15/19 ընտրատեղամասի քվեախցիկի հետևում դուռը կապարակնքված է եղել

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվում է լուսանկար Արմավիրի մարզի 15/19 ընտրատեղամասից, որտեղ քվեախցիկը տեղադրված է դռան դիմաց։
«Արմավիրի 15/19 տեղամասում քվեախցիկի հետևում դուռ կա, ինչն օրենքի խախտում է»,- գրել է ABC Media-ն՝ հրապարակելով ընտրատեղամասից լուսանկար։

Ընտրատեղամասը գտնվում է Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի մանկապարտեզի շենքում։ ABC Media-ի հրապարակած լուսանկարը արվել է ոչ թե տեղամասում գտնվող անձի կողմից, այլ վերցված է ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկի ուղիղ հեռարձակման կադրից։
#CivilNetCheck-ը կապ հաստատեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գրիշա Խուրշուդյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար:
Խուրշուդյանի խոսքով՝ քվեախցիկի հետևում գտնվող դուռը քվեարկությունից առաջ փակվել է, բանալին մանկապարտեզի տնօրենի մոտ է։ Այն նաև, ըստ ընթացակարգերի, կապարակնքվել է։
Մեզ հետ զրույցից հետո հանձնաժողովի նախագահը տրամադրեց նաև տեսանյութ, որը նկարահանված է դռան հակառակ կողմից։ Տեսանյութում երևում է, որ դուռը կապարակնքված է։
Փաստերի ստուգում
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck









