Գլխավոր Լրահոս

Փաշինյանն ասաց` ինչու Հայաստանը հիմա չի դիմում ԵՄ անդամակցության համար

Փաշինյանն ասաց` ինչու Հայաստանը հիմա չի դիմում ԵՄ անդամակցության համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի շուկայում հայկական արտադրության ապրանքների մուտքի արգելափակումը համարեց «աշխատանքային հարց» և «արհեստական լարվածություն», որն ապագայում կլուծվի։

«Նման խնդիրներ անընդհատ են լինում, այլ բան է, որ հիմա դա լուսաբանվում է։ Լուսաբանվում է ձեզ հայտնի ուժերի, շրջանակների հետաքրքրության բերումով և ծախսերով», - հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների քվեարկությունից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջին շաբաթներին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում աճող լարվածության ֆոնին ժամանակավորապես արգելվել է Հայաստանից հնդավոր պտղատու մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրեղենի ներմուծումը ՌԴ, ինչպես նաև դրանց տարանցումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ այլ պետություններ։ Մինչ այդ արգերլքներ էին կիրառվել հայկական ձկնամթերքի, ծաղիկների, պտուղ-բանջարեղենի, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի քանի տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ: 

Չնայած աճող դինամիկայով Ռուսաստանի կիրառած արգելքներին` Փաշինյանն այդ գործողություններում արտառոց որևէ բան չի տեսնում: 

«Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, միջկառավարական խորհրդի նիստում պարբերաբար քննարկվում են նման հարցեր։ Ֆիտոսանիտարական նորմերի, ապրանքների որակի, ստանդարտների, արտահանումների, վերաարտահանումների, ապրանքների ծագման հետ կապված խնդիրներ, քանի որ (ԵԱՏՄ) բոլոր երկրներն էլ շահագրգռված են, անհանգստացած են, որ չլինի այնպես, որ երրորդ երկրի ապրանք ներմուծվի ԵԱՏՄ երկիր, դառնա «ԵԱՏՄ ապրանք» և վերաարտահանվի մյուս երկրներ», - ասաց նա՝ հավաստիացնելով, որ այս գործընթացներն անընդհատ են։

Անդրադառնալով ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի մայիսի 30-ի նիստից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չորս պետությունների՝ Հայաստանին ուղղված հայտարարությանը, որով ոչ միայն պաշտոնական Երևանին կոչ է արվում հանրաքվեի միջոցով ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, այլև խոսվում է Հայաստանի հետ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավորության մասին, Փաշինյանը բացառեց, որ Հայաստանին կարող են հեռացնել այդ կառույցից։

Հղում անելով ԵԱՏՄ պայմանագրին՝ նա փաստեց, որ այդ կառույցում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ Հայաստանը, մյուս անդամ պետությունների նման, ունի վետոյի իրավունք։

Ինչ վերաբերում է Հայաստանում հանրաքվե անցկացնելու՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հորդորին, վարչապետ Փաշինյանը կրկնեց նախկինում բերած իր փաստարկը։

«Հանրաքվե անցկացնելու համար պետք է լինի հանրաքվեի առարկա։ Այն է՝ Հայաստանը պետք է դիմած լինի ԵՄ-ին անդամակցելու համար կամ ունենա անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Այդ երկուսից որևէ մեկը չկա այժմ», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցության դիմում չի ներկայացնում, քանի որ պատրաստ չէ դրան։

Իսկ թե երբ Հայաստանը պատրաստ կլինի դրան, Փաշինյանը հստակ ժամկետներ չնշեց, միայն հավելելով, որ նախ պետք է բարեփոխումներ իրականացնել։ «Ինչո՞ւ ենք հիմա դիմելու։ Աղմուկ-աղաղակ հանելո՞ւ համար», - հռետորական հարց հնչեցրեց նա՝ նշելով, որ Հայաստանն ինստիտուցիոնալ կայացման խնդիրներ ունի։ Այս համատեքստում հատկապես շեշտադրվեց դատական համակարգի անկախության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի խնդիրը։

Այնուհետև հավելեց, որ ինքը չի որոշելու, թե երբ է Հայաստանն անդամակցելու ԵՄ-ին, դա անելու է ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ «Իմ խնդիրն է, որ Հայաստանի ժողովուրդն ունենա այլընտրանքներ։ Ժողովուրդն ինքը կորոշի՝ ինչ ճանապարհով է ուզում գնալ», - նկատեց կառավարության ղեկավարը՝ միևնույն ժամանակ «տակտիկական սխալ» որակելով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների գործելաոճը՝ նկատի ունենալով Հայաստանին ուղղված ընտրություն կատարելու հորդորը։

«Հայտարարություններով փոխանակ ԵԱՏՄ ընկալումը Հայաստանում բարձրացնեն, ամեն ինչ անում են, որ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում իջնի։ Իսկ վերջում մարդիկ են, չէ՞, որոշելու, ես չեմ որոշելու», - ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում