Radar Armenia-ն մոլորեցնում է. անձնագրում ընտրությանը մասնակցելու մասին նշում չի արվում

Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր հանձնարարվել է ամբողջությամբ արգելել Հայաստանից այն զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը, որոնք ՌԴ-ից ժամանել են Հայաստան միայն ընտրություններին մասնակցելու նպատակով և պատրաստվում են վերադառնալ Ռուսաստան։
«Հատկանշական է, որ անձնագրում հստակ նշում է արվում ընտրություններին մասնակցած լինելու մասին»,- նշվում է տարածվող հրապարակումներում։

Այս մասին առաջինը գրել է Radar.am-ի տելեգրամյան ալիքը։ Տեղեկությունը արտատպել են 1in.am-ի և «Նոյան Տապանի» տելեգրամյան ալիքները։ Այն տարածվում է նաև ֆեյսբուքյան մի շարք էջերով, այդ թվում՝ «Զարմանալի աշխարհ», Presstv.am, Goris Today, «Հայաստանի Հանրապետություն» և այլն։
Պնդումը, թե անձնագրում նշում է արվում ընտրություններին մասնակցած լինելու մասին, չի համապատասխանում իրականությանը։
Թեև տարիներ առաջ ընտրություններին մասնակցելուց հետո անձնագրում իսկապես կնիք էր դրվում, սակայն 2016-ին ընդունված Ընտրական օրենսգրքով այդ դրույթն առկա չէ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ ներկայում անձնագրում որևէ նշում չի արվում։ Նրա խոսքով՝ կրկնաքվեարկությունը բացառվում է ներդրված էլեկտրոնային սարքերի միջոցով։
«Եթե ընտրողը փորձում է կրկնաքվեարկություն իրականացնել, սարքի վրա անմիջապես միանում է կարմիր ազդանշանը, որից հետո ոստիկաններն իրականացնում են օրենքով սահմանված գործողություններ»,- ասաց Ղուկասյանը։
Այսպիսով, տարածվող հրապարակումների առանցքային պնդումը՝ թե ընտրությանը մասնակցելու փաստը կարող է ստուգվել անձնագրում դրված նշումի միջոցով, չի համապատասխանում իրականությանը։
Կազմակերպություն
Անի Գրիգորյան
CivilNetCheck










