Կարապետյանը և Թաթոյանը Փաշինյանի՝ հաշվարկը չավարտված հաղթանակ տոնելը որակում են ընտրական ապօրինություն

Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը և Միասնության թևեր կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը անօրինական են որակում փաստը, որ քվեների հաշվարկը չավարտված Նիկոլ Փաշինյանը հայտարարում է հաղթանակի մասին։
Կեսգիշերն անց՝ ժամը 2-ին, Քաղաքացիական պայմանագրի շտաբում հրավիրած ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր հաղթանակի մասին այն դեպքում, երբ ընդհանուր հնարապետությոնում հաշվարկված էր քվեների դեռ միայն մոտ 15 տոկոսը։ Տե՛ս՝ Փաշինյանը հայտարարեց հաղթանակի մասին քվեների մոտ 15 տոկոս հաշվարկի պայմաններում։
Գիշերը ժամը 3-ին իր առանձնատանը հրավիրած ասուլիսին Կարապետյանը ընտրությունները որակեց «խայտառակ»։
«Դուք բոլորդ այս մեկ ամսում տեսաք ինչ հալածանքների ենք մենք ենթարկվում, ինչ բռնությունների ենք մենք ենթարկվում։ Մեզանից, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի այսօր կալանավորված է, 700-ից ավել մարդ ձերբակալված են, ձերբակալվել են»,- ասաց նա։Նրա խոսքով՝ իշխանությունները չհանգստանալով՝ «որոշեցին ընտրության օրը անհասկանալի գործերով զբաղվել».
«Աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում են՝ մենք առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները, տեսնելով որ խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են, և ամեն րոպե նվազում են։ Իրենք կանգնեցրին հաշվարկը, և մենք նույնիսկ չենք հասկանում առավոտյան ինչ են ներկայացնելու։ Ես ուզում եմ ձեզ ասել բոլորիդ՝ վստահ եղեք ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն»։
Կարապետյանի խոսքով՝ ընդամենը 30 տոկոս տվյալներ ունենալով՝ հայտարարում են, որ արդեն հաղթել են։ «30 տոկոսը ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են, հենց սկսվեց քաղաքների արդյունքները, իրենք սկսեցին շատ մեծ թափով նվազել, դրա համար անցան հատուկ գործողությունների։ Մենք նույնիսկ պատկերացում չունենք՝ ինչ գործողությունների, դրա համար ես ուզեցի տեղյակ պահեմ, որ ապօրինությունները շարունակվում են, անհասկանալի ընտրությունները շարունակվում են։ Անպայման առավոտյան վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք նոր կարող ենք ասել և հայտարարությամբ հանդես կգանք ընտրական ընտրության արդյունքների մասին և նորից մեր կարծիքը կհայտնենք»։
Կարապետյանի պնդմամբ Մեղրիում ընտրախախտումներ են տեղի ունեցել քվեարկությունից հետո։ «Դուք տեսնում եք ինչ են անում նույնիսկ գիշերվա ժամը 12-ին. Մեղրի տանում են ընտրատեղամաս զինվորականներին, որ քվեարկություն անեն անպայման ցանկություն ունենալով հաղթել այս ընտրապայքարում»
Միասնության Թևեր կուսակցության Արման Թաթոյանի ևս խիստ քննադատել է հաշվարկը չավարտված հաղթանակի մասին հայտարարությունը։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է.
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները:
Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10%-ն էլ ամփոփած չէ: Ավելին, Երևանի ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքները չկան մինչև հիմա: Բոլոր թարմացումներն անկանոն են փոխվում, անհասկանալի է ինչ հաճախականությամբ: Ավելին, թվերը պարբերաբար նվազում ու ավելանում են:
Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին. նման լիազորություն չունի վարչապետը: Սա օրենքի կոպիտ խախտում է:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է»:
Կազմակերպություն
Հասանելի է
english









