Գլխավոր Լրահոս

Վրացական գինու դասերը Հայաստանի համար. SOVA

Վրացական գինու դասերը Հայաստանի համար. SOVA

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Մոսկվան Երևանին առևտրային պատերազմ է հայտարարել։ ՌԴ-ն մեկը մյուսի հետևից արգելում է հայկական արտադրանքների մուտքն իր շուկա` ծաղիկներից և հանքային ջրից մինչև բանջարեղեն, մրգեր, ձուկ, գինի և կոնյակ: Դրան ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունները խոստանում են աջակցել տեղական արտադրողներին՝ սուբսիդավորելով այլ շուկաներ արտահանման ծախսերը. ճանապրհ, որը ժամանակին անցել են Ռուսաստանի հետ խնդիրներ ունեցած Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Թեմային անդրադարձել է SOVA վրացական անկախ լրատվամիջոցը՝ «Վրացական գինու դասը Հայաստանի համար. ինչպես է ռուսաստանյան էմբարգոն ստեղծում նոր հնարավորություններ» իր հոդվածում։ Հեղինակները նշում են, որ նմանատիպ խնդիրների է բախվել Վրաստանը 2006 թվականին. ռուսական սահմանափակումները ցավոտ հարված հասցրին արտահանմանը, բայց միևնույն ժամանակ արտադրողներին դրդեցին դիվերսիֆիկացիայի։ Այժմ, Թբիլիսիի օրինակով, նոր շուկաներ գտնելու մտադրություն ունի նաև Երևանը։ SOVA-ն, մասնավորապես, անդրադառնում է նրան, թե ինչպիսին է եղել Ռուսաստանի սահմանափակումների հետևանով նոր իրացման շուկաներ գտնելու, իսկ հետո կրկին ռուսական շուկա վերադառնալու Վրաստանի փորձը։

Վրացական փորձը

Նախկինում Ռուսաստանը բազմիցս օգտագործել է պարենային էմբարգոն և սանիտարական արգելքները որպես քաղաքական ճնշման գործիք հետխորհրդային տարածքի այն երկրների նկատմամբ, որոնք ընտրել են Արևմուտքի հետ մերձեցման ուղին։

Նման քաղաքականության դասական օրինակներ դարձան Վրաստանը և Մոլդովան։ 2006 թվականին՝ Թբիլիսիի և Քիշնևի հետ հարաբերությունների սրման ֆոնին, «Ռոսպոտրեբնադզորն» ամբողջությամբ արգելեց վրացական և մոլդովական գինիների, ինչպես նաև վրացական «Բորժոմի» հանքային ջրի ներմուծումը՝ պաշտոնապես հղում անելով «որակի հետ կապված խնդիրներին»: 

Մոլդովայի համար հարվածը կրկնվեց 2013-2014 թվականներին, երբ երկիրը ստորագրում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Այդ ժամանակ արգելքի տակ հայտնվեցին ոչ միայն գինիները, այլև մրգերը, միսն ու բանջարեղենը։

Սակայն Մոսկվայի «առևտրային պատերազմների» աշխարհագրությունը շատ ավելի լայն էր։ 2013 թվականին՝ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման սպասվող համաձայնագրի ստորագրման նախաշեմին, Ռուսաստանն արգելափակեց ուկրաինական «Ռոշեն» ընկերության հրուշակեղենի արտադրանքի ներմուծումը, իսկ ավելի ուշ լայնամասշտաբ սահմանափակումներ մտցրեց ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ:

Տարբեր տարիների արգելքի տակ են հայտնվել էստոնական, լատվիական և լիտվական շպրոտն ու կաթնամթերքը։ Տնտեսական ճնշման բախվել են անգամ Ռուսաստանի ամենամերձավոր դաշնակիցները. նավթագազային և մաքսային վեճերի պատճառով Ռուսաստանը պարբերաբար կազմակերպում էր «կաթնային» և «մսային» պատերազմներ՝ արգելելով բելառուսական ձեռնարկությունների մատակարարումները։

Այս միջոցները ստիպեցին տուժած պետություններին դիվերսիֆիկացնել իրենց շուկաները և արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիության և Ասիայի երկրներ։ Այսպես, մասնավորապես, եղավ վրացական արտադրանքի դեպքում։ Երբ 2006 թվականին ՌԴ-ն արգելեց վրացական գինու, հանքային ջրի և գյուղմթերքի մի մասի ներմուծումը, վրացական տնտեսությանը զգալի հարված հասցվեց։ Ինչպես Հայաստանի հետ ներկայիս դեպքում, այն ժամանակ ևս Մոսկվան հղում էր անում որակի և սանիտարական նորմերի վերաբերյալ պահանջներին։

Մինչև էմբարգոն Ռուսաստանը մնում էր վրացական գինու գլխավոր շուկան. տարբեր գնահատականներով՝ հենց նրան էր բաժին ընկնում գինու արտահանման առյուծի բաժինը։ 

Civil Georgia հրատարակությունը 2006 թվականի մարտին գրում էր, որ վրացական գինու ողջ արտահանման մինչև 90%-ը գնում էր հենց Ռուսաստան, իսկ IWPR-ը տվյալներ էր բերում, որոնց համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում Վրաստանը Ռուսաստան էր արտահանել ավելի քան 36 մլն լիտր գինի՝ շուրջ 63 մլն դոլար արժողությամբ։

Սակայն ռուսական շուկայի կորուստը վրացի արտադրողներին ստիպեց փնտրել նոր ուղղություններ, փոխել արտադրության չափանիշները և աշխատել ավելի պահանջկոտ շուկաների հետ։ Էմբարգոյից հետո ռուս սպառողից կախվածությունը փոխարինվեց Ուկրաինայի, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և նույնիսկ Չինաստանի շուկաներով։

2013 թվականին «Journal of Wine Economics»-ի հոդվածում նշվում էր, որ Մոսկվայի կողմից սահմանափակումների կիրառումից հետո վրացական գինու արտահանումը սկզբում նվազեց իր ծավալներով, սակայն «նկատելիորեն աճեց որակապես»։

Galt & Taggart-ի տվյալներով՝ 2005-ից մինչև 2012 թվականը վրացական գինու արտահանումը դեպի ԵՄ աճել է ավելի քան երեք անգամ և հասել մոտ 2,6 մլն լիտրի՝ 9 մլն դոլար արժողությամբ. ԵՄ երկրների շարքում աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են Լեհաստանում և Բուլղարիայում։ Մինչև 2014 թվականն այն երկրների ցանկը, ուր Թբիլիսին արտահանում էր իր գինիները, հասավ 120-ի։

Վերադարձ արտահանմանը Ռուսաստան

Ընդ որում, վրացական օրինակը ցույց է տալիս նաև այս պատմության մյուս կողմը. մեկ անգամ նվազած կախվածությունը ռուսական շուկայից կարող է վերականգնվել։ 2013 թվականին էմբարգոյի վերացումից հետո վրացական գինին սկսեց արագորեն վերականգնել դիրքերը Ռուսաստանում։ Արտադրողների համար դա մեծ ու սովորական շուկա էր, որտեղ վրացական արտադրանքն արդեն ճանաչելի էր, իսկ առաջխաղացման ծախսերն ավելի ցածր էին, քան ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում։

Արդյունքում ռուսական ուղղությունը կրկին դարձավ գլխավորը ոլորտի համար։ Transparency International Georgia-ի տվյալներով՝ 2021 թվականին ՌԴ-ն ներմուծել է Վրաստանից արտահանվող գինու 55%-ը՝ 131 մլն դոլար արժողությամբ։ 

2022 թվականին ռուսական շուկայի մասնաբաժինն աճել է մինչև 63,8%, իսկ 2023 թվականին հասել է 65%-ի, ինչը առավելագույն ցուցանիշն է 2005 թվականից ի վեր:

International Journal of Wine Business Research ամսագրի՝ վրացական գինեգործության մարտահրավերների վերաբերյալ հոդվածում նշվում էր, որ Գինու ազգային գործակալությանը չհաջողվեց ամրապնդել դիվերսիֆիկացիան էմբարգոյից հետո. ռուսական շուկա վերադառնալուն պես արտահանումն այնտեղ կրկին կտրուկ աճեց: Այս միտումը փաստացի ոլորտը վերադարձրեց հին խոցելիությանը: ՌԴ շուկան կրկին դարձավ ոչ միայն առևտրային ուղղություն, այլև «պոտենցիալ քաղաքական լծակ»:

Ընդ որում՝ խնդիրը ոչ միայն վաճառքի ծավալն էր, այլև բուն արտահանման մոդելի որակը։ 

Galt & Taggart-ի 2021 թվականի զեկույցում նշվում էր, որ վրացական գինու արտահանման միջին գինը նոր թիրախային շուկաներում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Գերմանիայում և այլ երկրներում, 26%-ով ավելի բարձր է եղել, քան ՌԴ-ում և ԱՊՀ այլ երկրներում: Այսինքն՝ ռուսական շուկա վերադարձն ապահովում էր արագ ծավալ, սակայն ոլորտը պահում էր ավելի ցածր գնային սեգմենտում՝ համեմատած այն շուկաների հետ, որտեղ վրացական գինին կարող էր վաճառվել ավելի թանկ և մրցակցել որակի ու դիրքավորման միջոցով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում