Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճին՝ համեմատելով 2025 և 2026 թվականների հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշները։
«Այս տարի նախորդ տարվա նկատմամբ 34%-ով ավել զբոսաշրջիկ ունենք, այսինքն՝ այս տարի արդեն մոտավորապես 160 000 մարդ զբոսաշրջիկ նախորդ տարվանից ավել եկել է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
#CivilNetCheck-ը ստուգել է վարչապետի ներկայացրած տվյալների հիմքում ընկած պաշտոնական ցուցանիշները և պարզել, որ հրապարակված տվյալներում սխալ է եղել։
Փաշինյանն ու Պապոյանը վստահեցրել էին, որ տվյալները ճշգրիտ են
Նիկոլ Փաշինյանը զբոսաշրջիկների թվի՝ 34% աճի մասին առաջին անգամ խոսել է կառավարության մայիսի 7-ի նիստում։ Նա ընդգծել է, որ մի քանի անգամ ճշտել է այդ թիվը և համոզվել, որ այն ճիշտ է։ Նա նաև հավելել է.
«Ես մի քանի անգամ հարցրել եմ ՝ ճիշտ է այս թիվը, համոզված ենք, որ տենց է»,- հայտարարել է Փաշինյանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ նույն նիստի ժամանակ հայտնել է, թե տվյալները ստացվում են սահմանահատումներից և դրանք հստակ են:
Մինչդեռ, #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական բանկը հայտնել է, որ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 625 հազար զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23%-ով։
Անհամապատասխանության պատճառները
Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 8-ին հրապարակել էր մի քանի ինֆոգրաֆիկաներ՝ ներկայացնելով 2019 թվականից ի վեր Հայաստան կատարված զբոսաշրջային այցելությունների թվերը։ Դրանցից մեկի համաձայն՝ 2026-ի հունվար-ապրիլին Հայաստան է այցելել 683,151 զբոսաշրջիկ, իսկ 2025-ի նույն ժամանակահատվածում՝ 510,446-ը։
Նույն գրառման մեկ այլ ինֆոգրաֆիկայում, սակայն, կոմիտեն ներկայացրել էր 2026-ի հունվար-ապրիլ ամիսների տվյալներն ըստ ամիսների։ Այդ տվյալների հանրագումարը կազմում էր 625 843, ինչը չէր համապատասխանում նախորդ ինֆոգրաֆիկայում նշված 683,151 ցուցանիշին։
683,151 ցուցանիշի դեպքում 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ իսկապես ստացվում է շուրջ 34% աճ։ Սակայն 625,843 ցուցանիշի դեպքում աճը կազմում է մոտ 23%։ Վերջին թիվը համընկնում է ԿԲ-ի տվյալների հետ։

#CivilNetCheck-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեից հայտնեցին, որ վրիպակ է եղել․ ամսական տվյալները ճիշտ են հրապարակվել, սակայն ընդհանուր ցուցանիշը սխալ է հաշվարկվել։ Հունիսի 3-ին կոմիտեն խմբագրել է ֆեյսբուքյան գրառման ինֆոգրաֆիկան՝ 683,151-ի փոխարեն հրապարակելով 625,843 ցուցանիշը։

Այսպիսով, շտկված պաշտոնական տվյալների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 34% աճի և նախորդ տարվա համեմատ մոտ 160 հազար հավելյալ զբոսաշրջիկի մասին պնդումը չի համապատասխանում իրական ցուցանիշներին։ Զբոսաշրջային այցելությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 115,397-ով կամ շուրջ 23%-ով։
Փաստերի ստուգում
Թեմա
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck










