Նոր Սահմանադրության շուրջ քննարկումների գլխավոր հարցը Հայաստանի Անկախության հռչակագրին հղումն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ընդդիմության դիրքորոշմանը և սահմանադրական փոփոխությունների դեմ սկսված իրազեկման ակցիաներին։
«Գլխավոր հարցը հենց հղումն է։ Այնտեղ գրված է մեր երկրի անունը, գրված է՝ մեր երկրի տերը ով է, գրված է՝ հողի տերը ով է, գրված է՝ պաշարների տերը ով է, գրված է՝ ինչ ծրագրեր ունենք մենք ապագայի մասին, գրված է մեր անցյալի մասին կարևոր բաներ»,- ասել է Կարապետյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է քննարկել նաև նոր Սահմանադրության նախագծի մյուս բովանդակային դրույթները, Կարապետյանը պատասխանել է, որ Անկախության հռչակագիրն ինքնին Սահմանադրության հիմնական քաղաքական բովանդակությունն է։
«Ամբողջ հիմքը Անկախության հռչակագրում կա։ Այսինքն՝ բովանդակայինը, հենց ամենամեծ բովանդակային քաղաքական բովանդակությունը Անկախության հռչակագիրն է, ու դա հենց մենք քննարկում ենք»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ հռչակագիրը պարունակում է Հայաստանի ապագային, արժեհամակարգին ու պատմությանը վերաբերող կարևոր դրույթներ։
Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք Անկախության հռչակագրին հղումը պահպանելու ընդդիմության դիրքորոշումը նշանակում է, որ այն հետապնդում է Արցախը Հայաստանին վերամիավորելու օրակարգ։
Ի պատասխան՝ Կարապետյանն ասել է, որ Սահմանադրական դատարանն արդեն հայտնել է իր դիրքորոշումը, սակայն Անկախության հռչակագիրը, նրա խոսքով, ունի բազմաթիվ հիմնարար կետեր, որոնք վերաբերում են Հայաստանի ժողովրդավարական կարգին և պետության զարգացման ուղղություններին։
«Անփոփոխելի է դա, մեր Սահմանադրության մեջ գրված է՝ անփոփոխելի կետ է դա։ Ո՞նց ենք մենք փոխում անփոփոխելի կետը»,- ասել է նա։
Արցախը Հայաստանին վերամիավորելու օրակարգ ունենալու վերաբերյալ հարցին Կարապետյանը հստակ պատասխան չի տվել։
Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխության հարցում խորհրդարանական քննարկումները կարևոր են, քանի որ հանրությունը պետք է լսի և՛ իշխանության, և՛ ընդդիմության դիրքորոշումները։
Կարապետյանը պնդել է, որ Սահմանադրության փոփոխությունը կարող է վտանգներ առաջացնել երկրի անկախության և ինքնիշխանության համար, եթե իրականացվի արտաքին թելադրանքով։
«Ինքնիշխանության կորստի ավելի վատ տարբերակ, քան երկրիդ հիմքը, ծննդականը, Սահմանադրությունդ, անփոփոխելի կետերը Սահմանադրության ուրիշի ցուցումով, ուղիղ ցուցումով՝ քո հակառակորդի, փոխելը, չկա»,- ասել է նա։
Լրագրողի հարցին՝ ինչ է անելու ընդդիմությունը, եթե չկարողանա ապահովել նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ վեց ընդդիմադիր պատգամավորի աջակցությունը, Կարապետյանը չի հստակեցրել խմբակցության հետագա քայլերը։ Նա կարևորել է քաղաքացիների իրազեկումը՝ նշելով, որ հասարակության մի մասը տեղյակ չէ նախատեսվող սահմանադրական փոփոխություններից։
Նոյեմբերի 8-ից Երևանում մի շարք ընդդիմադիր ուժեր սկսել են իրազեկման ակցիաներ՝ քաղաքացիներին ներկայացնելու նոր Սահմանադրության ընդունման հետ կապված իրենց մտահոգությունները։ Նախաձեռնությանը նախորդել էր նոյեմբերի 4-ին ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարությունը՝ Սահմանադրության փոփոխության դեմ համախմբվելու մասին։ Հայտարարությունը ստորագրածների թվում են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», Հանրապետական, Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն», «Ապրելու երկիր» և այլ կուսակցություններ ու նախաձեռնություններ։
Նոր Սահմանադրության մշակման գործընթացը շարունակվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին հայտնել էր, որ նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերին, որից հետո կսկսվեն հանրային քննարկումները։ Նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի աջակցությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» անհրաժեշտ ձայներն ապահովելու համար առնվազն վեց ընդդիմադիր պատգամավորի աջակցության կարիք ունի։
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապայման է ներկայացնում՝ պահանջելով Սահմանադրության նախաբանից հեռացնել 1990-ի Անկախության հռչակագրին հղումը։ Բաքուն պնդում է, որ հռչակագրում հիշատակված՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշումը տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Երևանը, մինչդեռ, պնդում է, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում՝ հղում անելով նաև Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, սակայն դեռևս ստորագրված չէ։












