Գլխավոր Լրահոս

Ինչո՞ւ են ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի հրապարակած ընտրողների թվերը տարբեր մոտ 19,500-ով

Ինչո՞ւ են ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի հրապարակած ընտրողների թվերը տարբեր մոտ 19,500-ով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ահազանգել է Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած ընտրողների թվերի միջև առկա տարբերության մասին։ Ըստ նրա՝ հունիսի 6-ին ՆԳՆ-ն հայտնել է՝ ՀՀ-ում ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485 հազար 851 է, մինչդեռ ԿԸՀ-ի հրապարակած ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը 2 մլն 503 հազար 996 է։

«Այս տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն, ինչը չի կարող աննկատ մնալ [...]: Հարց է առաջանում՝ ովքե՞ր են այդ հավելյալ հազարավոր ընտրողները, որտեղի՞ց է առաջացել այս տարբերությունը և ինչո՞վ է պայմանավորված այն»,-գրել է նա։

Թվերի համադրում և իրական պատկերը  

Հունիսի 6-ի տվյալներով՝ ՆԳՆ հրապարակած ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 մլն 485 հազար 851 ընտրող, մինչդեռ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական ընտրացուցակներում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2 մլն 505 հազար 102։ 

ԿԸՀ-ում հունիսի 7-ին ընտրացուցակների ճշգրտման տվյալները ներկայացնելիս ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ևս նշել է, որ վերջնական ցուցակներում ընտրողների թիվը հասել է 2 մլն 505 հազար 102-ի։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ԿԸՀ-ում այսօր ներկայացրել է  ընտրացուցակների ճշգրտման տվյալները 

«Նախնական ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 2 միլիոն 480 հազար 321, իսկ վերջնական ցուցակներում այն հասել է 2 միլիոն 485 հազար 551-ի։ Թվի աճը բնական է, քանի որ նախնական ցուցակների հրապարակումից հետո բազմաթիվ քաղաքացիներ կարգավորել են փաստաթղթերի, հաշվառման կամ այլ վարչական հարցեր, ինչի արդյունքում ընդգրկվել են վերջնական ցուցակներում»,- ասել է Դավթյանը։

Այսպիսով, ՆԳՆ-ի հրապարակած  տվյալների և ԿԸՀ-ի վերջնական ընտրացուցակների միջև տարբերությունը կազմում է 19 551։

Ինչո՞վ է պայմանավորված տարբերությունը 

Ընտրողների թվերի տարբերությունը պայմանավորված է Ընտրական օրենսգրքով սահմանված կարգավորումներով։ ՆԳՆ-ի հրապարակած բաց ընտրողների ռեգիստրում ներառված չեն ընտրողների մի շարք խմբեր, որոնք հաշվառվում են առանձին ընթացակարգերով և հետագայում ավելացվում վերջնական ընտրացուցակներում։

Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ զորամասերում հաշվառված ընտրողների թիվը, ինչպես նաև նրանց ցուցակները հրապարակման ենթակա չեն։ Այդ ընտրողների վերաբերյալ տվյալները պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն և ՆԳՆ ոստիկանությունը ԿԸՀ են ներկայացնում առանձին կարգով, ինչից հետո դրանք ներառվում են ընտրողների վերջնական հաշվարկում։

Առանձին կարգով կազմվում և ԿԸՀ են ներկայացվում նաև քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների ցուցակները։

Բացի այդ, քվեարկության նախորդ օրը հրապարակվող տվյալներում ներառվում են ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողները և ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում գտնվող ընտրողները, որոնց թվերը նախնական հրապարակումներում առանձին չեն արտացոլվում։

Վերջնական ընտրացուցակներում հաշվառվում են նաև էլեկտրոնային եղանակով քվեարկող դիվանագիտական ծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք օրենքով սահմանված հիմքերով քվեարկության օրը ներառվում են լրացուցիչ ցուցակներում։

Հետևաբար, ՆԳՆ-ի հրապարակած ընտրողների ռեգիստրի և ԿԸՀ-ի վերջնական ընտրացուցակների միջև առկա տարբերությունը պայմանավորված է ընտրողների այն խմբերով, որոնց հաշվառումն իրականացվում է հատուկ ընթացակարգերով և տարբեր փուլերում։

Կա՞ կրկնակի քվեարկության վտանգ

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է մեխանիզմներ, որոնք ուղղված են ընտրողի կրկնակի ընդգրկումն ու քվեարկությունը բացառելուն։

Մասնավորապես, օրենսգրքի համաձայն՝ ընտրողը կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրողների ցուցակում և միայն մեկ անգամ։ Եթե ընտրողն ընդգրկվում է հատուկ կամ լրացուցիչ ցուցակում, նրա տվյալները հանվում են հիմնական ցուցակից։ Բացի այդ, էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ իրականացվում է ընտրողների տվյալների համադրում և վերահսկում՝ կրկնակի գրանցումները բացառելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում