Հայաստանի կառավարությունը շուրջ 2 մլրդ դրամ փոխհատուցում կտրամադրի ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին՝ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու նպատակով։ Համապատասխան նախագիծը հավանության է արժանացել կառավարության հունիսի 4-ի նիստին։
Կսուբսիդավորվի դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ նշված ապրանքների արտահանումը։
Նախագծով առաջարկվում է 2026-ի հունիսի ընթացքում Հայաստանի տարածքից արտահանված ապրանքների համար տնտեսավարողներին փոխհատուցում տրամադրել հստակ սահմանված չափերով։ Նախատեսվում է ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրել 770 դրամ, լոլիկի 1 կիլոգրամի համար՝ 275 դրամ, պղպեղի 1 կիլոգրամի համար՝ 400 դրամ, իսկ արտահանված ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ։
Ըստ նախագծի հիմնավորման՝ 2025-ին Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման ծավալները կազմել են շուրջ շուրջ 73 մլրդ դրամ, ընդ որում՝ արտահանման ընդհանուր ծավալի շուրջ ավելի քան 93 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանի Դաշնությանը։
Ռուսական կողմի կիրառած սահմանափակումների պայմաններում այլ երկրներ արտահանելու հնարավորությունները քննարկվել են արտահանողների հետ։
Քննարկումների ընթացքում տնտեսավարողները հայտնել են, որ այլ երկրներ արտահանելիս մրցունակ լինելու համար անհրաժեշտ է արտահանվող յուրաքանչյուր կիլոգրամի համար ստանալ որոշակի փոխհատուցում։
Արտահանման դինամիկայի վերլուծության համաձայն՝ 2026-ի հունիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման ենթակա ծավալները կկազմեն շուրջ 4250 տոննա պտուղբանջարեղեն և 10 մլն հատ ծաղիկ։
Աջակցությունից օգտվելու համար գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը էլեկտրոնային կամ թղթային եղանակով համապատասխան դիմում պետք է ներկայացնի Էկոնոմիկայի նախարարություն։ Դիմումին պարտադիր պետք է կցվեն ապրանքի տարանցման հայտարարագիրը կամ ապրանքների հայտարարագրերի պատճենները և հաշվարկային փաստաթուղթը՝ հաշիվ ապրանքագիրը։











