Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած հայցը։
«Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 5-ին դիմել էր ԿԸՀ՝ արգելելու Սամվել Կարապետյանի դաշինքի մասնակցությունը հունիսի 7-ի ընտրություններին։
Դիմող կողմը պնդում էր, թե ընտրական գործընթացի ընթացքում արձանագրվել են ընտրակաշառքի, ընտրողների կամքի վրա ազդեցության, ինչպես նաև արտաքին ներգործության և ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ դեպքեր, որոնք, ըստ իրենց, կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
ԿԸՀ-ն նույն օրը երեկոյան արտահերթ նիստի արդյունքում որոշեց, որ դիմումում ներկայացված պնդումները հիմնված են «ենթադրությունների և իրավապահ մարմինների հաղորդագրությունների վկայակոչման վրա»։ ԿԸՀ-ն արձանագրել է, որ այս պահին չկա որևէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը կհաստատի այդ պնդումները։
Հանձնաժողովը շեշտեց՝ որևէ ապացույց չի ներկայացվել առ այն, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են կամ առկա են ընտրական օրենսգրքով սահմանված այնպիսի խախտումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու համար։
Նաև ներկայացված չեն բավարար տվյալներ, որոնք կհիմնավորեն, թե առկա խախտումները կատարվել կամ ուղղորդվել են հենց ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կողմից։
ԿԸՀ-ն նաև նշեց, որ ուսումնասիրվել են նախընտրական հիմնադրամների ծախսերի վերաբերյալ վերահսկիչ ծառայության եզրակացությունները, որոնց համաձայն՝ հայտարարագրերում խախտումներ չեն հայտնաբերվել։
Հանձնաժողովը 7 կողմ ձայնով որոշեց մերժել Արամ Սարգսյանի դիմումը։ Որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարանում երեք օրվա ընթացքում։
․․․
ԿԸՀ դիմելու առաջարկն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում կուսակցությունների նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի ժամանակ։ Արամ Սարգսյանն ընդունել էր վարչապետի առաջարկը, սակայն բանավեճի ընթացքում մտքափոխվեց՝ հիմնավորելով, որ դա իր խնդիրը չէ։ Հաջորդ օրն էլ կրկին մտափոխվեց ու դիմեց։












