Տիրան Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության մասին հոդվածով։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«Դատախազը հունիսի 3-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթը: Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից»,- հայտնել են դատախազությունից:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեղադրանքն առաջադրվել է, իբրև 2023-ի սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար:
«Երեք տարի շարունակ (2023-ից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ»,- գրել է փաստաբանը:
Խուլիգանության համար Տիրան Խաչատրյանը կալանավորվել է նաև 2024-ի հունվարին։ Մարտին նա գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Խաչատրյանը կալանավորվել էր Արամուսում տեղի ունեցած կռվի և կրակոցների դեպքով։ Նրա նկատմամբ նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։
Մեկ այլ գործով 2025=ի հունվարին Տիրան խաչատրյանը կալանավորվել, այնուհետև փետրվարին գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Նա մեղադրվում էր 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նույն այդ պատերազմի ժամանակ Խաչատրյանն արժանացել է ազգային հերոսի կոչման։









