Հայկական ժամանակը», radar.am-ը։ 

Հրապարկմանը կցված ինֆոգրաֆիկան հանդիպում է նաև Google-ի գովազդային ցանցի միջոցով ցուցադրվող գովազդներում։

Էկրանապատկերը՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում առկա գովազդից
Էկրանապատկերը՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում առկա գովազդից

Սակայն «Բրեյվիս» սոցիոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ Euronews-ի հրապարակման մեջ ներկայացված սոցհարցման արդյունքները չեն արտացոլում իր իրականացրած հետազոտության պաշտոնական տվյալները։ Ընկերությունը նշել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով մայիսի 5-11-ը անցկացված հարցման պաշտոնական արդյունքները հրապարակվել են մայիսի 22-ին, և դրանք հասանելի են միայն IRI-ի պաշտոնական հրապարակման միջոցով։ 

#CivilNetCheck-ը գնացել է այս հակասության հետքերով։

Ո՞րն է եղել Euronews-ի աղբյուրը

Euronews-ի հոդվածում ներկայացված տվյալներն իսկապես չեն համընկնում «Բրեյվիսի» իրականացրած և մայիսի 22-ին հրապարակված հարցման արդյունքների հետ։ Մասնավորապես, եթե հոդվածում նշվում է, թե ՔՊ-ի օգտին պատրաստ է քվեարկել կողմնորոշված ընտրողների գրեթե 65%-ը, ապա «Բրեյվիսի» հրապարակած տվյալներով այդ ցուցանիշը 32% է։

Էկրանապատկերը՝ «Բրեյվիսի» հարցման արդյունքներից
Էկրանապատկերը՝ «Բրեյվիսի» հարցման արդյունքներից

Euronews-ի հոդվածում կցված է Europe Elects հարթակի հրապարակած ինֆոգրաֆիկան։ Հենց այդ ինֆոգրաֆիկայում էլ ՔՊ-ի համար նշված էր 65% ցուցանիշը, իսկ որպես տվյալների աղբյուր՝ «Բրեյվիսը»։

Էկրանապատկերը՝ Euronews-ի հոդվածից և Europe Elects-ի հրապարակումից
Էկրանապատկերը՝ Euronews-ի հոդվածից և Europe Elects-ի հրապարակումից

Europe Elects-ը ներկայանում է որպես հասարակական կարծիքի հարցումներ հավաքագրող և վերլուծող հարթակ, որը տալիս է ընտրությունների և քաղաքական միտումների վերաբերյալ տվյալներ։ 

Ըստ հարթակի՝ այն հետևում է Հետազոտական բարեվարքության եվրոպական վարքագծի կանոնագրքին (European Code of Conduct for Research Integrity)։ 

Էկրանապատկերը՝ Europe Elects-ի կայքից
Էկրանապատկերը՝ Europe Elects-ի կայքից

#CivilNetCheck-ը հարցումներ էր ուղարկել Euronews-ին և Europe Elects-ին՝ հասկանալու, թե ինչ աղբյուրների հիման վրա են ներկայացվել հոդվածում և ինֆոգրաֆիկայում նշված տվյալները։

Europe Elects-ը պարզաբանել է

Euronews-ը, սակայն, մինչ այժմ չի պատասխանել հարցմանը։ Լրատվամիջոցը նաև որևէ փոփոխություն չի կատարել հոդվածում՝ «Բրեյվիսի» հերքումից հետո։

Փոխարենը #CivilNetCheck-ի հարցմանը պատասխանել են Europe Elects հարթակից։ Նրանք հայտնում են, որ նորմալացնում են հարցումների արդյունքները՝ հաշվարկից դուրս թողնելով այն հարցվածներին, որոնք չեն կողմնորոշվել, հրաժարվել են պատասխանել կամ նշել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը։ Europe Elects-ի տվյալներով՝ «Բրեյվիսի» հարցման մասնակիցների 51%-ը պատկանել է հենց այս խմբին։

«Այդ պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության համար նշված 65%-ը «Բրեյվիսի» կողմից հրապարակված անմիջական արդյունք չէ, այլ մեր ստանդարտացված վերահաշվարկի արդյունքը»,- հայտնել են Europe Elects-ից։

Հարթակից նաև ընդգծել են, որ ինֆոգրաֆիկայում առկա է նշում այն մասին, որ հարցվածների 51%-ը դուրս է մնացել հաշվարկից։ 

Էկրանապատկերը՝ Europe Elects-ի հրապարակած ինֆոգրաֆիկան
Էկրանապատկերը՝ Europe Elects-ի հրապարակած ինֆոգրաֆիկան

Europe Elects-ի և «Բրեյվիսի» տվյալների տարբերությունը

Սակայն Europe Elects-ի այս մոտեցման դեպքում էլ խնդիր է առաջանում։ «Բրեյվիսը» հրապարակել էր նաև առանձին տվյալներ այն հարցվածների շրջանում, որոնք նշել են, որ շատ հավանական է՝ կմասնակցեն ընտրություններին։ Այդ հաշվարկով ՔՊ-ի ցուցանիշը 38% է։

Այսինքն՝ եթե նպատակն էր ցույց տալ ոչ թե բոլոր հարցվածների, այլ ընտրություններին մասնակցել պատրաստվողների դիրքորոշումը, ապա արդեն իսկ առկա էր «Բրեյվիսի» հրապարակած համապատասխան ցուցանիշը։

Էկրանապատկերը՝ «Բրեյվիսի» հարցման արդյունքներից
Էկրանապատկերը՝ «Բրեյվիսի» հարցման արդյունքներից

Europe Elects-ի ինֆոգրաֆիկայում կան նաև այլ անճշտություններ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացված է «Մեր ձևով» անվամբ, իսկ մյուս քաղաքական ուժերի անունները՝ լատինատառ հայերեն հապավումներով, ինչի պատճառով որոշ դեպքերում պարզ չէ, թե որ ուժի մասին է խոսքը։ Բացի այդ, ինֆոգրաֆիկայում հարցման մասնակիցների թիվը նշված է 1551, մինչդեռ «Բրեյվիսի» հրապարակած տվյալներում այն 1511 է։

Էկրանապատկերը՝ Europe Elects հարթակից
Էկրանապատկերը՝ Europe Elects հարթակից

Այսպիսով, թեև Euronews-ի հոդվածում հղում է կատարվում «Բրեյվիս» սոցիոլոգիական ընկերությանը, ներկայացված թվերը չեն արտացոլում ընկերության հրապարակած արդյունքները։ ՔՊ-ի համար նշված 65% ցուցանիշը «Բրեյվիսի» հարցման ուղիղ տվյալը չէ, այլ Europe Elects հարթակի կատարած վերահաշվարկի արդյունքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում