«Թուրքական» անուններ՝ ընտրացուցակո՞ւմ․ ինչ է իրականում երևում ռեգիստրում

Համացանցում և լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է քաղաքացու ահազանգը, ըստ որի՝ իր հասցեում ազգությամբ «թուրքեր են գրանցել»։
Որպես պնդման ապացույց տարածվում է ընտրացուցակից լուսանկար, որում երևում են մի քանի անձանց անուն-ազգանուններ։ Դրանք սոցցանցերում ներկայացվում են որպես «թուրքական» անուններ։

#CivilNetCheck-ին հաջողվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված ընտրողների ռեգիստրում գտնել վերոնշյալ անձանց։ Նրանք գրանցված են Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոց 82 հասցեում։ Տվյալ հասցեում գրանցված է վեց անձ։

Սակայն համացանցում տարածվող լուսանկարը տվյալները ներկայացնում է կիսատ։ Երբ նույն հասցեում գրանցված անձանց տվյալները դիտարկում ենք ամբողջական ընտրացուցակում, երևում է, որ նշված անձանցից մեկի ամբողջական անունը Քրտան Օղլի Նանոր Յարությունի է․ այսինքն՝ «Յարությունի»-ն հայրանունն է։
Ներքին գործերի նախարարությունը ևս հերքել է պնդումը՝ հայտնելով, որ նշված հասցեում Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ։ Գերատեսչությունը նաև հիշեցրել է, որ Ազգային ժողովի ընտրությունների ընտրացուցակում կարող են ընդգրկվել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
«Եթե կա ցուցակներում, ապա, բնականաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կարող է ունենալ նաև այլ պետության քաղաքացիություն, որը, հստակ արձանագրեմ, Թուրքիայի քաղաքացիությունը չէ։ Տվյալ բնակելի տարածքի սեփականատերը և այն անձը, ով նման հրապարակում էր արել, հրավիրվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ պարզաբանումների և հաշվառման հիմքերը քննարկելու»,- հաղորդել է ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Fip.am-ի հետ զրույցում Դավթյանը նաև հայտնել է, որ ընտրատեղամասում բողոքող քաղաքացին իր գրանցման հասցեի տան սեփականության վկայական չունի, առկա են ժառանգության հետ կապված խնդիրներ։
ՆԳՆ-ից նաև հայտնել են, որ կապ են հաստատել ահազանգող քաղաքացու հետ և նրան ներկայացրել բնակչության պետական ռեգիստրում փաստացի ու մշտական հաշվառման կարգը։
Այսպիսով, տարածվող պնդումը, թե նշված հասցեում «թուրքեր են գրանցվել», չի հաստատվում։ Ընտրացուցակում ընդգրկված անձինք ՀՀ քաղաքացիներ են, իսկ ՆԳՆ-ն հերքել է Թուրքիայի քաղաքացիների հաշվառման մասին տեղեկությունը։
Իրադարձություն
Փաստերի ստուգում
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck









